ԹՎՈՑ11
  • 1Եւ ժողովուրդը չարաչար տրտունջ էր անում Եհովայի ականջների առաջին, եւ Եհովան լսեց, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նորանց մէջ Եհովայի կրակը վառուեցաւ, եւ բանակի, ծայրը փչացրեց։
  • 2Եւ ժողովուրդը աղաղակեց դէպի Մովսէսը. Եւ Մովսէսն աղօթեց Եհովային, եւ կրակը դադարեց։
  • 3Եւ այն տեղի անունը Տաբերա դրաւ, ըստ որում Եհովայի կրակն այրեց նորանց մէջ։
  • 4Եւ նորանց միջի խառնիճաղանճ բազմութիւնը շատ ցանկացան. Եւ Իսրայէլի որդիքն էլ դարձեալ լաց եղան, եւ ասեցին. Ո՞վ միս կ’տայ մեզ ուտելու։
  • 5Մենք յիշում ենք Եգիպտոսի մէջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը եւ պրասները եւ սոխերը եւ սխտորները.
  • 6Եւ հիմա մեր անձը չորացել է. Ամենեւին մի բան չ’կայ. Միայն այդ մանանայի վերայ են մեր աչքերը։
  • 7Եւ մանանան գինձի սերմի պէս՝ եւ նորա գոյնը սուտակի գոյնի պէս էր։
  • 8Ժողովուրդը ման էր գալիս եւ ժողովում էր, եւ աղում էին երկանքով, կամ անգանի մէջ ծեծում էին. Եւ պտուկներում եփում էին, եւ նորանից շօթեր էին շինում. Եւ նորա համը իւղոտ գաթաների համի պէս էր։
  • 10Եւ Մովսէսը լսեց որ ժողովուրդը իրանց տոհմերովն ամեն մէկն իր վրանի դրանը լաց էին լինում, եւ Եհովայի բարկութիւնը խիստ բորբոքուեց, եւ սա Մովսէսի աչքին վատ երեւացաւ։
  • 11Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ի՞նչու քո ծառային չարչարեցիր, եւ ի՞նչու քո առաջին շնորհք չ’գտայ, որ այս բոլոր ժողովրդի բեռն իմ վերայ դրիր։
  • 12Մի՞թէ ես եմ յղացել այս բոլորը, կամ ե՞ս եմ ծնել սորանց որ ինձ ասում ես. Գիրկդ առ նորանց, ինչպէս որ դայեակն է առնում կաթնակեր տղային, մինչեւ այն երկիրը որ նորանց հայրերին երդում արիր։
  • 13Ինձ ո՞ր տեղից է միսը, որ այս բոլոր ժողովրդին տամ, որովհետեւ ինձ դէմ լաց են լինում եւ ասում. Միս տուր մեզ ուտենք։
  • 14Ես մենակ չեմ կարող կրել այս բոլոր ժողովուրդը, սա ինձ համար շատ ծանր է։
  • 15Եւ եթէ ինձ այսպէս պիտի անես, խնդրեմ սպանիր մեռցրու ինձ, եթէ շնորհք գտայ քո առաջին, որ իմ չարիքը չ’տեսնեմ։
  • 16Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինձ համար Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի ժողովիր, որոնք որ դու գիտես թէ ժողովրդի ծերերն ու գլխաւորներն են, եւ նորանց վեր առ ժողովքի խորանը բեր, եւ այնտեղ քեզ հետ կանգնեն։
  • 17Եւ ես այնտեղ կ’իջնեմ եւ կ’խօսեմ քեզ հետ. Եւ քեզ վերայ եղած հոգուցը կ’առնեմ, եւ նորանց վերայ կ’դնեմ եւ ժողովրդի բեռը վեր կ’առնեն քեզ հետ, եւ դու մենակ չես վեր առնիլ։
  • 18Եւ ասիր ժողովրդին, էգուցուայ համար սրբուեցէք որ միս էք ուտելու, որովհետեւ Եհովայի ականջներին լացիք՝ ասելով. Ո՞վ մեզ միս կ’տայ ուտելու. Որովհետեւ Եգիպտոսում լաւ էր մեզ համար. Եւ Եհովան ձեզ միս կ’տայ, եւ դուք կ’ուտէք։
  • 19Ոչ թէ մենակ մէկ օր պիտի ուտէք, եւ ոչ երկու օր՝ ոչ հինգ օր՝ ոչ տասը օր՝ ոչ էլ քսան օր,
  • 20Այլ մինչեւ մէկ ամիս ժամանակ, մինչեւ որ ձեր քթերից դուրս գայ եւ ձեզ համար զզուանք լինի. Որովհետեւ ձեր մէջտեղը եղող Եհովային արհամարհեցիք, եւ նորա առաջին լացիք՝ ասելով. Ի՞նչու մենք Եգիպտոսիցը դուրս եկանք։
  • 21Եւ Մովսէսն ասեց. Այս ժողովուրդը, որոնց մէջ ես կամ, վեց հարիւր հազար հետեւակ հոգի են, եւ դու ասեցիր. Ես նորանց միս կ’տամ՝ որ մէկ ամիս ժամանակ ուտեն.
