ԹՎՈՑ10
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Քեզ համար երկու հատ արծաթի փող շինէ. Ճախարակեայ շինես նորանց, որ ժողովքը կանչելու համար եւ բանակների չուելու համար լինեն քեզ համար։
  • 3Եւ երբոր նորանց երկուսը հնչեցնեն, բոլոր ժողովքը քեզ մօտ ժողովուին ժողովքի խորանի դուռը։
  • 4Եւ եթէ մէկը հնչեցնեն, իշխանները՝ Իսրայէլի հազարապետները քեզ մօտ պիտի ժողովուին։
  • 5Եւ երբոր ազդարարութեան համար հնչեցնէք, արեւելքումն իջեւան անող բանակները չուեն։
  • 6Եւ երբոր երկրորդ անգամ ազդարարութիւն հնչեցնէք, հարաւային կողմումն իջեւան անող բանակները չուեն. Նորանց չուելու համար ազդարարութիւն հնչեցնեն։
  • 7Եւ ժողովուրդը ժողովելիս պիտի հնչեցնէք, բայց ազդարարութիւն չ’անէք։
  • 8Ահարօնի որդիքը՝ քահանաները հնչեցնեն փողերը, եւ սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի ձեզ համար։
  • 9Եւ եթէ պատերազմի գնաք ձեր երկրի մէջ ձեզ նեղութիւն տուող թշնամու դէմ, փողերով ազդարարութիւն անէք, եւ դուք կ’յիշուիք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր թշնամիներիցը կ’ազատուիք։
  • 10Եւ ձեր ուրախութեան օրը՝ եւ ձեր տօների եւ ձեր ամսագլուխների փողերը հնչեցնէք ձեր ողջակէզների վերայ եւ ձեր խաղաղութեան զոհերի վերայ, որ ձեզ համար յիշատակ լինեն ձեր Աստուծոյ առաջին. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 11Եւ եղաւ երկրորդ տարին երկրորդ ամսի քսանին, որ վկայութեան խորանի վերայից ամպը վերացաւ։
  • 12Եւ Իսրայէլի որդիքն իրանց գնացքի համեմատ չուեցին Սինայ անապատից եւ ամպը կանգնեց Փառանի անապատումը։
  • 13Եւ առաջի անգամը չուեցին Եհովայի հրամանին համեմատ որ Մովսէսի ձեռքով տրուած էր։
  • 14Եւ առաջ չուեց Յուդայի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամինադաբի որդի Նաասոնն էր։
  • 15Եւ Իսաքարի որդկանց ցեղի գունդի վերայ Սովգարի որդի Նաթանայէլն էր։
  • 16Եւ Զաբուղոնի որդկանց ցեղի գունդի վերայ Քեղոնի որդի Եղիաբն էր։
  • 17Եւ խորանն իջեցրին եւ չուեցին խորանը վեր առնող Գերսոնի որդիքը եւ Մերարիի որդիքը։
  • 18Եւ չուեց Ռուբենի բանակի դրօշակն իրանց գունդերովը, եւ նորա գունդի վերայ Սեդիուրի որդի Եղիսուրն էր։
  • 19Եւ Շմաւոնի որդկանց ցեղի գունդի վերայ Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։
  • 20Եւ Գադի որդկանց ցեղի գունդի վերայ Դագուէլի որդի Եղիասափն էր։
  • 22Եւ չուեց Եփրեմի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամիուդի որդի Եղիսաման էր։
  • 23Եւ Մանասէի որդկանց ցեղի գունդի վերայ Փադասուրի որդի Գամաղիէլն էր։
  • 24Եւ Բենիամինի որդկանց ցեղի վերայ Գեդէօնիի որդի Աբիդանն էր։
  • 25Եւ չուեց Դանի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը բոլոր բանակների ետեւից եւ նորա գունդի վերայ Ամիսադայի որդի Աքիեզերն էր։
  • 26Եւ Ասերի որդկանց ցեղի գունդի վերայ Եքրանի որդի Փագիէլն էր։
  • 27Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղի գունդի վերայ Ենանի որդի Աքիրէն էր։
  • 28Այս էր Իսրայէլի որդկանց չուելն իրանց գունդերովը, եւ չուեցին։
  • 29Եւ Մովսէսն ասեց Յոբաբին այսինքն Մադիանացի Ռագուէլի որդուն, որ Մովսէսի աներն էր. Մենք չուում ենք այն տեղ՝ որի համար Եհովան ասեց թէ Ձեզ եմ տալու այն. Մեզ հետ եկ եւ բարիք կ’անենք քեզ. Որովհետեւ Եհովան Իսրայէլի հետ բարիք խօսեց։
  • 30Եւ նա ասեց նորան. Չեմ գալ, այլ կ’գնամ իմ երկիրը եւ իմ ազգականների մօտ։
  • 31Եւ նա ասեց. Խնդրեմ մեզ մի թողիր. Որովհետեւ անապատի մէջ մեր իջեւան անելու տեղերը գիտես, եւ մեզ համար աչք եղիր։
  • 32Եւ եթէ մեզ հետ գնալու լինես, ինչ բարութիւն որ Եհովան մեզ բարիք անէ, մենք էլ քեզ նոյն բարութիւնը կ’անենք։
  • 33Եւ նորանք Եհովայի սարիցը երեք օրուայ ճանապարհ չուեցին. Եւ Եհովայի ուխտի տապանակն երեք օրուայ ճանապարհ չուեց նորանց առաջին նորանց համար հանգստութեան տեղ գտնելու։
  • 34Եւ Եհովայի ամպը նորանց վերայ էր ցերեկները՝ երբ բանակից չուում էին։
  • 35Եւ տապանակը չուելիս Մովսէսն ասում էր. Վեր կաց, Եհովայ, եւ ցրւուեն քո թշնամիները եւ փախչեն քեզ ատողները քո առաջից։
  • 36Իսկ նա մնալիս՝ ասում էր. Դարձիր, Եհովայ, դէպի Իսրայէլի հազարների բիւրաւորները։
← Ցանկ