ՂԵՒՏԱՑՈՑ13
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 2Եթէ մի մարդի մարմնի մորթումը ուռեցք կամ քոս կամ պաղպաջ լինի եւ նորա մարմնի մորթումը բորոտութեան ախտ դառնայ, այն ժամանակ նա Ահարօն քահանայի կամ նորա որդիների՝ քահանաների մէկի մօտ տարուի։
  • 3Եւ քահանան նայէ մարմնի մորթում եղած ախտին. Եւ եթէ ախտի միջի մազերը սպիտակի է փոխուել, եւ ախտը մարմնի մորթիցը խոր է երեւում, բորոտութեան ախտ է այն. Եւ քահանան պիտի նայէ նորան՝ եւ անմաքուր հրատարակէ նորան։
  • 4Իսկ եթէ նորա մարմնի մորթի մէջ պաղպաջը սպիտակ է՝ եւ մորթիցը խոր չէ երեւում, եւ մազն էլ սպիտակի չէ փոխուել, այն ժամանակ քահանան եօթը օր արգելուած պահէ ախտակիրին։
  • 5Եւ քահանան եօթներորդ օրը նայէ նորան, եւ եթէ ախտը իր կերպովը մնում է, եւ մորթի մէջ չէ տարածուել, այն ժամանակ քահանան եօթն օր էլ արգելուած պահէ նորան։
  • 6Եւ քահանան եօթներորդ օրը դարձեալ նայէ նորան, եւ եթէ ախտը շլացած լինի, եւ մորթի մէջ տարածուած չ’լինի, քահանան նորան մաքուր հրատարակէ. Դա քոս է, եւ նա իր հանդերձները լուանայ, եւ մաքուր է։
  • 7Բայց եթէ քոսը տարածուելու լինի մորթումը նորա մաքրուելու համար քահանայից նայուելուց յետոյ, քահանային դարձեալ պիտի երեւայ։
  • 8Եւ քահանան նայէ, եւ եթէ քոսը մորթումը տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. Բորոտութիւն է։
  • 9Երբոր մի մարդի վերայ բորոտութեան ախտը լինի, նա քահանայի մօտ պիտի տարուի։
  • 10Եւ քահանան պիտի նայէ. Եւ եթէ մորթի մէջ սպիտակ ուռեցք կայ՝ եւ սպիտակի է փոխուել մազը՝ եւ ուռեցքի մէջ ողջ մսի կտոր կայ,
  • 11Սա նորա մարմնի մորթումը հնացած բորոտութիւն է, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ, արգելուած չ’պահէ նորան, որովհետեւ անմաքուր է նա։
  • 12Եւ եթէ բորոտութիւնը տարածուել է մորթի մէջ, եւ ախտակիրի բոլոր մորթը գլխիցը մինչեւ ոտքը, այսինքն քահանայի աչքերի բոլոր տեսած տեղը բորոտութիւնը պատել է,
  • 13Եւ քահանան տեսնէ որ բորոտութիւնը նորա բոլոր մարմինը պատել է, այն ժամանակ ախտակիրին մաքուր հրատարակէ. Բոլորովին սպիտակի է փոխուել. Նա մաքուր է։
  • 14Բայց այն օրը որ նորա վերայ ողջ միս տեսնուի, նա անմաքուր լինի։
  • 15Եւ քահանան պիտի տեսնէ ողջ միսը, եւ նորան անմաքուր հրատարակէ. Ողջ միսը անմաքուր է. Բորոտութիւն է։
  • 16Իսկ եթէ ողջ միսը դարձեալ սպիտակի փոխուի, այն ժամանակ քահանայի մօտ պիտի գայ։
  • 17Եւ քահանան պիտի տեսնէ նորան. Եւ եթէ ախտը սպիտակի է փոխուել, այն ժամանակ քահանան ախտակիրին մաքուր հրատարակէ. Նա մաքուր է։
  • 18Եւ եթէ մարմնի մորթի մէջ պալար լինի եւ առողջանայ,
  • 19Եւ պալարի տեղը սպիտակ ուռեցք՝ կամ մի քիչ կարմրած սպիտակ պաղպաջ լինի, նա քահանային պիտի երեւայ։
  • 20Եւ քահանան տեսնէ. Եթէ մորթիցը ցած երեւայ, եւ մազը սպիտակի է փոխուել, քահանան նորան անմաքուր հրատարակէ, նա բորոտութեան ախտ է՝ պալարիցը տարածուած։
  • 21Եւ եթէ քահանան տեսնէ որ սպիտակ մազ չ’կայ նորա մէջ, եւ մորթիցը ցած չէ՝ այլ շլացած է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան։
