ԴԱՆԻԵԼ2
  • 1Եւ Նաբուգոդոնոսորի թագաւորութեան երկրորդ տարին Նաբուգոդոնոսոր երազներ տեսաւ եւ խռովուեցաւ նորա հոգին. Եւ նորա քունը գնաց նորա վերայից։
  • 2Եւ թագաւորը հրամայեց կանչել մոգերին եւ հմայողներին եւ կախարդներին ու Քաղդէաներին, որ թագաւորին պատմեն նորա երազները. Եւ նորանք եկան ու կանգնեցին թագաւորի առաջին։
  • 3Եւ թագաւորն ասեց նորանց. Ես մի երազ տեսայ, եւ իմ հոգին խռովուեցաւ, որ իմանամ այն երազը։
  • 4Եւ Քաղդէաները ասեցին թագաւորին Քաղդէարէն. Թագաւոր, յաւիտեան կաց, ասիր երազը քո ծառաներին, եւ մենք իմացնենք մեկնութիւնը։
  • 5Թագաւորը պատասխանեց եւ ասեց Քաղդէաներին. Խօսքը դուրս է եկել ինձանից, եթէ ինձ չ’իմացնէք երազը եւ նորա մեկնութիւնը, կտոր կտոր պիտի յօշատուիք, եւ ձեր տները աղբանոց պիտի դառնան։
  • 6Բայց եթէ երազը եւ նորա մեկնութիւնը իմացնէք, ինձանից պարգեւներ, տուրքեր եւ ծանր պատիւ կ’ստանաք. Ուրեմն երազն ու նորա մեկնութիւնը իմացրէք ինձ։
  • 8Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ էք որոնում, որովհետեւ տեսնում էք որ խօսքը դուրս է եկել ինձանից։
  • 9Իսկ եթէ ինձ չ’իմացնէք երազը, ձեզ համար մէկ դատավճիռ կայ. Որովհետեւ դուք որոշել էք սուտ եւ ապականեալ բան խօսելու իմ առաջին, մինչեւ որ ժամանակը փոխուի. Ուրեմն ասեցէք ինձ երազը, եւ ես կ’իմանամ թէ դուք ինձ նորա մեկնութիւնն էլ կ’ասէք։
  • 10Քաղդէաները պատասխանեցին թագաւորի առաջին եւ ասեցին. Երկրի վերայ մարդ չ’կայ, որ կարողանայ թագաւորի բանը իմացնել. Եւ դորա համար էլ ոչ մի թագաւոր՝ մեծ եւ իշխան սորա նման մի բան չէ պահանջած ոչ մի մոգից, հմայողից եւ Քաղդէայից։
  • 11Եւ այն բանը որ թագաւորը պահանջում է դժուար է, եւ մի ուրիշը չ’կայ, որ թագաւորի առաջին իմացնէ այն բացի աստուածներից, որոնց բնակութիւնը մսեղէնների մէջ չէ։
  • 12Սորա համար թագաւորը սրտմտեցաւ եւ շատ բարկացաւ եւ հրամայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին։
  • 13Եւ հրամանը դուրս եկաւ, եւ իմաստունները կոտորվում էին. Եւ որոնեցին Դանիէլին եւ նորա ընկերներին որ նորանց սպանեն։
  • 14Այն ժամանակ Դանիէլն իմաստութեամբ եւ խոհեմութեամբ խօսեց թագաւորի դահճապետ Արիովքի հետ, որ դուրս էր եկել Բաբիլոնի իմաստուններին կոտորելու.
