ՂԵՒՏԱՑՈՑ9
  • 1Եւ եղաւ ութերորդ օրը որ Մովսէսը կանչեց Ահարօնին եւ նորա որդիներին եւ Իսրայէլի ծերերին.
  • 2Եւ ասեց Ահարօնին. Առ դու մեղքի պատարագի համար արջառներից մի զուարակ, եւ ողջակէզի համար մի խոյ. Անարատ լինին. Եւ Եհովայի առաջին մօտեցրու։
  • 3Եւ Իսրայէլի որդիների հետ խօսիր՝ ասելով. Առէք մեղքի պատարագի համար այծերից մի նոխազ եւ ողջակէզի համար մի զուարակ եւ մի գառն մէկ տարեկան. Անարատ լինին։
  • 4Նաեւ մի արջառ եւ մի խոյ իբր խաղաղութեան զոհ Եհովայի առաջին զոհելու համար, եւ իւղով զանգուած հացի նուէր. Որովհետեւ այսօր Եհովան ձեզ պիտի երեւայ։
  • 5Եւ Մովսէսի պատուիրածն առին բերին ժողովքի խորանի առաջը. Եւ բոլոր ժողովքը մօտեցան եւ կանգնեցին Եհովայի առաջին։
  • 6Եւ Մովսէսն ասեց. Այս է Եհովայի պատուիրած բանը. Այս արէք, եւ Եհովայի փառքը ձեզ կ’երեւայ։
  • 7Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մօտեցիր սեղանին, եւ արա քո մեղքի պատարագը եւ ողջակէզը, եւ քաւութիւն արա քեզ համար եւ ժողովրդի համար. Եւ արա ժողովրդի պատարագը եւ նորանց համար քաւութիւն արա՝ ինչպէս որ Եհովան պատուիրել էր։
  • 8Եւ Ահարօնը մօտեցաւ սեղանին, եւ մորթեց իր համար եղած մեղքի պատարագի զուարակը։
  • 9Եւ Ահարօնի որդիքը արիւնը մօտեցրին նորան. Եւ նա իր մատը արիւնին թաթախեց, եւ սեղանի եղջիւրներին քսեց. Եւ մնացած արիւնը թափեց սեղանի յատակի վերայ.
  • 10Բայց մեղքի պատարագից ճարպը եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը սեղանի վերայ այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 11Եւ միսն ու մորթը բանակիցը դուրս կրակով այրեց։
  • 12Եւ ողջակէզը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ նա սրսկեց նորան սեղանի վերայ շուրջանակի։
  • 14Եւ փորոտիքն ու ոտքերը լուացաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզի վերայ։
  • 15Եւ մօտեցրեց ժողովրդի ընծան, եւ առաւ ժողովրդի համար մեղքի պատարագի նոխազը, եւ մորթեց նորան, եւ մեղքի պատարագ արաւ առաջինի պէս։
  • 16Եւ ողջակէզը մօտեցրեց, եւ ըստ օրինի մատուցրեց։
  • 17Եւ հացի ընծան մօտեցրեց, եւ ձեռքը լցրեց նորանից եւ այրեց սեղանի վերայ, բացի առաւօտեան ողջակէզից։
  • 18Եւ ժողովրդի խաղաղութեան զոհի արջառն ու խոյը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկեց այն։
  • 19Եւ արջառից՝ ճարպերը եւ խոյիցը՝ դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը, եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը.
  • 20Եւ ճարպերը երբուծների վերայ դրին, եւ այրեց ճարպերը սեղանի վերայ։
  • 21Եւ Ահարօնը՝ երբուծները ու աջ զիստը երերացրեց Եհովայի առաջին երերացնելու պատարագ, ինչպէս որ Մովսէսը պատուիրել էր։
  • 22Եւ Ահարօնն իր ձեռքերը ժողովրդի վերայ բարձրացրեց, եւ օրհնեց նորանց. Եւ մեղքի պատարագն ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը մատուցանելուց յետոյ իջաւ։
  • 23Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանը մտան, եւ դուրս գալիս օրհնեցին ժողովուրդը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովրդին երեւեցաւ։
  • 24Եւ Եհովայի առաջիցը կրակ դուրս եկաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզը եւ ճարպերը. Եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, եւ իրանց երեսների վերայ ընկան։
← Ցանկ