ԱՄԲԱԿՈՒՄ1
  • 1Այն պատգամը, որ տեսաւ Ամբակում մարգարէն։
  • 2Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես։
  • 3Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. Եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում։
  • 4Սորա համար օրէնքը խափանուել է եւ իրաւունքը մշտատեւ չէ հանդիսանում, որովհետեւ ամբարիշտը շրջապատում է արդարին. Դորա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։
  • 5Նայեցէք ազգերի մէջ եւ տեսէք, եւ զարմանալով հիացէք, որ մի գործ է գործում ձեր օրերումը, որ չէք հաւատալ եթէ պատմուի։
  • 6Որովհետեւ ահա ես յարուցանում եմ Քաղդէացիներին, այն դառն ու արագընթաց ազգը, որ գնում է դէպի երկրի լայնութիւնները, որ տիրէ իրանը չ’եղող բնակութիւններին։
  • 7Նա սոսկալի եւ ահարկու է, նորա դատաստանն ու իշխանութիւնը նորանից դուրս կ’գայ։
  • 9Ամենքը զրկանքի համար են գալիս, իրանց երեսների յարձակմունքը դէպի առաջ է, եւ աւազի չափով գերիներ պիտի ժողովէ։
  • 10Եւ նա ծաղր պիտի անէ թագաւորներին, եւ իշխանները նորա խաղալիկը պիտի լինեն, նա ծիծաղելու է ամեն ամրոցի վերայ, որովհետեւ նա հող է դիզելու եւ նորան առնելու է։
  • 11Այն ժամանակ միտքը պիտի փոխուի եւ հպարտանայ ու յանցաւոր դառնայ, իբր թէ իր այս զօրութիւնը իր աստուծունն է։
  • 12Ահա դու ի յաւիտենից ես, ով իմ Տէր Աստուած, իմ Սուրբը. Մենք չենք մեռնելու։ Ով Տէր, դու նորան դատաստանի համար ես դրել. Եւ ով Վէմ, դու նորան յանդիմանութեան համար ես հաստատել։
  • 13Դու, որ աչքերդ մաքուր են չարութիւն տեսնելուց, եւ անիրաւութեան մտիկ տալ չես կարող, ի՞նչու ես մտիկ տալիս նենգաւորներին, եւ լռում՝ ամբարիշտն իրանից արդարին կուլ տալիս։
  • 14Եւ մարդս շինել ես ծովի ձկների պէս, սողունների պէս՝ որոնց վերայ տիրող չ’կայ։
  • 15Նորանց ամենին հանել է կարթով, նորանց քաշում է իր ուռկանովը, եւ նորանց ժողովում է իր ցանցովը, դորա համար ուրախանում է եւ ցնծում։
  • 16Դորա համար զոհ է մատուցանում իր ուռկանին եւ խունկ ծխում՝ իր ցանցին. Որովհետեւ նորանցով պարարտ է նորա բաժինը, եւ նորա կերակուրը պարարտացրուածն է։
  • 17Արդե՞օք այս պատճառով նա դատարկէ իր ուռկանը, եւ միշտ ազգերը խեղդէ առանց խղճալու։
← Ցանկ