ՂԵՒՏԱՑՈՑ24
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Պատուիրիր Իսրայէլի որդիներին՝ որ ծեծած մաքուր ձէթ բերեն քեզ մօտ լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։
  • 3Ժողովքի խորանի մէջ՝ վկայութեան վարագոյրից դուրս միշտ Ահարօնը պատրաստէ այն՝ իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի։
  • 4Ճրագները մաքուր աշտանակի վերայ Եհովայի առաջին միշտ պատրաստէ։
  • 5Եւ բարակ ալիւր առնես, եւ նորանով տասնեւերկու շօթ թխես. Ամեն մէկ շօթը երկու տասանորդից պիտի լինի։
  • 6Եւ նորանք դնես Եհովայի առաջին մաքուր սեղանի վերայ՝ երկու կարգով դնես՝ կարգը վեց հատ։
  • 7Եւ ամեն մի կարգի վերայ զուտ կնդրուկ դնես, որ հացի վերայ պատարագի յիշատակ լինի Եհովայի համար։
  • 8Ամեն շաբաթ օր նա պատրաստէ նորան միշտ Եհովայի առաջին Իսրայէլի որդիների կողմանէ յաւիտենական ուխտով։
  • 10Եւ մի Իսրայէլացի կնկան որդի դուրս գնաց, որի հայրը Եգիպտացի էր Իսրայէլի որդիների մէջ, եւ կռուեցին բանակումը այն Իսրայէլացի կնկան որդին եւ մի Իսրայէլացի մարդ։
  • 11Եւ այն Իսրայէլացի կնկան որդին հայհոյեց Եհովայի անուանը եւ անիծեց. Եւ Մովսէսի մօտ բերին նորան. Եւ նորա մօր անունը Սաղոմիթ էր, Դանի ցեղիցը՝ Դաբրիի աղջիկը։
  • 12Եւ բանտարկեցին նորան, մինչեւ որ Եհովայի հրամանը յայտնուի իրանց,
  • 13Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 14Այն հայհոյողին բանակիցը դուրս հանիր, եւ բոլոր լսողներն իրանց ձեռքերը դնեն նորա գլխին, եւ բոլոր ժողովքի քարկոծեն նորան։
  • 15Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես ասելով. Ամեն ով որ իր Աստուծոյն անիծէ, նա իրան մեղքը պիտի կրէ։
  • 16Եւ Եհովայի անունը հայհոյողը անպատճառ պիտի մեռցնուի. Բոլոր ժողովքն անպատճառ քարկոծեն նորան. Ինչպէս օտարականը նոյնպէս եւ երկրացին, Եհովայի անունը հայհոյողը պիտի մեռցնուի։
  • 17Եւ այն մարդը, որ մարդ սպանէ, անպատճառ պիտի մեռցնուի։
  • 18Եւ նա որ անասուն սպանէ, պիտի հատուցանէ նոյնի տեղ նոյնը։
  • 19Եւ եթէ մի մարդ իր դրացուն մի խեղութիւն պատճառէ, ինչպէս որ արել է՝ իրան էլ այնպէս անեն.
  • 20Կոտրելու տեղ կոտրել, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ինչպէս որ նա այն մարդին խեղութիւն է պատճառել, այնպէս էլ պիտի լինի իրան։
  • 21Եւ անասուն սպանողը պիտի հատուցանէ այն. Բայց մարդ սպանողը պիտի մեռցնուի։
  • 22Օտարականին էլ երկրացու պէս՝ ձեր օրէնքը մէկ պիտի լինի. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 23Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ. Եւ այն անիծող մարդին բանակիցը դուրս հանեցին եւ քարերով քարկոծեցին նորան. Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
← Ցանկ