  • 22Եւ եթէ մորթի մէջ տարածուի, այն ժամանակ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Ախտ է նա։
  • 23Բայց եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ չէ տարածուել, նա պալարի սպին է. Եւ քահանան նորան մաքուր հրատարակէ։
  • 24Իսկ եթէ մարմնի մորթի մէջ կրակի այրած լինի, եւ այրածի հարուածը մի քիչ կարմրած սպիտակ՝ կամ սպիտակ պաղպաջ լինի,
  • 25Եւ քահանան նորան նայէ, եթէ պաղպաջի մէջ մազը սպիտակի է փոխուած, եւ մորթիցը խոր է երեւում, նա բորոտութիւն է՝ այրածից տարածուած, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա բորոտութեան ախտ է։
  • 26Բայց եթէ քահանան նայէ, որ պաղպաջի մէջ սպիտակ մազ չ’կայ, եւ մորթիցը ցած չէ, եւ շլացել է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան։
  • 27Եւ եօթներորդ օրը քահանան նայէ նորան. Եթէ մորթի մէջ տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա բորոտութեան ախտ է։
  • 28Եւ եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ եւ մորթի մէջ չ’տարածուի, եւ շլացել է, դա այրածի ուռեցքն է. Եւ քահանան նորան մաքուր հրատարակէ. Որովհետեւ այրածի սպին է։
  • 29Եւ եթէ մի մարդի կամ կնկան գլխին կամ ծնօտին ախտ լինի,
  • 30Քահանան պիտի տեսնէ այն ախտը. Եւ եթէ մորթիցը խոր երեւայ, եւ նորա մէջ բարակ դեղին մազ լինի, այն ժամանակ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա գոնջութիւն է, գլխի կամ ծնօտի բորոտութիւն է։
  • 31Եւ եթէ քահանան գոնջութեան ախտը տեսնէ՝ որ մորթիցը խոր չէ երեւում, եւ նորա մէջ սեւ մազ չ’կայ, այն ժամանակ քահանան գոնջութեամբ ախտացածին եօթն օր արգելուած պահէ։
  • 32Եւ եօթներորդ օրը քահանան ախտակիրին նայէ, եւ եթէ գոնջութիւնը չէ տարածուել, եւ նորա մէջ դեղին մազ չ’կայ, եւ գոնջութիւնը մորթիցը խոր չէ երեւում,
  • 33Նա ածիլուի, բայց գոնջութիւնը չ’ածիլէ. Եւ քահանան կրկին եօթն օր արգելուած պահէ գոնջութիւն ունեցողին։
  • 34Եւ եօթներորդ օրը քահանան գոնջութիւն ունեցողին նայէ. Եւ եթէ գոնջութիւնը մորթի մէջ չէ տարածուել, եւ մորթիցը խոր չէ երեւում, այն ժամանակ քահանան նորան մաքուր հրատարակէ. Եւ նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ մաքուր լինի։
  • 35Բայց եթէ իր մաքրուելուց յետոյ գոնջութիւնը մորթի մէջ տարածուի,
  • 36Եւ քահանան նայէ նորան. Եւ եթէ գոնջութիւնը մորթի մէջ տարածուել է, այն ժամանակ քահանան դեղին մազ չ’որոնէ, նա անմաքուր է։
  • 37Բայց եթէ գոնջութիւնը իր կերպովը կենայ, եւ նորա մէջ սեւ մազ է բուսել, գոնջութիւնը բժշկուած է. Նա մաքուր է, եւ քահանան նորան մաքուր հրատարակէ։
  • 38Եւ եթէ մի մարդ կամ կնիկ իր մարմնի մորթի մէջ պաղպաջներ՝ այսինքն սպիտակ պաղպաջներ ունենայ,
  • 39Եւ քահանան նայէ, եւ եթէ նորանց մարմինների մորթի մէջի պաղպաջները շլացած սպիտակ լինեն, դա մորթի մէջ գոյացած պիսակ է. Նա մաքուր է։
  • 40Եւ եթէ մի մարդի գլխի մազը թափուի, նա կունտ է. Մաքուր է։