  • 22Միթէ նորանց համար ոչխարներն ու արջառները մորթուի՞ն որ բաւական լինեն նորանց համար, կամ նորանց բաւական լինելու համար ծովի բոլոր ձկները մէկ տեղ հաւաքուի՞ն։
  • 23Եւ Եհովան ասեց Մովսէսին. Մի՞թէ կարճ է Եհովայի ձեռքը. Հիմա կ’տեսնես թէ քեզ ասածիս պէս կ’լինի՞, թէ ոչ։
  • 24Եւ Մովսէսը վեր կացաւ եւ Եհովայի խօսքերը խօսեց ժողովրդին. Եւ ժողովրդի ծերերից եօթանասուն հոգի ժողովեց, եւ կանգնեցրեց նորանց խորանի շուրջը։
  • 25Եւ Եհովան իջաւ մի ամպով, եւ նորա հետ խօսեց, եւ նորա վերայ եղած հոգուցն առաւ, եւ այն եօթանասուն ծերերի վերայ դրաւ. Եւ եղաւ՝ հէնց որ Հոգին նորանց վերայ հանգչեց՝ մարգարէութիւն արին եւ չ’դադարեցին։
  • 26Եւ երկու հոգի մնացել էին բանակի մէջ՝ մէկի անունը Ելդադ եւ միւսի անունը Մովդադ, եւ Հոգին հանգչեց նորանց վերայ, եւ նորանք այն գրուողներիցն էին, բայց խորանը չէին եկել. Եւ բանակումը մարգարէութիւն էին անում։
  • 27Եւ մի պատանի վազեց եւ պատմեց Մովսէսին եւ ասեց. Ելդադը եւ Մովդադը մարգարէութիւն են անում բանակումը։
  • 28Եւ Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ ծառան պատասխանեց եւ ասեց. Տէր իմ Մովսէս, արգելիր նորանց։
  • 29Եւ Մովսէսն ասեց նորան. Ի՞նձ համար ես նախանձում. երանի՜ թէ Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարէներ լինէին, եւ Եհովան իր Հոգին նորանց վերայ դնէր։
  • 30Եւ Մովսէսը բանակը քաշուեցաւ ինքը եւ Իսրայէլի ծերերը։
  • 31Եւ Եհովայի կողմանէ մի հողմ վեր կացաւ եւ ծովի կողմից լորամարգիներ բերաւ եւ բանակի վերայ մէկ օրուայ ճանապարհ մէկ կողմից՝ եւ մէկ օրուայ ճանապարհ միւս կողմից բանակի շուրջը տարածեց, երկրի երեսի վերայից երկու կանգունի չափ բարձր։
  • 32Եւ ժողովուրդն այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը եւ հետեւեալ բոլոր օրը վերկացաւ լորամարգիներ ժողովեցին. Քիչ ժողովողը տասը քոռ ժողովեց. Եւ իրանց համար բանակի շուրջը փռեցին, որ չորանայ։
  • 33Դեռ միսն իրանց ատամների վերայ էր՝ տակաւին չ’ծամուած, որ Եհովայի բարկութիւնը ժողովրդի վերայ բորբոքուեց եւ Եհովան խիստ մեծ հարուածով զարկեց ժողովրդին։
  • 34Եւ այն տեղի անունը Կիբրօթ-հաթթաւայ դրուեցաւ, որովհետեւ այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։
  • 35Կիբրօթ-հաթթաւայից Ասերովթ չուեց ժողովուրդը, եւ Ասերովթի մէջ էին։
← Ցանկ