ԱՄՈՎՍ6
  • 1Վա՜յ Սիօնումն ապահով նստողներին, եւ Սամարիայի սարի վերայ վստահացողներին, ազգերի գլխաւոր նշանաւորներին, որոնց մօտ գալիս է Իսրայէլի տունը։
  • 2Անցէք Քաղանէ եւ տեսէք, եւ այնտեղից գնացէք մեծ Եմաթը, եւ Փղշտացիների Գէթը իջէք. մի՞թէ լաւ են այս թագաւորութիւններից, կամ նորանց սահմանը մե՞ծ է ձեր սահմանից։
  • 3Վա՜յ նորանց որ չար օրը հեռի են համարում, եւ մօտեցնում բռնութեան աթոռը,
  • 4Որ պառկում են փղոսկրեայ անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից՝ որթերը։
  • 5Որ խաղ են ասում տաւիղի ձայնակցութեամբ, Դաւիթի նման նուագարաններ հնարում։
  • 6Որ բաժակներովը գինի են խմում, եւ գլխաւոր իւղով օծվում, եւ չեն ցաւում Յովսեփի բեկման վերայ։
  • 7Դորա համար հիմա պիտի գերի գնան առաջի գերիների հետ. Եւ պիտի հեռանայ խրախճանացողների զուարճանքը։
  • 8Երդուել է Տէր Եհովան իր անձովը՝ ասում է Զօրաց Տէր Աստուածը, ես զզվում եմ Յակոբի պարծանքիցը, եւ ատում եմ նորա պալատները, եւ պիտի մատնեմ քաղաքն ու իր լիութիւնը։
  • 9Եւ եթէ լինի որ մէկ տան տասը մարդ մնալու լինեն, նորանք էլ պիտի մեռնեն։
  • 11Որովհետեւ ահա Տէրը հրամայում է, եւ նա պիտի փշուր փշուր անէ մեծ տունը, եւ փոքր տունը կոտրատէ։
  • 12Մի՞թէ ձիերը ապառաժի վերայ կ’վազեն, կամ թէ նա եզներով կ’հերկուի՞. Որ դուք դառնութեան էք փոխել իրաւունքը, եւ արդարութեան պտուղը՝ օշինդրի։
  • 13Դուք ոչինչ բանով ուրախացողներդ, որ ասում էք. Ահա մեր ոյժովը մեզ համար եղջիւրներ առանք։
  • 14Որովհետեւ ահա, ով Իսրայէլի տուն, ես ձեզ վերայ մի ազգ եմ վեր կացնում, ասում է Եհովայ Զօրաց Աստուածը, որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչեւ անապատի հեղեղատը։
← Ցանկ