ԵՐԵՄԻԱ52
  • 1Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ Լեբնացի Երեմիայի աղջիկը։
  • 2Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս ինչ որ արել էր Յովակիմը։
  • 3Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի վերայ էր, որ նորանց դէն գցէր իր երեսի առաջից, եւ Սեդեկիան ապստամբուեց Բաբիլոնի թագաւորի դէմ։
  • 4Եւ եղաւ որ նորա թագաւորութեան իններորդ տարումը տասներորդ ամսուայ՝ ամսի տասին եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուին նորա դէմ, եւ նորա դէմ պատնէշներ շինեցին շուրջանակի։
  • 5Եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին.
  • 6Չորրորդ ամսուայ՝ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չ’կար երկրի ժողովրդի համար։
  • 7Եւ քաղաքը ճղուեցաւ, եւ բոլոր պատերազմական մարդիկը փախան եւ դուրս եկան քաղաքիցը գիշերով երկու պարիսպների միջի դռան ճանապարհովը, որ թագաւորի պարտէզի մօտ է, եւ Քաղդէացիք քաղաքը շրջապատած էին. եւ նորանք գնացին անապատի ճանապարհովը։
  • 8Բայց Քաղդէացիների զօրքերը ընկան թագաւորի ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը. եւ նորա բոլոր զօրքերը ցրուեցան մօտիցը։
  • 9Եւ թագաւորին բռնեցին եւ նորան վեր տարան Եմաթի երկրում լինող Ռեբղան, Բաբիլոնի թագաւորի մօտ. եւ նա վճռեց նորա դատաստանը։
  • 10Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին, եւ Յուդայի բոլոր իշխաններին էլ մորթեց Ռեբղայում։
  • 11Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, եւ Բաբիլոնի թագաւորը նորան տարաւ Բաբիլոն, եւ նորան բանտը դրաւ մինչեւ նորա մահուան օրը։
  • 12Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարին հինգերորդ ամսուայ՝ ամսի տասնին եկաւ Նաբուզարդան դահճապետը, որ կանգնում էր Բաբիլոնի թագաւորի առաջին Երուսաղէմ։
  • 13Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ Երուսաղէմի բոլոր տները եւ ամեն մեծ տները այրեց կրակով։
  • 14Եւ Երուսաղէմի բոլոր պատերը շուրջանակի քանդեցին Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետն էին։
  • 16Եւ երկրի աղքատներիցը Նաբուզարդան դահճապետը այգեգործներ եւ երկրագործներ թողեց։
  • 17Եւ այն պղնձի սիւները, որ Տիրոջ տանն էին, նաեւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, կոտրատեցին Քաղդէացիք, եւ նորանց բոլոր պղինձը տարան Բաբիլոն։
  • 18Եւ թաղարները եւ թիակները եւ բազմակալները եւ կոնքերը եւ խնկատուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով սպասարկութիւն էր լինում, վեր առան։
  • 19Եւ բաժակները եւ բուրվառները եւ կոնքերը եւ թաղարները եւ աշտանակները եւ խնկատուփերը եւ սկաւառակները՝ որը ոսկի էր ոսկի եւ որը արծաթ էր արծաթ՝ վեր առաւ դահճապետը։
  • 20Եւ երկու սիւները, մէկ ծովը, տասնեւերկու պղնձի եզերը որ մեքենովթների տեղն էին, որ Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տան համար. այս բոլոր անօթների պղնձին կշիռը չ’կար։
  • 21Եւ սիւներից մէկ սիւնը տասնեւութը կանգուն էր բարձրութիւնով, եւ մի դերձան տասնեւերկու կանգուն շրջապատում էր նորան, եւ նորա թանձրութիւնը չորս մատնաչափ էր՝ մէջը դարտակ։
  • 22Եւ մի պղնձի խոյակ կար նորա վերայ, եւ մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ ցանցեր ու նռներ կային խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. եւ սորա նման էր եւ միւս սիւնը եւ նռները։
  • 23Եւ նռները իննսունեւվեց էին մէկ կողմովը, բոլոր նռները հարիւր էին ցանցի վերայ շուրջանակի։
  • 24Եւ դահճապետը առաւ մեծ քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ դռան երեք պահապաններին,
  • 25Եւ քաղաքիցն առաւ մի ներքինի, որ պատերազմի մարդկանց վերակացուն էր, եւ թագաւորի առաջին կանգնողներից եօթը մարդ, որոնք գտնվում էին քաղաքումը եւ զօրքի գլխաւոր գրագրին, որ զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ վաթսուն մարդ երկրի ժողովրդիցը, որոնք գտնվում էին քաղաքի միջումը։
  • 26Եւ նորանց վեր առաւ Նաբուզարդան դահճապետը եւ տարաւ նորանց Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա։
  • 27Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց նորանց եւ սպանեց նորանց Եմաթի երկրի Ռեբղայումը։ Եւ Յուդան գերի տարուեցաւ իր երկրիցը։
  • 28Սա է Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովուրդը եօթներորդ տարին երեք հազար քսանեւերեք Հրէայ.
  • 29Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին՝ Երուսաղէմից ութը հարիւր երեսունեւերկու հոգի։
  • 30Նաբուգոդոնոսորի քսանեւերեքերորդ տարին Նաբուզարդան դահճապետը Հրէաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունեւհինգ հոգի. ամենը չորս հազար վեց հարիւր հոգի։
  • 31Եւ եղաւ Յուդայի Յովաքին թագաւորի գերութեան երեսունեւեօթներորդ տարին տասնեւերկուերորդ ամսուայ՝ ամսի քսանեւհինգին բարձրացրեց Եղմարովդաք Բաբիլոնի թագաւորը իր թագաւոր եղած տարին Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը եւ նորան հանեց բանտի տանիցը։
  • 32Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը նորա հետ Բաբիլոնումն եղող թագաւորների աթոռից վեր դրաւ։
  • 33Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ նա միշտ իր կեանքի բոլոր օրերումը հացը նորա առաջին էր ուտում։
  • 34Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով տրվում էր նորան Բաբիլոնի թագաւոր կողմանէ օր ըստ օրէ մինչեւ նորա մահուան օրը, նորա կեանքի բոլոր օրերումը։
← Ցանկ