ՀՈՎԵԼ1
  • 1Տիրոջ խօսքը, որ եղաւ Փաթուէլի որդի՝ Յովէլին։
  • 2Լսեցէք այս, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով երկրի բոլոր բնակիչներ, այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին, եւ կամ ձեր հայրերի օրերին։
  • 3Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի։
  • 4Խառնիճից մնացածը մորեխը կերաւ, եւ մորեխից մնացածը ջորեակը կերաւ, եւ ջորեակից մնացածը երեւիլը կերաւ։
  • 5Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար որ կտրուել է ձեր բերանիցը։
  • 6Որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ զօրաւոր եւ անթիւ, նորա ատամները առիւծի ատամներ են, եւ մատակ առիւծի ժանիքներ ունի։
  • 7Նա իմ որթը աւերեց, թզենիս կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դէն գցեց. Նորա ուռերը սպիտակացան։
  • 8Ողբա կոյսի պէս, որ քուրձով գօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ։
  • 9Հացի ընծան եւ նուէրը կտրուել է Տիրոջը տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառայող քահանաները։
  • 10Արտը աւերուել է, երկիրը սուգ է անում, որ աւերուել է ցորենը, չորացել քաղցուն, թոռոմել իւղը։
  • 11Ամաչեցէք, ով երկրագործներ. Ողբացէք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար որ փչացել է արտի բերքը։
  • 12Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը։
  • 13Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասաւորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպասաւորները, որ խափանուել է ձեր Աստուծոյ տանիցը հացի ընծան եւ նուէրը։
  • 14Ծոմ սրբեցէք, հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը։
  • 15Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. Եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից։
  • 16Ահա մեր աչքի առաջին կտրուել է կերակուրը, մեր Աստուծոյ տանիցը՝ ուրախութիւնն ու ցնծութիւնը։
  • 17Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել՝ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը։
  • 18Ինչպէս են հեծում անասունները, շշկլուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չ’կայ նորանց համար, ոչխարների հօտերն էլ տանջվում են։
  • 19Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր, որ կրակը կերել է անապատի արօտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը։
  • 20Դաշտի անասուններն էլ են քեզ մտիկ տալիս, որ չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արօտները։
← Ցանկ