ՂԵՒՏԱՑՈՑ21
- 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր Ահարօնի որդիներին՝ քահանաների հետ եւ ասիր նորանց. Մի քահանայ մի անձի համար անմաքուր չ’լինի իր ժողովրդի մէջ.
- 2Բայց միայն իր մօտ ազգականի համար, այսինքն իր մօր եւ իր հօր եւ իր որդու եւ իր աղջկան եւ իր եղբօր համար,
- 3Եւ իր կոյս քրոջ համար որ մօտ է իրան՝ մարդի տրուած չէ, նորա համար թող անմաքուր լինի։
- 4Նա իր ժողովրդի մէջ գլխաւոր լինելով անմաքուր պիտի չ’դառնայ իրան պղծելով։
- 5Իրանց գլխներին գերծելով կնտութիւն չ’անեն, եւ իրանց մօրուքի եզերքը չ’ածիլեն, եւ իրանց մարմնի վերայ վէտեր չ’անեն.
- 6Սուրբ պիտի լինեն իրանց Աստուծոյն. Եւ իրանց Աստուծոյ անունը չ’պղծեն. Որովհետեւ Եհովայի պատարագներն՝ իրանց Աստուծոյ հացն են մատուցանում. Ուրեմն սուրբ լինեն։
- 7Պոռնիկ կամ պղծուած կնիկ չ’առնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չ’առնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։
- 8Եւ պիտի սրբես նորան. Որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։
- 9Եւ եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. Նա կրակով պիտի այրուի։
- 10Եւ իր եղբայրներիցը մեծ եղող քահանան՝ որի գլխին թափուել է օծման իւղը եւ ձեռքը լցուել է որ զգեստները հագնէ, իր գլուխը պիտի չ’բանայ, եւ իր հանդերձները չ’պատառէ.
- 11Եւ մի մեռած մարդի մօտ չ’գնայ, ոչ էլ իր հօր կամ իր մօր համար անմաքուր լինի։
- 12Եւ սրբարանիցը դուրս չ’գայ եւ իր Աստուծոյ սրբարանը չ’պղծէ. Որովհետեւ իր Աստուծոյ օծման իւղի պսակն իր վերայ է. Ես եմ Եհովան։
- 13Եւ նա մի կոյս պիտի կնիկ առնէ։
- 14Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չ’առնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ,
- 15Որ իր սերունդը չ’պղծէ իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորան։
- 16Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 17Խօսիր Ահարօնին եւ ասիր. Քո սերունդիցն իրանց ազգերի մէջ ով որ իր վերայ արատ ունենայ, թող չ’մօտենայ իր Աստուծոյ հացը մատուցանելու.
- 18Որովհետեւ ոչ մի մարդ որ արատ ունենայ, պիտի չ’մօտենայ. Կոյրը կամ կաղը՝ կամ կարճունչը՝ կամ ականջատը,
- 19Կամ ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,
- 20Կամ սապատողը կամ բարակացածը կամ աչքը հատ ընկածը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը կամ փոշտանակը.
- 21Ահարօն քահանայի սերունդիցն արատ ունեցող մի մարդ չ’մօտենայ Եհովայի պատարագները մատուցանելու. Նա արատաւոր է. Իր Աստուծոյ հացը մատուցանելու չ’մօտենայ։
- 22Նա իր Աստուծոյ հացն ուտէ՝ ամենասուրբ բաներիցը եւ սուրբ բաներիցը.
- 23Միայն վարագոյրի մօտ չ’մտնէ եւ սեղանին չ’մօտենայ, ըստ որում արատ ունի. Եւ իմ սուրբ բաները չ’պղծէ, որովհետեւ նորանց սրբող Եհովան ես եմ։
- 24Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա որդիների հետ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ։