ՂԵՒՏԱՑՈՑ26
  • 1Դուք ձեզ համար չաստուածներ եւ կուռքեր չ’շինէք, եւ ձեզ համար արձաններ չ’կանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չ’դնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 2Իմ շաբաթները պահէք, եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։
  • 3Եթէ իմ կանոններովը գնաք, եւ իմ պատուիրանքները պահէք՝ եւ նորանց գործ դնէք,
  • 4Ես էլ ձեր անձրեւները կ’տամ իրանց ժամանակին, եւ երկիրն իր արդիւնքը կ’տայ, եւ դաշտի ծառերն իրանց պտուղը կ’տան.
  • 5Եւ ձեր կալը կ’հասնէ մինչեւ այգեկութը, եւ այգեկութը մինչեւ վարելու ժամանակը կ’հասնէ. Եւ ձեր հացը կուշտ կ’ուտէք, եւ ձեր երկրի մէջ ապահովութեամբ կ’բնակուէք։
  • 6Եւ ես խաղաղութիւն կ’տամ երկրին, եւ հանգիստ կ’պառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. Եւ ես կ’վերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ ձեր երկրիցը սուր չի անցնիլ։
  • 7Եւ ձեր թշնամիներին կ’հալածէք, եւ նորանք սրով կ’ընկնեն ձեր առաջին։
  • 8Եւ ձեզանից հինգը հարիւրին պիտի հալածէ, եւ ձեզանից հարիւրը բիւրին պիտի հալածէ, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին։
  • 9Եւ ձեզ վերայ կ’նայեմ, եւ ձեզ կ’աճեցնեմ եւ կ’շատացնեմ, եւ ձեզ հետ կ’հաստատեմ իմ ուխտը։
  • 10Եւ հին պաշար կ’ուտէք, եւ հինը եկող նորի առջեւից դուրս կ’հանէք։
  • 11Եւ ես իմ խորանը ձեր մէջ կ’դնեմ, եւ իմ հոգին ձեզանից չի զզուիլ.
  • 12Եւ ձեր մէջը ման կ’գամ, եւ ձեզ համար Աստուած կ’լինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կ’լինէք։
  • 13Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառայ չ’լինէք, եւ ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի։
  • 14Բայց եթէ ինձ չ’լսէք եւ այս բոլոր պատուիրանքները չ’կատարէք,
  • 15Եւ իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չ’անէք, եւ իմ ուխտը դրժէք.
  • 16Ես էլ սա կ’անեմ ձեզ, ձեր վերայ կ’ուղարկեմ տագնապ եւ ծիւրական ախտը եւ տենդը՝ որ աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ ձեր սերմը դարտակ տեղը կ’սերմէք. Որովհետեւ ձեր թշնամիները կ’ուտեն նորան,
  • 17Եւ իմ երեսը ձեզ վերայ կ’դարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կ’սպանուիք. Եւ ձեզ ատողները կ’իշխեն ձեզ վերայ, եւ կ’փախչէք առանց մէկը ձեզ հալածելու։
  • 18Եւ եթէ մինչեւ այսքանը ինձ չ’լսէք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ եօթնապատիկ կ’պատժեմ.
  • 19Եւ ձեր զօրութեան հպարտութիւնը կ’կոտրեմ, եւ ձեր երկինքը երկաթի պէս՝ եւ ձեր երկիրը պղնձի պէս կ’անեմ։
  • 20Եւ ձեր ոյժը դարտակ տեղը կ’վերջանայ, եւ ձեր երկիրն իր արդիւնքը չի տալ, եւ երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ։
  • 21Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չ’ուզէք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ եօթնապատիկ հարուածք կ’աւելացնեմ ձեզ վերայ։
  • 22Եւ ձեզ վերայ կ’ուղարկեմ դաշտի գազանները, եւ ձեզ անզաւակ կ’անեն, եւ ձեր անասունները կ’ջարդեն, եւ ձեզ կ’քիչացնեն. Եւ ձեր ճանապարհները անապատ կ’դառնան։
  • 23Եւ եթէ սորանցով էլ չ’խրատուիք ինձանից եւ ինձ հետ խոտորնակ վարուիք,
  • 25Եւ ձեզ վերայ կ’ուղարկեմ իմ ուխտի վրէժն առնող սուրը, եւ ձեր քաղաքների մէջ կ’ժողովուիք, եւ ձեր մէջը ժանտախտ կ’ուղարկեմ, եւ թշնամու ձեռքը կ’մատնուիք։
  • 26Ես ձեր հացի ցուպը կոտրելիս՝ տասը կնիկ մէկ թոնիրում կ’թխեն ձեր հացը, եւ ձեր հացը կշռով ետ կ’տրուի ձեզ. Եւ կ’ուտէք ու չէք կշտանալ։
  • 27Եւ եթէ սորանցով էլ ինձ չ’լսէք, այլ խոտորնակ վարուիք ինձ հետ,
  • 28Այն ժամանակ ես էլ ձեզ հետ բարկութեամբ խոտորնակ կ’վարուիմ, եւ ձեր մեղքերի համար եօթնպատիկ կ’պատժեմ ձեզ.