  • 15Խօսեց եւ ասեց թագաւորի իշխան Արիովքին. Ի՞նչու համար է այս խիստ հրամանը թագաւորի կողմից. Այն ժամանակ Արիովքն իմացրեց բանը Դանիէլին։
  • 16Եւ Դանիէլը մտաւ եւ խնդրեց թագաւորից որ ժամանակ տրուի իրան, եւ նա մեկնութիւնը կ’իմացնէ թագաւորին։
  • 17Այն ժամանակ Դանիէլը գնաց տուն, եւ բանը իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայէլին եւ Ազարիային,
  • 18Որ ողորմութիւն խնդրեն երկնքի Աստուածանից այս գաղտնիքի մասին, որ չ’կոտորուին Դանիէլը եւ նորա ընկերները Բաբիլոնի մնացած իմաստունների հետ։
  • 19Այն ժամանակ գիշերուայ տեսիլքում յայտնուեցաւ Դանիէլին այն գաղտնիքը. Եւ Դանիէլն օրհնեց երկնից Աստուծուն։
  • 20Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է։
  • 21Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։
  • 22Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։
  • 23Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր։
  • 24Վասն որոյ Դանիէլը մտաւ Արիովքի մօտ, որին թագաւորը նշանակել էր Բաբիլոնի իմաստուններին կորցնելու համար. Գնաց եւ այսպէս ասեց նորան. Բաբիլոնի իմաստուններին մի կորցնիր. Ինձ թագաւորի առաջը տար, եւ ես իմացնեմ մեկնութիւնը թագաւորին։
  • 25Այն ժամանակ Արիովքը շտապելով Դանիէլին թագաւորի առաջը տարաւ եւ նորան այսպէս ասեց թէ Մի մարդ եմ գտել Յուդայի գերիներից, որ պիտի իմացնէ մեկնութիւնը թագաւորին։
  • 26Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին, որի անունը Բաղդասասար էր. Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը։
  • 27Դանիէլը պատասխանեց թագաւորի առաջին եւ ասեց. Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել.
  • 28Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. Քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է.
  • 29Դու, ով թագաւոր, խորհրդածութիւններ էիր անում քո անկողնի վերայ թէ սորանից յետոյ ինչ պիտի լինի, եւ գաղտնիքներ յայտնողը քեզ իմացրեց թէ ինչ պիտի լինի։
  • 30Եւ ինձ, ոչ թէ ամեն ապրողներից աւելի իմաստութիւն ունենալուս համար, յայտնուեցաւ այս գաղտնիքը, այլ նորա համար որ մեկնութիւնը իմացնուի թագաւորին, եւ որ գիտենաս քո սրտի խորհուրդները։
  • 31Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. Այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր էր։
  • 32Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. Նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից.
  • 33Սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։
  • 34Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։
  • 35Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։
  • 36Սա է երազը, եւ նորա մեկնութիւնն ասենք թագաւորի առաջին։
  • 37Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել.
  • 38Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. Դու ես նորա այն ոսկի գլուխը։
  • 39Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կ’տիրէ բոլոր երկրին։
  • 40Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կ’լինի երկաթի նման. Ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կ’փշրէ եւ կ’կոտրատէ։
  • 41Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։
  • 42Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։
  • 43Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չ’կպչեն. Ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։
  • 44Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։
  • 45Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. Մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. Եւ երազը հաստատ է եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ։
  • 46Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ընկաւ իր երեսի վերայ, եւ Դանիէլին երկրպագութիւն արաւ, եւ ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց որ մատուցանեն նորան։
  • 47Թագաւորը պատասխանեց Դանիէլին եւ ասեց. Յիրաւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստուածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը. Որովհետեւ դու կարողացար յայտնել այս գաղտնիքը։
  • 48Այն ժամանակ թագաւորը մեծացրեց Դանիէլին եւ շատ մեծ պարգեւներ տուաւ նորան, եւ նորան իշխան դրաւ Բաբիլոնի բոլոր գաւառի վերայ, եւ Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ՝ գլխաւոր իշխան։
  • 49Եւ Դանիէլը խնդրեց թագաւորից, եւ նշանակեց Բաբիլոնի գաւառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին. Եւ Դանիէլը թագաւորի դռանն էր լինում։
← Ցանկ