ՍՈՓՈՆԻԱ3
  • 1Վա՜յ ապստամբին եւ պիղծին, հարստահարող քաղաքին։
  • 2Չ’լսեց ձայնին, խրատ չ’ընդունեց, Տիրոջը չ’ապաւինեց, իր Աստուծուն չ’մօտեցաւ։
  • 3Նորա իշխանները նորա մէջ մռնչող առիւծներ են, նորա դատաւորները երեկոյեան գայլեր են, որոնք մի բան չեն թողում առաւօտուայ համար։
  • 4Նորա մարգարէքը սնապարծ՝ խարդախ մարդիկ են, նորա քահանայքը պղծում են սրբարանը, բռնաբարում են օրէնքը։
  • 5Տէրը արդար է նորա մէջ, նա անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ, բայց անիրաւը ամօթ չ’գիտէ։
  • 6Ազգերը ես բնաջինջ եմ արել, ամայացել են նորանց աշտարակները, անապատացրել եմ նորանց փողոցները, որ անցնող չ’կայ, աւերակ են դառել նորանց քաղաքները անմարդ եւ անբնակ։
  • 7Ասեցի. Միայն վախենայիր ինձանից՝ խրատ ընդունէիր. Եւ նորա բնակարանը բնաջինջ չի դառնալ, որքան էլ որ նորան պատժելու լինեմ։ Սակայն նորանք կանուխ վեր կացան եւ ապականեցին իրանց բոլոր արարքը։
  • 8Ուրեմն ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. Որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. Որովհետեւ իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը։
  • 9Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։
  • 10Եթէովպիայի գետերի այն կողմից պիտի իմ երկրպագողները՝ իմ ցրուածների աղջիկը ինձ ընծայ բերեն։
  • 12Եւ քո միջումը պիտի մնացորդ թողեմ մի խոնարհ եւ աղքատ ժողովուրդ, եւ նորանք պիտի յուսան Տիրոջ անուանը։
  • 13Իսրայէլի մնացորդը անօրէնութիւն չեն անելու, եւ սուտ չեն խօսելու, եւ նորանց բերանումը խաբեբայութեան լեզու չի գտնուելու, որովհետեւ նորանք պիտի արածեն եւ մակաղեն, եւ վախեցնող չի լինիլ։
  • 14Ցնծա, ով Սիօնի աղջիկ, աղաղակիր, ով Իսրայէլ. Ուրախացիր ու զուարճացիր բոլոր սրտով, ով Երուսաղէմի աղջիկ։
  • 15Տէրը վեր առաւ քո դատաստանները. Նա վռնտել է քո թշնամիին, Իսրայէլի թագաւորը՝ Տէրը քո միջումն է, այլ եւս չարիք չես տեսնելու։
  • 16Այն օրը Երուսաղէմին պիտի ասուի. Մի վախենար. Ով Սիօն, ձեռքերդ չ’թուլանան։
  • 17Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։
  • 18Հանդիսաւոր տօների մասին տրտմածներին պիտի ժողովեմ, նորանք քեզանից են. Նորանց վերայ բեռ է նախատինքը։
  • 19Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը։
  • 20Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ, եւ այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ. Որովհետեւ ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կ’դարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։
← Ցանկ