ԵՐԵՄԻԱ9
  • 1Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս՝ արտասուքի աղբիւր. Եւ ես լաց կ’լինէի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկայ սպանուածների վերայ։
  • 2Ո՜հ թէ ինձ անապատի մէջ ուղեւորների իջեւան տային. Եւ ես կ’ձգէի իմ ժողովուրդը եւ կ’գնայի նորանց մօտից, որովհետեւ նորանք ամենքը շնացողներ են, խաբեբաների խումբ են։
  • 4Ամեն մարդ զգուշանայ իր ընկերիցը, եւ ամենեւին մէկ եղբօր մի ապաւինէք, որովհետեւ ամեն եղբայր խաբում է խաբէութեամբ եւ ամեն ընկեր ման է գալիս բանսարկութեամբ։
  • 5Եւ ամեն մարդ նենգում է իր ընկերին, եւ ճշմարտութիւն չեն խօսում, սովորեցրել են իրանց լեզուն սուտ ասելու, անիրաւութիւն անելով յոգնում են։
  • 6Քո բնակութիւնը խարդախութեան մէջ է. Խարդախութեան համար չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տէրը։
  • 7Դորա համար Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ահա ես նորանց պիտի հալեցնեմ եւ նորանց փորձեմ, որովհետեւ էլ ի՞նչպէս անեմ ես իմ ժողովրդի աղջկայ հետ։
  • 8Մահաբեր նետ է նորանց լեզուն՝ նենգութիւն է խօսում, բերանովը խաղաղութիւն է խօսում իր ընկերի հետ, իսկ իր սրտումը դարան է պատրաստում նորան։
  • 9Սորանց համար ես նորանց չ’այցելե՞մ, ասում է Տէրը. Կամ մի այսպիսի ազգից իմ հոգին վրէժ չ’առնէ՞։
  • 10Սարի մասին բարձրաձայն պիտի լաց լինեմ եւ ողբամ, եւ անապատի արօտների համար կոծ անեմ, որովհետեւ այրուել են, անցնող չ’կայ, եւ խաշինքների ձայն չեն լսում, երկնքի թռչուններիցը մինչեւ անասունը փախան գնացին։
  • 11Եւ ես Երուսաղէմը պիտի անեմ փլատակների դէզեր՝ չագալների բնակարան. Եւ Յուդայի քաղաքները ամայի պիտի շինեմ որ բնակող չ’լինի։
  • 12Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանայ. Եւ այն՝ ինչ որ խօսել է Տիրոջ բերանը դէպի նորան, եւ պատմէ այն, թէ երկիրը ի՞նչու համար է փչացել, եւ այրուել անապատի պէս, որ անցնող չ’կայ։
  • 13Եւ Տէրն ասեց. Նորա համար որ թողեցին իմ օրէնքը որ ես դրել էի նորանց առաջին, եւ իմ ձայնը չ’լսեցին եւ նորանում չ’վարուեցան։
  • 14Այլ գնացին իրանց սրտի կամակորութեան ետեւից, եւ այն Բահաղների ետեւից, որ իրանց հայրերը սովորեցրին իրանց։
  • 15Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու, եւ լեղի ջուր եմ խմեցնելու։
  • 16Եւ նորանց պիտի ցրուեմ ազգերի մէջ, որոնց ոչ իրանք գիտէին, ոչ իրանց հայրերը, եւ նորանց ետեւից պիտի սուրն ուղարկեմ, մինչեւ որ նորանց վերջացնեմ։
  • 17Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մտածեցէք եւ լալկան կանայք կանչեցէք, որ գան, եւ այս բանում վարպետ կնիկների ետեւից մարդ ուղարկեցէք, որ գան։
  • 18Եւ շուտով գան եւ մեզ վերայ բարձրացնեն ողբը, եւ մեր աչքերը արտասուք թափեն, եւ մեր արտեւանունքներից ջուրեր յորդեն։
  • 19Որովհետեւ Սիօնից ողբի ձայն լսուեցաւ՝ Ինչպէ՜ս կործանուեցանք, շատ ամաչեցինք. Որովհետեւ ձգեցինք երկիրը, ըստ որում դէն էին գցել մեր բնակարանները։
  • 20Ուրեմն, ով կանայք, լսեցէք Տիրոջ խօսքը, եւ ձեր ականջն ընդունէ նորա բերանի խօսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրէք, եւ ամեն մէկ կին իր ընկերին՝ լաց։
  • 21Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։
  • 22Ասիր թէ Տէրն այսպէս է ասում. Թէ Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն ինչպէս աղբը՝ դաշտի երեսի վերայ, եւ ինչպէս խուրձերը՝ հնձողի ետեւին, որ ժողովող չ’լինի։
  • 23Այսպէս է ասում Տէրը. Իմաստունը իր իմաստութիւնովը չ’պարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չ’պարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չ’պարծենայ.
  • 24Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը։
  • 25Ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ բոլոր թլփատուածներին եւ անթլփատներին,
  • 26Եգիպտոսին եւ Յուդային եւ Եդովմին, եւ Ամմոնի որդկանցը եւ Մովաբին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատումը. Որովհետեւ բոլոր ազգերը անթլփատ են, բայց բոլոր Իսրայէլի տունը անթլփատ է սրտով։
← Ցանկ