ՂԵՒՏԱՑՈՑ18
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 3Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չ’անէք. Եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չ’անէք, ու նորանց կանոնների համեմատ չ’գնաք։
  • 4Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 5Եւ պահեցէք իմ կանոններն եւ իմ դատաստանները. ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կ’ապրէ. ես եմ Եհովան։
  • 6Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ’մօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։
  • 8Քո հօր կնոջ մերկութիւնը չ’բանաս. Նա քո հօր մերկութիւնն է։
  • 9Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չ’բանաս։
  • 10Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չ’բանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։
  • 11Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չ’բանաս։
  • 12Քո հօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. Նա քո հօր արիւնակիցն է։
  • 13Քո մօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։
  • 14Քո հօր եղբօր մերկութիւնը չ’բանաս, նորա կնոջը չ’մօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։
  • 15Քո հարսի մերկութիւնը չ’բանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չ’բանաս։
  • 16Քո եղբօր կնոջ մերկութիւնը չ’բանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։
  • 17Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չ’բանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չ’առնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։
  • 18Եւ մի կնիկ իր քրոջ հետ չ’առնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։
  • 19Եւ կնկան չ’մօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։
  • 20Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չ’պառկես, նորա հետ պղծուելով։
  • 21Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չ’թողես, եւ քո Աստուծոյ անունը չ’պղծես. Ես եմ Եհովան։
  • 22Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չ’պառկես. Պղծութիւն է այդ։
  • 23Եւ ոչ մի անասունի հետ չ’զուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չ’կանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ։
  • 24Սորանց ոչ մէկովը չ’պղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։
  • 25Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։
  • 26Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չ’անէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը.
  • 27Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ.
  • 28Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չ’փսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։
  • 29Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։
  • 30Եւ իմ հրամանները պահէք, որ ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չ’անէք, եւ նորանցով չ’պղծուիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը։
← Ցանկ