ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ2
  • 1Ի՜նչպէս է Տէրը ամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա երկնքից գցեց երկրի վերայ Իսրայէլի փառքը, եւ չ’յիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը։
  • 2Տէրը խորտակեց առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց թագաւորութիւնն ու նորա իշխանները։
  • 3Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի։
  • 4Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր աչքի հաճելի բաները. Կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց։
  • 5Տէրը թշնամիի պէս եղաւ, կործանեց Իսրայէլին, կործանեց նորա բոլոր պալատները, փչացրեց նորա բերդերը, եւ շատացրեց Յուդայի աղջկայ մէջ ողբն ու կոծը։
  • 6Հարստահարեց այգիի պէս իր ցանգը, նորա ժողովատեղին փչացրեց, Տէրը մոռացրեց Սիօնի մէջ տօնը եւ շաբաթը, եւ անարգեց իր բարկութեան ցասումովը թագաւորին ու քահանային։
  • 7Տէրը մերժեց իր սեղանը, զզուեց իր սրբարանիցը, յանձնեց թշնամիի ձեռքը նորա պալատների պարիսպները. ձայն տուին Տիրոջ տանը տօնի օրուայ պէս։
  • 8Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, քաշեց լարը, ետ չ’դարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։
  • 9Տափը մտան նորա դռները. Նա փչացրեց ու փշրեց նորա նիգերը, նորա թագաւորն ու նորա իշխանները ազգերի մէջ են. օրէնք չ’կայ. նորա մարգարէներն էլ չեն տեսիլք գտնում Տիրոջից։
  • 10Հողի վերայ նստել են՝ լռել են Սիօնի աղջկայ ծերերը. փոշի բարձրացրին իրանց գլխի վերայ, քուրձեր հագան, իրանց գլուխը գետինը իջեցրին Երուսաղէմի կոյսերը։
  • 11Աչքերս մաշուեցան արտասուքով, աղիքներս բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։
  • 12Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։
  • 13Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. Որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կ’բժշկէ քեզ։
  • 14Քո մարգարէքը քեզ համար սուտ ու անհամ տեսիլքներ տեսան, քո անօրէնութիւնը բաց չ’արին, որ քո գերութիւնը ետ դարձնէին, եւ քեզ համար սուտ պատգամներ ու մոլորութիւններ տեսան։
  • 15Ծափ են տալիս քեզ վերայ բոլոր ճանապարհով անցնողները, սուլում են եւ իրանց գլուխը շարժում Երուսաղէմի աղջկայ վերայ ասելով, Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ Գեղեցկութեան կատարելութիւն, Բոլոր երկրի ուրախութիւն։
  • 16Իրանց բերանը բաց արին քեզ վերայ քո բոլոր թշնամիները, սուլեցին եւ ատամ կրճտեցին ու ասեցին. Կուլ տուինք. Հէնց սա է մեր սպասած օրը. Գտանք, տեսանք։
  • 17Տէրը կատարեց իր խորհածը, լրացրեց իր խօսքը որ պատուիրեց առաջի օրերից. քանդեց եւ չ’խնայեց, եւ ուրախացրեց քեզ վերայ քո թշնամիին. Բարձրացրեց քո նեղիչների եղջիւրը։
  • 18Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. Ով Սիօնի աղջկայ պարիսպ, գետի պէս արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չ’հանգստանայ։
  • 19Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին։
  • 20Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. Մի՞թէ կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։
  • 21Գետնի վերայ պառկեցին դրսումը տղան ու ծերը. Իմ կոյսերն ու իմ երիտասարդները սրով ընկան, սպանեցիր քո բարկութեան օրումը, մորթեցիր, չ’խնայեցիր։
  • 22Տօնի օրուայ պէս կանչեցիր իմ վախերը շուրջանակի. Եւ Տիրոջ բարկութեան օրը չ’եղան պրծնող ու ազատուող, ինչ որ գրկել ու մեծացրել էի, իմ թշնամին նորանց բնաջինջ արաւ։
← Ցանկ