  • 41Եւ եթէ նորա երեսի կողմիցը թափուի նորա գլխի մազերը, դա ճեղ է. Մաքուր է։
  • 42Բայց եթէ կնտութեան կամ ճեղութեան մէջ մի քիչ կարմրած վէրք լինի, նա նորա կնտութեան կամ ճեղութեան մէջ գոյացած բորոտութիւն է։
  • 43Այն ժամանակ քահանան նայէ նորան. Եւ եթէ նորա կնտութեան կամ ճեղութեան մէջ եղած վէրքի ուռեցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մորթի մէջ եղած բորոտութեան երեւոյթի պէս,
  • 44Այն մարդը բորոտ է, անմաքուր է. Քահանան անպատճառ նորան անմաքուր հրատարակէ. Նորա ախտը նորա գլուխին է։
  • 45Եւ ախտ ունեցող բորոտի հանդերձը պատառած պիտի լինի, եւ նորա գլուխը մերկ, եւ նորա շրթունքները ծածկուած պիտի լինին, եւ «Անմաքուր, անմաքուր» պիտի կանչէ։
  • 46Ախտը նորա վերան եղած բոլոր օրերը անմաքուր պիտի լինի. Նա անմաքուր է, մենակ նստէ. Նորա բնակութիւնը բանակիցը դուրս պիտի լինի։
  • 47Եւ այն հանդերձը՝ որի մէջը բորոտութեան ախտ կայ, թէ բրդի հանդերձ եւ թէ քթանի հանդերձ,
  • 48Քթանեղէնի կամ բրդեղէնի, առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթի մէջ եւ կամ մորթից շինուած ամեն բանի մէջ,
  • 49Այսինքն՝ եթէ հանդերձի կամ մորթի մէջ՝ կամ առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ մի քիչ կանանչ կամ կարմրած ախտի նշան լինի, բորոտութեան ախտ է, եւ քահանային պիտի երեւայ։
  • 50Եւ քահանան նայէ ախտին՝ եւ եօթն օր արգելուած պահէ ախտացեալ բանը։
  • 51Եւ եօթներորդ օրը ախտացեալ բանին նայէ. Եթէ ախտը տարածուել է հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ մորթի մէջ, եւ կամ գործածութեան համար մորթից շինուած ամեն բանի մէջ, այս ախտը բորբոքուող բորոտութիւն է. Անմաքուր է։
  • 52Այն ժամանակ նա այրէ բրդեղէն կամ քթանեղէն հանդերձը՝ կամ առէչը կամ թեզանը կամ ամեն կերպ մորթից շինուած բանը, որի մէջ այն ախտը կայ. Որովհետեւ բորբոքուած բորոտութիւն է այն, կրակով պիտի այրուի։
  • 53Եւ եթէ քահանան տեսնէ, որ ախտը չէ տարածուել հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ կամ ամեն կերպ մորթից շինուած բանի մէջ,
  • 54Այն ժամանակ քահանան հրամայէ, որ այն ախտացեալ բանը լուանան. Եւ կրկին եօթն օր արգելուած պահէ նորան։
  • 56Եւ եթէ քահանան տեսնէ, որ նորա լուացուելուց յետոյ ախտը շլացել է, այն ժամանակ պատառէ նորան այն հանդերձիցը կամ մորթիցը կամ առէչիցը եւ կամ թեզանիցը։
  • 57Եւ եթէ այն հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ ամեն կերպ մորթից շինուած բանի մէջ դարձեալ երեւալու լինի, նա տարածուած բորոտութիւն է. Իր վերայ ախտ ունեցող բանը կրակով այրես։
  • 58Եւ այն հանդերձը, կամ առէչը կամ թեզանը, կամ ամեն կերպ մորթից շինուած բանը, որ լուացուելուց յետոյ ախտը նորանցից գնացել է, դարձեալ պիտի լուացուի, եւ մաքուր է։
  • 59Բրդի կամ քթանի հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ երևացած բորոտութեան ախտի օրէնքը այս է, նորան մաքուր կամ անմաքուր հրատարակելու համար։
← Ցանկ