ԱՄՈՎՍ5
  • 1Լսեցէք այս խօսքը, որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն։
  • 2Ընկաւ, այլեւս վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չ’ունի։
  • 3Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մնայ հարիւր, եւ հարիւր դուրս բերողումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար։
  • 4Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք։
  • 5Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ։
  • 6Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք, որ նա չ’յարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չ’ունենայ.
  • 7Դուք որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս.
  • 8Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, նորա անունը Եհովայ է։
  • 9Որ աւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ աւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս։
  • 10Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից։
  • 11Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. դուք սրբատաշ քարից տներ կ’շինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կ’տնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ։
  • 12Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ։
  • 13Դորա համար իմաստունը այն ժամանակ պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու։
  • 14Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կ’լինի, ինչպէս որ ասել էք։
  • 15Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին։
  • 17Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ ես պիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը։
  • 18Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս։
  • 19Ինչպէս որ մարդ կ’փախչէ առիւծի բերանից, եւ արջը կ’հանդիպէ նորան. կամ տունը կ’մտնէ ու ձեռքը կ’կռնեցնէ պատին, եւ օձը կ’կծէ նորան.
  • 20Ահա Տիրոջ օրը խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ եւ ոչ թէ պայծառութիւն ունի նա։
  • 21Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը։
  • 22Թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ։
  • 23Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չ’լսեմ տաւիղներիդ եղանակը։
  • 24Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս։
  • 25Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն։
  • 26Այլ դուք կրեցիք ձեր Մողոքի վրանը եւ ձեր Հռեմփայ աստուծոյ աստղը՝ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար։
  • 27Ուրեմն ձեզ գերի պիտի անել տամ Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, որի անունը Զօրաց Աստուած է։
← Ցանկ