ԴԱՆԻԵԼ7
  • 1Բաբիլոնի Բաղդասար թագաւորի առաջի տարին Դանիէլն երազ տեսաւ, եւ իր անկողնումն՝ իր գլխի տեսիլքները. Յետոյ գրեց երազը. Գլխաւոր բանը ասեց։
  • 2Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։
  • 3Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։
  • 4Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. Եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնեցուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։
  • 5Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։
  • 6Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. Եւ չորս գլուխ ունէր գազանը. Եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։
  • 7Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ մեծ ատամներ ունէր, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը. Եւ տասը եղջիւր ունէր։
  • 8Ես մտիկ էի տալիս այն եղջիւրներին, եւ ահա մի ուրիշ փոքր եղջիւր դուրս ելաւ նորանց մէջ, եւ այն առաջի եղջիւրներից երեքը խլուեցան նորա առաջիցը. Եւ ահա մարդի աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վերայ եւ մի մեծ մեծ բաներ խօսող բերան։
  • 9Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուր ասրի պէս. Նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կրակ։
  • 10Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։
  • 11Ես տեսնում էի, այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը, եւ տրուեցաւ կրակի բոցին։
  • 12Եւ միւս գազաններիցը առնուեցաւ նորանց իշխանութիւնը, եւ նորանց տրուած էր եղել մի կենաց երկարութիւն մինչեւ մի ժամ եւ ժամանակ։
  • 13Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։
  • 14Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։
  • 15Ես Դանիէլս վշտացայ սրտովս իմ միջումը, եւ իմ գլխի տեսիլքները ինձ խռովեցրին։
  • 16Ես մօտեցայ կանգնածներից մէկին եւ հարցրի այս բոլոր բաների իսկութիւնը. Եւ նա ասեց ինձ եւ բաների մեկնութիւնը իմացրեց ինձ։
  • 17Այս չորս մեծ գազանները՝ չորս թագաւորներ են վեր կենալու երկրիցը։
  • 18Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։
  • 19Յետոյ ուզեցի չորրորդ գազանի իսկութիւնն իմանալ, որ ամենիցը տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթի եւ եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր եւ մնացածը իր ոտներովը կոխ էր տալիս.
  • 20Եւ նորա գլխի վերայ տասը եղջիւրների մասին, եւ այն միւսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս եղջիւրը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խօսող բերան. Եւ նորա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։
  • 21Ես տեսնում էի, եւ այն եղջիւրը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նորանց յաղթեց։
  • 22Մինչեւ որ եկաւ Հինաւուրցը, եւ իրաւունք տրուեցաւ Բարձրեալի սուրբերին, եւ ժամանակը հասաւ որ սուրբերը առնեն թագաւորութիւնը։
  • 23Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ։
  • 24Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու.
  • 25Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։
  • 26Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։
  • 27Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։
← Ցանկ