ԱՄՈՎՍ8
  • 1Այսպէս ցոյց տուաւ ինձ Տէր Եհովան, եւ ահա մի կողով ամառային պտուղ.
  • 2Եւ ասեց. Դու ի՞նչ ես տեսնում, ով Ամովս. Եւ ես ասեցի՝ Մի կողով ամառային պտուղ. Եւ Տէրն ինձ ասեց. Վերջը եկել է իմ Իսրայէլ ժողովրդի վերայ, այլ եւս չեմ անց կենալ միւսանգամ նորա մօտով։
  • 3Եւ պիտի ողբան տաճարի երգերը այն օրը, ասում է Տէր Եհովան. շա՜տ դիակներ, ամեն տեղ ձգուած՝ լուռ։
  • 4Լսեցէք այս, ով դուք տնանկին կլանողներ, եւ երկրի աղքատներին փչացնելու ցանկացողներ.
  • 5Որ ասում էք. Ե՞րբ է անցնելու ամսագլուխը, որ ցորեն վաճառաշահենք, եւ շաբաթը՝ որ բանանք հացի շտեմարանները, որ փոքրացնենք արդուն եւ մեծացնենք սիկղը, եւ նենգենք խարդախութեան կշիռքը։
  • 6Որ փողով ծախու առնենք աղքատներին, եւ տնանկներին մի զոյգ կօշիկով. Եւ ցորենի խոտանովը շահավաճառուենք։
  • 7Տէրը երդում արաւ Յակոբի մեծ վայելչութիւնովը, թէ նորանց բոլոր գործերը յաւիտեան չեմ մոռանալու։
  • 8Մի՞թէ այս բանի վերայ երկիրը չի դողալ, եւ սուգ բռնիլ ամեն նորանում բնակողը. Եւ վեր պիտի գնայ Նեղոսի պէս նորա ամենը, եւ պիտի քշուի եւ ոռոգուի Եգիպտոսի Նեղոսի պէս։
  • 9Եւ այն օրը պիտի լինի, ասում է Տէր Եհովան, որ արեգակը մար եմ մտցնելու կէս օրին, եւ խաւարեցնելու եմ երկրի համար լոյս օրին։
  • 10Եւ ձեր տօները պիտի սուգի դարձնեմ, եւ ձեր բոլոր երգերը՝ ողբի. Եւ ամեն մէջքի վերայ քուրձ պիտի դնեմ, եւ ամեն գլխի վերայ՝ կնտութիւն, եւ պիտի անեմ ինչպէս մէկ հատիկի սուգ, եւ նորա վախճանը դառնութեան օրուայ պէս։
  • 11Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու։
  • 12Եւ պիտի թափառեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք, եւ նորանք պիտի ման գան Տիրոջ խօսքը որոնելու համար, եւ պիտի չ’գտնեն։
  • 13Այն օրը պիտի նուաղեն գեղեցիկ կոյսերը եւ երիտասարդները ծարաւով.
  • 14Որոնք երդնում են Սամարիայի յանցանքովը եւ ասում. Կենդանի է քո աստուածը, ով Դան, եւ կենդանի է Բերսաբէէի ճանապարհը. Նորանք պիտի ընկնեն եւ այլեւս վեր չ’կենան։
← Ցանկ