ԴԱՆԻԵԼ11
- 1Եւ ես Մարաց Դարեհ թագաւորի առաջին տարին կանգնել եմ նորա հետ՝ ուժովացնելու եւ նորան օգնելու։
- 2Եւ հիմա քեզ ճշմարտութիւնը իմացնեմ. Ահա դեռ երեք թագաւորներ են վեր կենալու Պարսից համար, եւ չորրորդը մեծ հարստութիւնով պիտի հարստանայ աւելի քան թէ ամենքը. Եւ երբոր նա ուժովացաւ իր հարստութիւնովը, այն ժամանակ նա ամենին պիտի գրգռէ յունաց թագաւորութեան դէմ։
- 3Եւ վեր կ’կենայ մի զօրաւոր թագաւոր, որ մեծ իշխանութիւնով կ’իշխէ եւ կ’անէ իր հաճութեան պէս։
- 4Եւ հէնց որ բարձրացաւ, պիտի կոտրուի նորա թագաւորութիւնը եւ պիտի բաժանուի երկնքի չորս կողմերին. Բայց ոչ թէ իր յաջորդներին եւ ոչ էլ այն իշխանութեան պէս, որ իշխում էր. Որովհետեւ նորա թագաւորութիւնը պիտի քանդուի եւ ուրիշներինը լինի սորանցից ջոկ։
- 5Եւ պիտի զօրանայ հարաւի թագաւորը, եւ նորա իշխաններից մէկը պիտի զօրանայ նորա վերայ եւ տիրէ. Մեծ իշխանութիւն պիտի լինի նորա իշխանութիւնը։
- 6Եւ մի քանի տարիներից յետոյ պիտի իրար հետ դաշնակցեն, եւ հարաւի թագաւորի աղջիկը պիտի գնայ հիւսիսի թագաւորին հաշտութիւն անելու համար. Բայց բազուկի ոյժ պիտի չ’ունենայ, եւ պիտի չ’դիմանայ նորա բազուկն էլ. Այլ պիտի մատնուին՝ ինքը եւ նորա բերողները եւ նորա ծնողները եւ նորան այն ժամանակներումն օգնողները։
- 7բայց նորա արմատների ընձիւղներից մէկը վեր կ’կենայ նորա համար, եւ նա կ’գայ զօրքով եւ կ’մտնէ հիւսիսի թագաւորի ամրոցը եւ կ’գործէ նորանցում եւ կ’զօրեղանայ։
- 8Եւ նա նորանց աստուածներն էլ նորանց ձուլածոյ կուռքերի եւ ոսկեղէն ու արծաթեղէն ցանկալի ամանների հետ գերի պիտի տանէ Եգիպտոս. Եւ մի քանի տարի նա բարձր պիտի լինի հիւսիսային թագաւորից։
- 9Եւ պիտի մտնէ հարաւային թագաւորի թագաւորութեան մէջ, եւ ետ դառնայ իր երկիրը։
- 10Եւ նորա որդիքը պիտի զինուորուին եւ շատ զօրքերի բազմութիւն ժողովեն. Եւ նա անպատճառ պիտի գայ եւ հեղեղէ ու անցնէ. Եւ ետ դառնալիս էլ պիտի պատերազմէ մինչեւ նորա ամրոցը։
- 11Բայց հարաւի թագաւորը պիտի դառնանայ եւ պիտի դուրս գայ ու պատերազմէ նորա հետ այսինքն հիւսիսի թագաւորի հետ. Նա էլ մեծ բազմութիւն է հանելու, եւ այն բազմութիւնը նորա ձեռքն է տրուելու։
- 12Եւ բազմութիւնը պիտի բարձրանայ, նորա սիրտը պիտի հպարտանայ, եւ նա բիւրաւորներ պիտի վայր գցէ, բայց պիտի չ’ուժովանայ։
- 13Եւ հիւսիսի թագաւորը ետ պիտի դառնայ եւ մի բազմութիւն հանէ առաջինից շատ. Եւ մի քանի ժամանակներից յետոյ անպատճառ պիտի գայ մեծ զօրքով եւ մեծ պատրաստութիւնով։
- 14Եւ այն ժամանակները շատերը վեր են կենալու հարաւային թագաւորի դէմ, եւ քո ժողովրդի բռնաւորների որդիքը պիտի բարձրանան, որ հաստատեն տեսիլքը, բայց պիտի ընկնեն։
- 15Եւ հիւսիսի թագաւորը պիտի գայ, եւ հողաբլուրներ պիտի կուտէ եւ առնէ պարսպաւոր քաղաքները. Եւ հարաւի բազուկները պիտի չ’դիմանան եւ նորա ընտրեալների ժողովուրդն էլ, եւ դիմանալու ոյժ էլ չի լինիլ։
