ԹՎՈՑ15
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց.
  • 2Երբոր մտնէք ձեր բնակութեան երկիրը, որն ես ձեզ կ’տամ,
  • 3Եւ պատարագ մատուցանէք Եհովային ողջակէզ կամ զոհ մէկ ուխտ կատարելու կամ կամաւոր ընծայի համար կամ ձեր տօներին, որ Եհովային անոյշ հոտ նուիրէք արջառներից կամ ոչխարներից,
  • 4Այն ժամանակ մատուցանողը մատուցանէ իր պատարագը Եհովային հացի նուէրի համար հիմենի չորրորդ մասը իւղով զանգուած մէկ տասանորդ բարակ ալիւր։
  • 5Եւ հիմենի չորրորդ մասը գինի թափելու նուէր անես ողջակէզի կամ զոհի հետ մէկ գառի համար.
  • 6Կամ մի խոյի համար՝ հացի նուէր անես երրորդ մասը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր.
  • 7Եւ թափելու նուէրի համար հիմենի երրորդ մասը գինի մատուցանես անոյշ հոտ Եհովայի համար։
  • 8Եւ երբոր Եհովային զուարակ մատուցանես իբրեւ ողջակէզ կամ զոհ ուխտ կատարելու համար՝ կամ խաղաղութեան պատարագի համար,
  • 9Այն ժամանակ զուարակի հետ կէս հիմէն իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւրից հացի նուէր մատուցանես.
  • 10Եւ գինի մատուցանես թափելու նուէրի համար կէս հիմէն. Սա Եհովայի համար անուշահոտ պատարագ է։
  • 11Ամեն մէկ հատ զուարակի կամ խոյի համար՝ կամ ոչխարի կամ այծի համար այսպէս լինի։
  • 12Ձեր պատրաստելու թիւին համեմատ նորանց թիւին համեմատ ամեն մէկն այնպէս անէք։
  • 13Երկրի ամեն բնակը այս բաներն այսպէս անէ, Եհովային անուշահոտ պատարագ մատուցանելու համար։
  • 14Եւ եթէ ձեզ մօտ պանդխտացած օտարականը՝ կամ ձեր ազգերի մէջ ձեր մէջ բնակողը՝ Եհովայի համար անուշահոտ պատարագ անելու լինի, ձեր արածի պէս նա էլ այսպէս անէ։
  • 15Ով ժողովք, ձեզ համար եւ պանդխտացած օտարականի համար մէկ կանոն լինի, ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոնով, ինչպէս դուք՝ այնպէս լինի օտարականն էլ Եհովայի առաջին։
  • 17Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 18Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբ որ այն երկիրը մտնէք, ուր որ ես ձեզ կ’տանեմ,
  • 19Եւ լինի որ երբ այն երկրի հացիցն ուտէք, բարձրացնելու ընծայ մատուցանէք Եհովային.
  • 20Ձեր առաջին խմորիցը մի շօթ բարձրացնելու պատարագ մատուցանէք. կալի բարձրացնելու պատարագի պէս սա էլ բարձրացնէք։
  • 21Ձեր առաջին խմորիցը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային ձեր ազգերումը։
  • 22Իսկ եթէ սխալուիք եւ չ’անէք այս բոլոր պատուիրանքները՝ որ Եհովան ասեց Մովսէսին,
  • 23Որ ամենը ձեզ պատուիրեց Եհովան Մովսէսի ձեռքովը այն օրից որ Եհովան պատուիրեց եւ այնուհետեւ մինչեւ ձեր ազգերը.
  • 24Եւ լինի որ եթէ ժողովքը չ’իմանալով սխալմամբ յանցանք գործէ, այն ժամանակ բոլոր ժողովքը Եհովայի համար իբր անուշահոտ ողջակէզ մէկ զուարակ մատուցանէ եւ նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը ըստ օրինի եւ իբր մեղքի պատարագ այծերիցը մէկ նոխազ։
  • 25Եւ քահանան քաւութիւն անէ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի համար, եւ թողութիւն լինի նորանց, որովհետեւ սխալմունք էր, եւ նորանք իրանց պատարագը Եհովային պատարագ բերեն եւ իրանց մեղքի պատարագը Եհովայի առաջին, իրանց սխալմունքի համար։
  • 26Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի եւ նորանց մէջը պանդխտացած օտարականներին թողութիւն կ’լինի, որովհետեւ բոլոր ժողովրդի համար սխալմունք էր։
  • 27Եւ եթէ մի անձ սխալմամբ մեղք գործէ, այն ժամանակ մեղքի պատարագի համար մէկ տարեկան էգ այծ բերէ։
  • 28Եւ քահանան քաւութիւն անէ սխալմամբ մեղք գործող անձի համար, Եհովայի առաջին սխալմամբ մեղք գործելիս նորա համար քաւութիւն անէ եւ նորան թողութիւն կ’լինի։
  • 29Իսրայէլի որդկանց միջի բնակի համար, եւ նորանց մէջ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք ունենաք սխալմամբ մեղք գործողի համար։
  • 30Բայց այն անձը որ բարձրացրած ձեռքով մեղք գործէ՝ թէ երկրի բնակը լինի թէ օտարական՝ նա Եհովային է նախատում, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։
  • 31Որովհետեւ Եհովայի խօսքը արհամարհեց եւ նորա պատուիրանքը զանց արաւ. Այն անձը անպատճառ պիտի կորչի. նորա անօրէնութիւնը իր վերայ լինի։
  • 32Եւ երբ Իսրայէլի որդիքը անապատումն էին, մի մարդ գտան՝ շաբաթ օրը փայտ ժողովելիս։
  • 33Եւ այն փայտ ժողովողին գտնողները նորան բերին Մովսէսի եւ Ահարօնի եւ բոլոր ժողովքի մօտ։
  • 34Եւ բանտարկեցին նորան, որովհետեւ վճռուած չէր, թէ ինչ պէտք է անուէր նորան։
  • 35Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի, բոլոր ժողովքը բանակիցը դուրս քարերով քարկոծեն նորան։
  • 36Եւ բոլոր ժողովքը բանակիցը դուրս հանեցին նորան եւ քարերով քարկոծեցին նորան, եւ նա մեռաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 37Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 38Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց, որ իրանց համար ծոպեր շինեն իրանց հանդերձների քղանցքների վերայ իրանց ազգերի մէջ. Եւ քղանցքի ծոպերի վերայ մի կապոյտ ժապաւէն դնեն։
  • 39Եւ այն ձեզ համար ծոպ լինի, որ դուք տեսնէք այն եւ Եհովայի բոլոր պատուիրանքները ձեր միտքը բերէք եւ անէք նորանց ու չ’հետեւէք ձեր սրտերին եւ ձեր աչքերին, որոնց ետեւից դուք մոլորվում էք.
  • 40Որպէս զի ձեր միտքը բերէք եւ անէք իմ բոլոր պատուիրանքները եւ սուրբ լինէք ձեր Աստուծոյ համար։
  • 41Ես եմ ձեր Եհովայ Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի, որ ձեզ համար Աստուած լինեմ. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
← Ցանկ