ՀՈՎՆԱՆ2
  • 1Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը.
  • 2Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. Անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։
  • 3Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. Եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։
  • 4Եւ ես ասեցի՝ Ես վռնտուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին։
  • 5Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ։
  • 6Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. Բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը, ով իմ Տէր Աստուած։
  • 7Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը։
  • 8Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են։
  • 9Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. Արած խոստմունքս պիտի կատարեմ. փրկութիւնը Տիրոջն է։
← Ցանկ