ԱԲԴԻԱ1
← Ցանկ
  • 1Աբդիայի տեսիլքը։ Այսպէս է ասում Տէր Եհովան Եդովմի մասին. Լուր լսեցինք Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերի մէջ թէ վեր կացէք, որ նորա վերայ պատերազմի վեր կենանք։
  • 2Ահա քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, դու շատ անարգուած ես։
  • 3Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կ’իջեցնէ ինձ երկիրը։
  • 4Թէեւ արծիւի պէս բարձրանաս, եւ թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։
  • 5Եթէ գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ի՜նչպէս կործանուեցար.) մի՞թէ չէին գողանալ որքան իրանց բաւական է. եթէ կ’թողներ գային քեզ մօտ, մի՞թէ չէին թողել ճիռեր։
  • 6Ի՜նչպէս քննուեցաւ Եսաւը. որոնուեցան նորա ծածուկ տեղերը։
  • 7Մինչեւ սահմանն ուղարկեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, քեզ խաբեցին՝ քեզ յաղթեցին քեզ հետ խաղաղութիւն ունեցողները, քո հացը որոգայթ դրին քո տակին. հասկացողութիւն չ’կայ նորանում։
  • 8Ահա այն օրը, ասում է Տէրը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, եւ հանճարը՝ Եսաւի սարիցը։
  • 9Եւ քո զօրաւորները պիտի զարհուրեն, ով Թեման, որպէս զի մարդ բնաջինջ լինի Եսաւի սարիցը սպանուելով։
  • 10Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան։
  • 11Դու հանդէպ կանգնած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա զօրքը, եւ օտարազգիները մտան նորա դռները, եւ Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորանց մէկի նման էիր։
  • 12Եւ պիտի մտիկ չ’անէիր քո եղբօր օրը՝ նորա օտարի օրը, եւ պիտի չ’ուրախանայիր Յուդայի որդկանց վերայ նորանց կորստեան օրը, եւ պիտի չ’մեծացնէիր բերանդ նորանց նեղութեան օրը։
  • 13Դու պիտի չ’մտնէիր իմ ժողովրդի դռնովը նորանց թշուառութեան օրը, դու էլ պիտի մտիկ չ’անէիր նորա ձախորդութեանը՝ նորա թշուառութեանը օրը, եւ պիտի ձեռք չ’երկարացնէիր նորա ապրանքին նորա թշուառութեան օրը։
  • 14Եւ պիտի չ’կանգնէիր ճանապարհի գլխին նորա ազատուածներին բնաջինջ անելու համար, եւ պիտի չ’մատնէիր նորա մնացածները նեղութեան օրը։
  • 15Որովհետեւ մօտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վերայ, ինչպէս որ դու արիր, քեզ էլ այնպէս պիտի անեն. քո հատուցումը ետ պիտի դառնայ քո գլխին։
  • 16Որովհետեւ ինչպէս որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վերայ, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ, նորանք պիտի խմեն ու կլանեն, եւ չեղածի պէս դառնան։
  • 17Բայց Սիօն սարի վերայ փրկուածներ կ’լինեն, եւ նա սրբութիւն է լինելու. եւ Յակոբի տունը պիտի ստանայ իր ստացուածքները։
  • 18Եւ Յակոբի տունը կրակ պիտի լինի եւ Յովսէփի տունը՝ բոց, եւ Եսաւի տունը՝ յարդ, եւ պիտի վառուին նորանց մէջ եւ ուտեն նորանց, եւ Եսաւի տունը մնացորդ չի ունենալ. որ Տէրն է խօսել։
  • 20Եւ Իսրայէլի որդկանց այս զօրքի գերիները՝ Քանանացիների երկրին մինչեւ Սարեփթա, եւ Երուսաղէմի գերիները՝ որ Սեփարաթումն են, նորանք պիտի տիրեն հարաւային քաղաքներին։
  • 21Եւ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը, Եսաւի սարը դատելու համար. եւ Տիրոջը պիտի լինի թագաւորութիւնը։
← Ցանկ