  • 29Եւ ձեր որդիների միսը կ’ուտէք, եւ ձեր աղջկանց միսը կ’ուտէք։
  • 30Եւ ձեր բարձր տեղերը կ’քանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կ’փչացնեմ, եւ ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կ’դնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի զզուի։
  • 31Եւ ձեր քաղաքները աւերակ՝ եւ ձեր սուրբ տեղերը ամայի կ’անեմ, եւ ձեր անոյշ հոտը չեմ հոտոտալ։
  • 32Եւ երկիրը ամայի կ’անեմ, եւ այնտեղ բնակուող ձեր թշնամիները կ’զարմանան նորա վերայ։
  • 33Եւ ձեզ ազգերի մէջ կ’ցրուեմ, եւ ձեր ետքից սուր կ’քաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կ’լինի, եւ ձեր քաղաքները աւերակ կ’լինեն։
  • 34Այն ժամանակ երկիրն իր ամայութեան բոլոր օրերն իր շաբաթները կ’վայելէ, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կ’լինիք. Երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով՝ իր շաբաթները կ’հաճեցնէ.
  • 35Իրան ամայութեան բոլոր օրերը պիտի հանգստանայ. Որովհետեւ ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբոր նորա վերայ բնակվում էիք։
  • 36Եւ ձեզանից մնացեալների սրտին թողում կ’բերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ քամուց շարժուած տերեւի ձայնը պիտի հալածէ նորանց, եւ սուրի բերանից փախչելու պէս՝ պիտի փախչեն նորանք, եւ հալածող չ’եղած՝ պիտի ընկնեն։
  • 37Եւ սուրի երեսից փախչելու պէս իրար վերայ պիտի ընկնեն՝ հալածող չ’եղած, եւ պիտի չ’կարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել։
  • 38Եւ ազգերի մէջ պիտի կորչէք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտէ։
  • 39Եւ ձեզանից մնացեալներն իրանց անօրէնութիւնովը պիտի հալուին ձեր թշնամիների երկիրներումը. Նաեւ իրանց հայրերի անօրէնութիւններովը մէկտեղ պիտի հալուին։
  • 40Եւ եթէ խոստովանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել,
  • 41Որ նաեւ ես նորանց հետ խոտորնակ վարուեցի, եւ նորանց իրանց թշնամիների երկիրը տարի. Եթէ այն ժամանակ նորանց անթլփատ սիրտը խոնարհուի եւ իրանց անօրէնութեանը պատժին յօժարուեն.
  • 42Այն ժամանակ կ’յիշեմ Յակոբի հետ արած իմ ուխտը, նաեւ Իսահակի հետ արած իմ ուխտը, եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կ’յիշեմ, եւ այն երկիրն էլ կ’յիշեմ։
  • 43Եւ այն երկիրը պիտի թողուի նորանցից, եւ իր շաբաթները պիտի հաճեցնէ, նորանցից ամայի մնալիս. Եւ նորանք իրանց անօրէնութեանը պատիժ պիտի յօժարեն. Հէնց բուն նորա համար որ իմ դատաստաններն անարգեցին, եւ նորանց հոգիներն իմ կանոններիցը զզուեցին։
  • 44Բայց եւ այսու ամենայնիւ երբոր իրանց թշնամիների երկրումը լինեն, նորանց չեմ մերժիլ, եւ նորանցից չեմ զզուիլ նորանց բոլորովին կորցնելու՝ եւ նորանց հետ արած ուխտս ջնջելու չափ. Որովհետեւ ես եմ Եհովան նորանց Աստուածը։
  • 45Բայց նորանց համար պիտի յիշեմ նախնիքի ուխտը, որոնց Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ ազգերի առաջին նորանց Աստուած լինելու համար. Ես եմ Եհովան։
  • 46Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը Սինա սարումը Մովսէսի ձեռքով։
← Ցանկ