ՄԻՔԻԱ5
  • 1Հիմա դու քեզ գունդ կազմիր, ով գնդի աղջիկ, պաշարումն է դրուել մեզ վերայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի դատաւորի ծնօտին։
  • 2Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է։
  • 3Դորա համար նորանց պիտի ձգէ մինչեւ ծնանողի ծնելու ժամանակը, եւ նորա եղբայրների մնացորդը ետ պիտի դառնայ Իսրայէլի որդկանց մօտ։
  • 4Եւ նա պիտի կանգնէ եւ հովուէ Տիրոջ ոյժովը, իր Տէր Աստուծոյ անուան մեծափառութեամբը, եւ նորանք պիտի բնակուեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը։
  • 5Եւ սա խաղաղութիւն պիտի լինի, Ասորեստանցին երբոր մեր երկիրը մտնէ, եւ երբոր ման գայ մեր պալատներումը, այն ժամանակ մենք կ’կանգնեցնենք որա դէմ եօթը հովիւ եւ ութ իշխան մարդ։
  • 6Եւ նորանք պիտի հովուեն Ասորեստանի երկիրը սրով եւ Նեբրովթի երկիրը՝ իր դռներովը, եւ նա պիտի ազատէ Ասորեստանցիներիցը, երբոր նորանք մեր երկիրը մտնեն եւ ման գան մեր սահմաններումը։
  • 7Եւ Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, այն շաղին պէս որ գալիս է խոտի վերայ, որ մարդի չէ սպասում, եւ մարդի որդկանց չէ յուսում։
  • 8Եւ Յակոբի մնացորդը ազգերի մէջ պիտի լինի շատ ժողովուրդների մէջ, ինչպէս առիւծն անտառի անասունների մէջ, ինչպէս կորիւնը ոչխարների հօտերի մէջ, որ եթէ անցնէ ու կոխ տայ եւ պատառէ, ազատող չի լինիլ։
  • 9Թող ձեռքդ բարձրանայ քո թշնամիների վերայ, եւ քո բոլոր ոսոխները բնաջինջ կ’լինեն։
  • 10Եւ պիտի լինի այն օրը որ պիտի բնաջինջ անեմ քո ձիերը քո միջիցը եւ պիտի կորցնեմ քո կառքերը։
  • 11Եւ պիտի բնաջինջ անեմ քո երկրի քաղաքները, եւ պիտի քանդեմ քո բերդերը։
  • 12Եւ պիտի բնաջինջ անեմ քո ձեռից կախարդութիւնները, եւ գուշակողներ պիտի չ’ունենաս դու։
  • 13Եւ պիտի բնաջինջ անեմ քո դրօշեալները եւ քո արձանները քո միջիցը, եւ այլ եւս չես երկրպագիլ քո ձեռաց գործերին։
  • 14Եւ պիտի կործանեմ քո Աստարովթները քո միջիցը, եւ պիտի փչացնեմ քո քաղաքները։
  • 15Եւ վրէժ պիտի կատարեմ բարկութեամբ եւ սրտմտութեամբ այն ազգերին որոնք չեն լսում։
← Ցանկ