- 16Եւ նորա դէմ եկողը պիտի իր հաճութեան պէս անէ, եւ կանգնող չի լինիլ նորա առաջին. Եւ նա պիտի կանգնէ փառաւոր երկրումը, եւ նա պիտի փչանայ նորա ձեռովը։
- 17Եւ իր երեսը պիտի ուղղէ որ գայ իր թագաւորութեան բոլոր ոյժովը, եւ ուղիղները նորա հետ. Եւ նա պիտի գործէ, եւ կանանց աղջիկը պիտի տայ նորան որ փչացնէ նորան. Բայց նա պիտի չ’կանգնէ, եւ նա նորանը պիտի չ’լինի։
- 18յետոյ նա իր երեսը պիտի դարձնէ դէպի կղզիները եւ շատերը պիտի առնէ. Եւ մի իշխան պիտի դադարեցնէ նորա նախատինքը դէպի նորան, առանց նորա նախատինքը իրան ետ դարձնելու։
- 19Եւ նա ետ պիտի դարձնէ իր երեսը դէպի իր երկրի ամրոցները, բայց պիտի գլորուի եւ վայր ընկնի ու չ’գտնուի։
- 20Եւ նորա տեղը մէկը վեր կ’կենայ, որ կ’ուղարկէ հարկապահանջին թագաւորութեան փառքով, եւ նա մէկ քանի օրերից յետոյ կ’կոտրուի, բայց ոչ բարկութիւնով եւ ոչ պատերազմով։
- 21Եւ նորա տեղը մէկ անարգը վեր կ’կենայ, որ նորան թագաւորական պատիւ չեն տալ. Բայց նա կ’գայ հանդարտութիւնով եւ կ’յափշտակէ թագաւորութիւնը շողոքորթութիւններով։
- 22Եւ հեղեղի բազուկները պիտի ընկղմուին նորա առաջին եւ ջարդուին, եւ ուխտի իշխանն էլ։
- 23Եւ նորա հետ եղած դաշնակցութիւնից նա նենգութիւն պիտի անէ, եւ վեր պիտի գնայ եւ ոյժ ստանայ քիչ ազգով։
- 24Խաղաղ եւ պարարտ գաւառը պիտի մտնէ, եւ պիտի անէ այն ինչ որ չէին արել նորա հայրերը եւ նորա հայրերի հայրերը. Կողոպուտ, աւար եւ ստացուածք պիտի բաշխէ նորանց, եւ պարիսպների դէմ պիտի մտածմունքներ մտածէ, բայց մինչեւ մի ժամանակ։
- 25Եւ իր զօրութիւնն ու իր սիրտը պիտի մեծ զօրքով գրգռէ հարաւային թագաւորի դէմ, եւ հարաւային թագաւորը պիտի զինուորուի պատերազմի մեծ եւ խիստ զօրաւոր զօրքով, բաց պիտի չ’դիմանայ. Որովհետեւ նորա դէմ խորհուրդներ պիտի խորհեն։
- 26Եւ նորա կերակուրները ուտողները նորան պիտի կոտրեն. Եւ նորա զօրքը պիտի ընկղմէ. Եւ շատ սպանուածներ պիտի ընկնեն։
- 27Եւ այս երկու թագաւորների էլ սրտերը չարութեան համար է. Եւ մէկ սեղանի վերայ սուտ են խօսելու, բայց չէ յաջողելու, որովհետեւ տակաւին վախճան կայ որոշուած ժամանակի համար։
- 28Եւ նա երկիրը պիտի դառնայ մեծ ստացուածքով, եւ նորա սիրտը սուրբ ուխտի դէմ է լինելու. Եւ պիտի գործէ եւ ետ դառնայ իր երկիրը։
- 29Որոշուած ժամանակին ետ պիտի դառնայ եւ գնայ հարաւի վերայ. Բայց առաջինի եւ վերջինի նման չի լինիլ։
- 30Որովհետեւ Կիտացիների նաւերը նորա վերայ պիտի գնան, եւ նա պիտի թուլանայ. Եւ նա ետ պիտի դառնայ ու բարկանայ սուրբ ուխտի դէմ եւ գործէ, եւ ետ պիտի դառնայ եւ ուշը դարձնէ սուրբ ուխտը ձգողների վերայ։
- 31Եւ բազուկներ են վեր կենալու նորա կողմից, եւ նորանք պիտի պղծեն սրբարանը՝ ամրոցը եւ հեռացնեն մշտնջենական զոհը եւ պիտի դնեն աւերածի պղծութիւնը։
- 32Եւ ուխտին դէմ ամբարշտութիւն անողներին պիտի հրապուրէ շողոքորթութիւնով, բայց իրանց Աստուծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զօրանայ եւ գործէ.
