ՂԵՒՏԱՑՈՑ20
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Նաեւ Իսրայէլի որդիներին ասես. Իսրայէլի որդիներիցը եւ Իսրայէլի մէջ պանդխտացող օտարականներից ով որ իր զաւակներիցը Մողոքին տայ, անպատճառ պիտի մեռցնուի. Այն երկրի ժողովուրդը քարերով քարկոծեն նորան։
  • 3Եւ ես իմ երեսն այն մարդի վերայ պիտի դարձնեմ, եւ նորան իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ, որովհետեւ նա իր զաւակներիցը Մողոքին է տուել իմ սրբարանը պղծելու եւ իմ սուրբ անունը անարգելու համար։
  • 4Եւ եթէ այն մարդն իր զաւակներիցը Մողոքին տալիս այն երկրի ժողովուրդը աչքերը խփէ, որ նորան չ’մեռցնեն,
  • 5Այն ժամանակ ես իմ երեսը պիտի դարձնեմ այն մարդի վերայ եւ նորա ընտանիքի վերայ, եւ պիտի կորցնեմ նորան եւ Մողոքի հետ պոռնկութիւն անելու համար այն մարդի ետեւից բոլոր գնացողներին իրանց ժողովրդի միջիցը։
  • 6Եւ այն անձն էլ որ վհուկների եւ հմայողների դառնայ նորանցով պոռնկանալու համար՝ իմ երեսը պիտի նորա վերայ դարձնեմ, եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը։
  • 7Ուրեմն սրբեցէք ձեր անձերը, ու սուրբ եղէք, ըստ որում ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 8Եւ իմ կանոնները պահեցէք, ու արէք նորանց. ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ։
  • 9Ով որ իր հօրը կամ իր մօրն անիծէ, անպատճառ պիտի մեռցնուի. Նա իր հօրը կամ իր մօրը անիծել է, նորա արիւնը իր վերայ լինի։
  • 10Եւ ով որ մի ուրիշ մարդի կնոջ հետ շնութիւն անէ, իր դրացու կնոջ հետ շնութիւն անողը անպատճառ պիտի մեռցնուի. Շնացող մարդն էլ՝ շնացեալ կնիկն էլ։
  • 11Եւ ով որ իր հօր կնոջ հետ պառկէ, իր հօր մերկութիւնը բացել է. Անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
  • 12Եւ եթէ մի մարդ իր հարսի հետ պառկէ, անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. գարշութիւն են արել. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
  • 13Եւ եթէ մի մարդ կնկան հետ պառկելու պէս մի արուի հետ պառկէ, երկուսն էլ պղծութիւն արին. Անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
  • 14Եւ եթէ մի մարդ մի կնիկ եւ նորա մայրն էլ առնէ, անօրէնութիւն է. Նորան էլ՝ նորանց էլ կրակով այրեն, որ ձեր մէջը անօրէնութիւն չ’լինի։
  • 15Եւ եթէ մի մարդ անասնի հետ պառկէ՝ անպատճառ պիտի մեռցնուի, եւ անասունը սպանէք։
  • 16Եւ եթէ մի կնիկ որ եւ իցէ անասնի հետ զուգաւորուելու համար նորան մօտենայ, կնիկն էլ՝ անասունն էլ պիտի սպանես. Նորանք անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
  • 17Եւ եթէ մի մարդ իր քրոջն առնէ՝ այսինքն իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկը, եւ նորա մերկութիւնը տեսնէ, եւ աղջիկն էլ նորա մերկութիւնը տեսնէ. Չարութիւն է. Նորանք իրանց ժողովրդի աչքի առջեւից պիտի կորչեն. Նա իր քրոջ մերկութիւնը բացաւ. Իր անօրէնութիւնը պիտի կրէ։
  • 18Եւ եթէ մի մարդ մի կնկան հետ պառկէ որ իր դաշտանումն է, եւ նորա մերկութիւնը բանայ, նա նորա աղբիւրը բացաւ, կնիկն էլ իր արեան աղբիւրը բացաւ. Երկուսն էլ իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։
  • 19Եւ քո մօր քրոջ կամ քո հօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. որովհետեւ նա իր ազգականի մերկութիւնն է բանում, իրանց անօրէնութիւնը պիտի կրեն։
  • 20Եւ եթէ մի մարդ իր հօր եղբօր կնոջ հետ պառկէ, իր հօր եղբօր մերկութիւնը բացաւ. Նորանք իրանց մեղքը պիտի կրեն. Անզաւակ պիտի մեռնեն։
  • 21Եւ եթէ մի մարդ իր եղբօր կինն առնէ, պղծութիւն է նա. Նա իր եղբօր մերկութիւնն է բանում. Անզաւակ պիտի լինեն։
  • 22Եւ իմ բոլոր կանոնները եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց որ դուրս չ’փսխէ ձեզ այն երկիրն ուր որ ձեզ պիտի տանեմ այնտեղ բնակուելու։
  • 23Եւ չ’գնաք այն ազգերի սովորութիւններովը, որոնք ես ձեր առաջիցը պիտի քշեմ. Որովհետեւ այս բոլոր բաներն արին նորանք, եւ ես զզուեցի նորանցից.
  • 24Եւ ասեցի ձեզ. Նորանց երկիրը դուք պիտի ժառանգէք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացուածք լինելու համար՝ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում. Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ որոշեցի ձեզ ազգերիցը։
  • 25Ուստի տարբերութիւն արէք մաքուր եւ անմաքուր անասունների մէջտեղը՝ եւ անմաքուր ու մաքուր թռչունների մէջտեղը, եւ ձեր անձերը չ’պղծէք անասուններով կամ թռչուններով կամ գետնի վերայի բոլոր սողուններով, որոնք ես որոշեցի ձեզ համար իբրեւ անմաքուր։
  • 26Եւ դուք սուրբ պիտի լինէք ինձ համար, որովհետեւ ես Եհովաս սուրբ եմ եւ ձեզ որոշեցի ազգերիցը որ իմը լինէք։
  • 27Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
← Ցանկ