ԱՆԳԵ1
- 1Դարեհ թագաւորի երկրորդ տարին՝ վեցերորդ ամսուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը Յուդայի իշխան Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուին, ասելով.
- 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Այս ժողովուրդն ասում է. Ժամանակը չէ եկել՝ Տիրոջ տունը շինուելու ժամանակը։
- 3Եւ Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.
- 4Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ։
- 5Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։
- 6Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չ’հանգցրիք, հագնուեցաք, բայց չ’տաքացաք. Եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով։
- 7Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։
- 8Վեր ելէք սարը եւ փայտ բերէք, եւ տունը շինեցէք. Այն ժամանակ ես կ’հաւանեմ դորան եւ կ’փառաւորուիմ, ասում է Տէրը։
- 9Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, եւ բերիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ի՞նչու համար, ասում է Զօրաց Տէրը. Իմ տան համար, որ աւերակ է. Իսկ ձեզանից իւրաքանչիւրը վազ է տալիս իր տան համար։
- 10Սորա համար ձեզ վերայ երկինքը պիտի արգիլէ ցօղը եւ երկիրը պիտի արգիլէ իր պտուղը։
- 11Եւ ես երաշտութիւն կանչեցի երկրի վերայ եւ սարերի վերայ, եւ ցորենի վերայ, եւ քաղցուի վերայ եւ իւղի վերայ, եւ երկրի բերքի վերայ, եւ մարդկանց վերայ ու անասունների վերայ, եւ ձեռքի բոլոր վաստակի վերայ։
- 12Այն ժամանակ լսեց Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր. Եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։
- 13Եւ Տիրոջ դեսպան Անգէն ասեց Տիրոջ դեսպանութեամբը ժողովրդին, ասելով. Ես ձեզ հետ եմ, ասում է Տէրը։
- 14Եւ Տէրը զարթեցրեց Յուդայի իշխան՝ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի հոգին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուի հոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդի հոգին եւ գնացին ու գործ գործեցին իրանց Զօրաց Տէր Աստուծոյ տանը,
- 15Վեցերորդ ամսի քսանեւչորսին՝ Դարեհ թագաւորի երկրորդ տարին։