- 33Եւ ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց մի քանի ժամանակ պիտի ընկնեն սրով ու կրակով, գերութիւնով ու յափշտակութիւնով։
- 34Եւ նորանք ընկնելիս մի փոքր օգնութիւնով պիտի օգնուին, եւ շատերը շողոքորթութիւններով նորանց պիտի յարեն։
- 35Եւ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նորանց կրակով փորձէ եւ մաքրէ եւ սպիտակացնէ մինչեւ վերջի ժամանակը. որովհետեւ դեռ մինչեւ որոշ ժամանակն է։
- 36Եւ թագաւորը իր հաճութեան պէս պիտի անէ, եւ իրան բարձրացնելու եւ մեծացնելու է ամեն աստուածութիւնից վեր, եւ աստուածների Աստուծոյ դէմ ահռելի բաներ է ասելու, եւ պիտի յաջողուի մինչեւ որ կատարէ բարկութիւնը, որովհետեւ նախասահմանուածը պիտի գործադրուի։
- 37Եւ իր հայրերի աստուածներին մի բան պիտի չ’համարէ, եւ կանանց ցանկութիւնը, եւ ոչ մի աստուած մի բան պիտի չ’համարէ, որովհետեւ իրան ամենից մեծ է համարելու։
- 38Սակայն ամրոցների աստուծուն՝ իրան տեղը՝ կ’պատուէ եւ իր հայրերի չ’ճանաչած աստուծուն կ’պատուէ ոսկով ու արծաթով եւ պատուական քարերով ու ցանկալի բաներով։
- 39Եւ պիտի գործէ ամրոցների պնդութիւնովը օտար աստուծոյ հետ. Ով որ ճանաչէ նորան՝ փառքը պիտի շատացնէ, եւ նորանց տիրել պիտի տայ շատերի վերայ, եւ երկիր է բաժանելու իբրեւ վարձք։
- 40Եւ վերջի ժամանակումը նորա հետ պիտի զարկուի հարաւի թագաւորը եւ մրրիկի պէս նորա վերայ է յարձակելու հիւսիսի թագաւորը կառքերով եւ ձիաւորներով եւ շատ նաւերով, եւ երկիրները պիտի մտնէ եւ պիտի ողողէ ու անցնէ։
- 41Եւ պիտի գայ փառաւոր երկիրը, եւ շատերը պիտի կործանուին. Բայց սորանք պիտի ազատուին նորա ձեռիցը՝ Եդովմը եւ Մովաբը եւ Ամմոնի որդկանց գլխաւոր մասը։
- 42Եւ նա իր ձեռքը պիտի մեկնէ՝ դէպի երկիրները. Եւ Եգիպտոսի երկիրը չի ազատուիլ։
- 43Եւ պիտի տիրէ Եգիպտոսի ոսկի եւ արծաթի գանձերին եւ բոլոր ցանկալիքներին. Եւ Լիբէացիք ու Եթէովպացիք նորան հետեւող կ’լինեն։
- 44Բայց լուրեր խռովեցնեն նորան արեւելքից եւ հիւսիսից, եւ նա պիտի դուրս գայ մեծ բարկութիւնով որ շատերին փչացնէ եւ բնաջինջ անէ.
- 45Եւ նա իր պալատի պէս վրանները տարածելու է ծովերի մէջտեղը դէպի փառաւոր սուրբ սարը. Եւ պիտի հասնէ իր վախճանին. Եւ նորան օգնող պիտի չ’լինի։