ՂԵՒՏԱՑՈՑ7
  • 1Եւ այս է յանցանքի պատարագի օրէնքը. այս ամենասուրբ է։
  • 2Ողջակէզը մորթած տեղը մորթեն յանցանքի պատարագը. Եւ նորա արիւնը սրսկէ սեղանի վերայ շուրջանակի.
  • 3Եւ նորանից մատուցանէ բոլոր ճարպը՝ այսինքն դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը.
  • 4Եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի վերայի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։
  • 5Եւ քահանան այրէ սորանց սեղանի վերայ Եհովային պատարագ լինելու. Սա յանցանքի պատարագ է։
  • 6Քահանաների ամեն արուն ուտէ այն. Սուրբ տեղը ուտուի. սա ամենասուրբ է։
  • 7Ինչպէս է մեղքի պատարագը այնպէս է եւ յանցանքի պատարագը, նորանց օրէնքը մէկ է. Նորանով քաւութիւն անող քահանայինը լինի այն։
  • 8Եւ մի քահանայ որ մատուցանում է մէկի ողջակէզը, այն ողջակէզի մորթը այն քահանայինը լինի որ մատուցրեց։
  • 9Եւ բոլոր թոնիրի մէջ եփուած՝ եւ բոլոր կասկարայի մէջ եւ տապակի վերայ շինուած հացի նուէրը, նորա մատուցանող քահանայինը լինի։
  • 10Եւ ամեն իւղով զանգուած՝ կամ չոր հացի նուէրը՝ Ահարօնի բոլոր որդկանցը լինի. Իրար հաւասար են։
  • 11Եւ այս է Եհովային մատուցանելու խաղաղութեան զոհի օրէնքը.
  • 12Եթէ շնորհակալութեան համար մատուցանէ նորան, թող մատուցանէ շնորհակալութեան զոհի հետ իւղով զանգուած անխմոր շօթեր եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ եւ բարակ ալիւրից իւղով զանգուած՝ հունցուած շօթեր։
  • 13Շօթերի հետ խմորեալ հացի նուէր մատուցանէ՝ շնորհակալութեան համար եղած իր խաղաղութեան զոհի հետ։
  • 14Եւ նորանից այսինքն ամեն ընծաներից մէկ հատ բարձրացնելու ընծայ մատուցանէ Եհովային. Եւ սա խաղաղութեան զոհի արիւնը սրսկող քահանայինը լինի։
  • 15Եւ նորա շնորհակալութեան համար եղած խաղաղութեան զոհի միսը ուտուի մատուցրուած օրը. Նորանից մինչեւ առաւօտ չ’մնայ։
  • 16Եւ եթէ նորա պատարագը ուխտի համար է կամ կամաւոր զոհ է, զոհը մատուցած օրը ուտուի եւ մնացածը հետեւեալ օրը ուտուի։
  • 17Եւ զոհի մսիցը երրորդ օրուայ մնացածը կրակով այրուի։
  • 18Եւ եթէ իր խաղաղութեան զոհի մսից երրորդ օրն ուտուելու լինի, ընդունելի պիտի չ’լինի, նորա մատուցանողին պիտի չ’համարուի, պղծութիւն լինի, եւ նորանից ուտող անձը իր անօրէնութիւնը կրէ։
  • 19Եւ ամեն անմաքուր բանի դպած միսը պիտի չ’ուտուի, կրակով պիտի այրուի. Սակայն ամեն մաքուրը ուտէ միսը։
  • 20Բայց այն անձը՝ որ Եհովայի խաղաղութեան զոհիցը միս ուտէ եւ ինքն անմաքուր է, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի։
  • 22Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 23Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Բնաւ արջառի կամ ոչխարի կամ այծի ճարպ չ’ուտէք։
  • 24Եւ մեռած անասունի ճարպը՝ եւ պատառուածի ճարպը՝ ամեն գործի մէջ գործածուի, բայց բնաւ պիտի չ’ուտէք նորանից։
  • 25Որովհետեւ ով որ ուտելու լինի այն անասունի ճարպիցը, որ պատարագ է մատուցուել Եհովային, այն ուտող անձը իր ժողովրդիցը պիտի կորչի։
  • 26Եւ ձեր ամեն բնակարաններումը բնաւ արիւն պիտի չ’ուտէք, թէ թռչունի լինի եւ թէ անասունի։
  • 27Ամեն անձ որ ինչ եւ իցէ արիւն ուտէ, այն անձը իր ժողովրդիցը պիտի կորչի։
  • 28Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 29Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Իր խաղաղութեան զոհը Եհովային մատուցանողը՝ իր խաղաղութեան զոհիցը պատարագ բերէ Եհովային։
  • 30Եհովայի պատարագները իր ձեռքովը բերէ. Ճարպը երբուծովը բերէ, որ երբուծը երերացնելու պատարագի համար երերացնուի Եհովայի առաջին։
  • 31Եւ քահանան ճարպը այրէ սեղանի վերայ. Բայց երբուծը Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի։
  • 32Եւ աջ զիստը քահանային պիտի տաք՝ բարձրացնելու պատարագի համար ձեր խաղաղութեան զոհերիցը։
  • 33Ահարօնի որդիներից ով որ խաղաղութեան զոհի արիւնը եւ ճարպը մատուցանէ, աջ զիստը նորա բաժինը լինի։
  • 34Որովհետեւ նորանց խաղաղութեան զոհերիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը Իսրայէլի որդիներիցը վեր առի, եւ յաւիտենական կանոնով Իսրայէլի որդիներից՝ Ահարօն քահանային եւ նորա որդիներին տուի նորանց։
  • 35Սա Եհովայի պատարագներիցը Ահարօնի եւ նորա որդիների օծման համար է՝ նորանց Եհովային քահանայութիւն անելու մօտեցրած օրը։
  • 36Որ Եհովան պատուիրեց տալ նորանց՝ իրանց օծուած օրը՝ Իսրայէլի որդիներիցն իրանց ցեղերի մէջ յաւիտենական կանոնով։
  • 37Այս է ողջակէզի՝ հացի նուէրի եւ մեղքի պատարագի եւ յանցանքի պատարագի եւ ձեռք լցնելու եւ խաղաղութեան զոհի օրէնքը,
  • 38Որ Եհովան պատուիրեց Մովսէսին Սինա սարումը, այն օրը որ նա Իսրայէլի որդիներին պատուիրեց իրանց պատարագները Եհովային մատուցանելու Սինայի անապատումը։
← Ցանկ