ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ1
  • 1Ի՜նչպէս առանձին է նստում բազմամարդ քաղաքը, որբեւայրիի պէս է դառել ազգերի մէջ մեծը, գաւառներում իշխանուհի եղողը հարկատու է դառել։
  • 2Դառնապէս լաց է լինում գիշերը եւ նորա արտասուքը նորա այտերի վերայ է, մխիթարող չ’ունի նա իր բոլոր սիրելիներից. Նորա բոլոր ընկերները խաբեցին նորան, թշնամիներ եղան նորա համար։
  • 3Գերի գնաց Յուդան տառապանքից եւ շատ ծառայութիւնից, նա բնակվում է ազգերի մէջ, հանգստութիւն չէ գտել, նորա բոլոր հալածողները հասան նորան նեղութիւնների մէջ։
  • 4Սիօնի ճանապարհները սուգ են անում տօնի եկողներ չ’լինելով, նորա բոլոր դռները ամայացած են, նորա քահանաները հեծում են, նորա կոյսերը տրտմած են, եւ ինքը տխրած է։
  • 5Նորա նեղիչները գլխաւոր եղան, նորա թշնամիքը յաջողուեցան, որովհետեւ Տէրը նորան տրտմեցրել է նորա յանցանքների շատութեան համար. Նորա երեխայքը գերի գնացին թշնամիի առաջին։
  • 6Եւ հեռացաւ Սիօնի աղջկանց բոլոր վայելչութիւնը, նորա իշխանները ճարակ չ’գտնող եղջերուների նման եղան. Եւ տկարացած գնում են հալածողի առաջին։
  • 7Երուսաղէմը յիշեց իր տառապանքի եւ թշուառութեան օրերում իր բոլոր վայելչութիւնները, որ ունէր վաղ ժամանակներից, երբոր իր ժողովուրդը թշնամիի ձեռքն ընկաւ, եւ օգնող չ’ունէր, թշնամիները տեսան նորան, ծիծաղեցին նորա կործանումի վերայ։
  • 8Երուսաղէմը ծանր մեղանչեց, դորա համար զզուելի է համարվում, նորա բոլոր պատուողները անարգում են նորան, որովհետեւ տեսան նորա մերկութիւնը, նա ինքն էլ է հեծում, եւ ետ դառնում։
  • 9Նորա պղծութիւնները իր քղանցքների վերայ է. նա չ’յիշեց իր վերջը. Եւ զարմանալի կերպով ցածացաւ, մխիթարիչ չ’ունի. Նայիր, ով Տէր, իմ տառապանքին, որ հպարտացաւ թշնամին։
  • 10Թշնամին մեկնեց իր ձեռքը նորա բոլոր ցանկալի բաներին, որովհետեւ տեսաւ հեթանոսներին, որ մտան իր սրբարանը, որն որ դու պատուիրել էիր, որ քո ժողովքի մէջ չ’մտնեն.
  • 11Նորա բոլոր ժողովուրդը հեծում է հաց ուզելով, իրանց ցանկալիքը տալիս են ուտելիքի՝ սիրտը ուժովցնելու համար. Տես, ով տէր, եւ նայիր, որ ես անարգանք եմ դառել։
  • 12Չէ՞ք տեսնում, ով բոլոր ճանապարհով անցնողներ, նայեցէք եւ տեսէք թէ արդեօք կա՞յ մի ցաւ իմ ցաւի նման, որ եկաւ ինձ վերայ, որին տրտմեցրել է Տէրը իր բորբոքած բարկութեան օրումը։
  • 13Նա բարձրիցը կրակ ուղարկեց իմ ոսկորների մէջ, որ նորանց տիրէ, ոտներիս ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի տարաւ ինձ՝ բոլոր օրը հիւանդոտ։
  • 14Իմ յանցանքի լուծը նորա ձեռովը կապուեցաւ, նորանք հիւսուեցան՝ վեր ելան իմ պարանոցի վերայ. Նա նուաճել է իմ ոյժը. Տէրը ինձ մատնել է ձեռների, որ չեմ կարող կանգնել։
  • 15Տէրը անարգեց իմ բոլոր զօրաւորներին իմ միջումը, ինձ վերայ ժողովք կանչեց իմ երիտասարդներին կոտրելու համար, հնձան կոխեց Տէրը Յուդայի կոյս աղջկայ համար։
  • 16Սորանց համար ես լաց եմ լինում, աչքերս՝ աչքերս ջուր են թափում, որ հեռացել է ինձանից մխիթարիչը՝ իմ սիրտը հանգստացնողը, իմ որդիքը նուաղեցան, որովհետեւ թշնամին զօրացաւ։
  • 17Սիօնը մեկնում է իր ձեռները, բայց մխիթարող չ’կայ նորա համար. Տէրը պատուիրեց Յակոբի մասին, որ նեղիչներ լինեն նորա շուրջը. Երուսաղէմը դաշտանաւոր կին դառաւ նորանց մէջ։
  • 18Արդար է Տէրը, որովհետեւ ես նորա դէմ անհնազանդ եղայ, մէկ լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, եւ տեսէք իմ ցաւը, իմ կոյսերն ու իմ երիտասարդները գերի գնացին։
  • 19Կանչեցի իմ սիրելիներին, նորանք ինձ խաբեցին, քահանաներս ու ծերերս քաղաքումը վախճանուեցան. Երբոր կերակուր էին որոնում իրանց համար, որ իրանց սիրտը ուժովացնեն։
  • 20Նայիր, ով Տէր, որ նեղութեան մէջ եմ, աղիքներս գալարվում են, սիրտս տակնուվերայ է ներսումս, որովհետեւ սաստիկ ապստամբել եմ, դրսից սուրն է ինձ անզաւակ անում, ներսիցը՝ ինչպէս մահ։
  • 22Նորանց բոլոր չարութիւնը քո առաջը գայ, եւ նորանց այնպէս արա ինչպէս ինձ արիր իմ բոլոր յանցանաց համար, որ իմ հառաչանքները շատ են եւ սիրտս նուաղած է։
← Ցանկ