ԵՐԵՄԻԱ51
  • 1Այսպէս է ասում Տէրը, Ահա ես պիտի գրգռեմ Բաբիլոնի վերայ եւ իմ թշնամիների մէջ բնակողների վերայ մի ապականիչ հողմ։
  • 2Եւ Բաբիլոնի վերայ հոսողներ պիտի ուղարկեմ, եւ նորանք պիտի հոսեն նորան եւ դատարկեն նորա երկիրը. Որ նորա վերայ պիտի գան շուրջանակի ձախորդութեան օրումը։
  • 3Աղեղնաւորի դէմ աղեղ պիտի լարէ աղեղը լարողը, եւ իր զրահովը հպարտացողի դէմ. Եւ մի խնայէք նորա երիտասարդներին, նզովածի պէս բնաջինջ արէք նորա բոլոր զօրքերը։
  • 4Եւ սպանուածներ պիտի ընկնեն Քաղդէացիների երկրումը, եւ խոցոտուածներ՝ նորա փողոցներումը։
  • 5Որովհետեւ որբեւայրի չէ թողուած Իսրայէլն ու Յուդան իր Աստուածանից, Զօրաց Տէրից. Այլ նորանց երկիրը լիքն է յանցանքով Իսրայէլի Սուրբի դէմ։
  • 6Փախէք Բաբիլոնի միջիցը եւ ամեն մարդ ազատէ իր անձը, որ չ’փչանաք նորա անօրէնութիւնովը. Որովհետեւ վրէժխնդրութեան ժամանակ է Տիրոջ համար, նորա արարքը պիտի հատուցանէ նորան։
  • 7Ոսկի բաժակ էր Բաբիլոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը։ Նորա գինիիցը խմեցին ազգերը, սորա համար յիմարացան ազգերը։
  • 8Յանկարծ վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ, ողբացէք նորա վերայ, բալասան առէք նորա վէրքի համար, գուցէ բժշկուի։
  • 9Բաբիլոնին դարմանեցինք, բայց չ’բժշկուեցաւ, թողէք նորան, եւ իւրաքանչիւրս իր երկիրը գնանք. որովհետեւ նորա դատաստանը երկնքին հասաւ, եւ բարձրացաւ մինչեւ ամպերը։
  • 10Տէրը դուրս բերաւ մեր արդարութիւնը. Եկէք ու Սիօնումը պատմենք մեր Տէր Աստուծոյ գործերը։
  • 11Փայլեցրէք նետերը, վահանները լցրէք, Տէրը զարթնեցրեց Մարաց թագաւորների հոգին. որ նորա մտածմունքը Բաբիլոնի վերայ է նորան փչացնելու համար. Որովհետեւ Տիրոջ վրէժխնդրութիւնն է սա՝ իր տաճարի վրէժը։
  • 12Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք. Որովհետեւ Տէրը որոշեց, եւ արաւ էլ իր ասածը Բաբիլոնի բնակիչների վերայ։
  • 13Ով շատ ջրերի վերայ բնակող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը՝ քո ագահութեան չափը։
  • 14Զօրաց Տէրը երդում է արել իր անձովը, թէ Քեզ անպատճառ պիտի լցնեմ մարդկանցով մարախի պէս, եւ նորանք պիտի աղաղակով գոռան քեզ վերայ։
  • 15Երկիրն իր զօրութիւնովը շինողը, աշխարհքն իր իմաստութիւնովը հաստատողը, նա որ իր հանճարովը տարածել է երկինքը,
  • 16Նա որոտալով երկնքումը ջուրերը կուտակելիս, ամպեր է բարձրացնում երկրի ծայրերիցը, փայլատակմունք է շինում անձրեւի համար, եւ հանում է քամին իր շտեմարաններիցը։
  • 17Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չ’կայ նորանում։
  • 18Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։
  • 19Սորանց նման չէ Յակոբի բաժինը, որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է, Զօրաց Տէր է նորա անունը։
  • 20Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կ’ջարդեմ, եւ թագաւորութիւններ կ’փչացնեմ քեզանով։
  • 21Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կ’ջարդեմ, եւ քեզանով կ’ջարդեմ կառքն ու կառավարը։
  • 22Եւ քեզանով մարդն ու կնիկը կ’ջարդեմ, եւ կ’ջարդեմ քեզանով ծերն ու երիտասարդը, եւ քեզանով տղամարդն ու կոյսը կ’ջարդեմ։
  • 23Եւ քեզանով կ’ջարդեմ հովիւն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կ’ջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կ’ջարդեմ քեզանով.
  • 24Եւ կ’հատուցանեմ Բաբիլոնին եւ բոլոր Քաղդէացիների բնակիչներին նորանց բոլոր չարութիւնները, որ իրանք արին Սիօնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։
  • 25Ահա ես քեզ դէմ եմ, ով ապականիչ սար, ասում է Տէրը. Որ ապականեցիր բոլոր երկիրը, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը քեզ վերայ, եւ քեզ պիտի գլորեմ վէմերիցը, եւ քեզ այրած սար պիտի շինեմ։
  • 26Եւ քեզանից չեն առնել ոչ անկեան քար, ոչ հիման քար, որովհետեւ յաւիտենական աւերակ պիտի դառնաս, ասում է Տէրը։
  • 27Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք. Ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ.
  • 28Նորա դէմ պատրաստեցէք ազգերը՝ Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին եւ նորա բոլոր նախարարներին եւ նորա տէրութեան բոլոր երկիրը։
  • 29Եւ երկիրը պիտի դողայ եւ նեղութիւն քաշէ, որ Բաբիլոնի վերայ պիտի կատարուի Տիրոջ մտածմունքները, Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար։
  • 30Դադարեցին Բաբիլոնի տղամարդիկը պատերազմելուց, բերդերում բնակուեցին, նորանց ոյժը կտրուեցաւ, կանայք դառան. Նորա բնակարանները այրեցին, կոտրուեցան նորա նիգերը։
  • 31Սուրհանդակ սուրհանդակի դէմ է վազում, եւ լրաբեր լրաբերի դէմ, Բաբիլոնի թագաւորին իմացնելու համար, թէ նորա քաղաքը առնուեցաւ մէկ կողմից։
  • 32Անցքերը բռնուեցան, եւ եղէգները այրեցին կրակով, եւ պատերազմի մարդիկը խռովեցան։
  • 33Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Բաբիլոնի աղջիկը կալի նման է. նորան կասելու ժամանակն է, մի քիչ ժամանակ էլ՝ եւ կ’գայ նորա հնձելու ժամանակը։
  • 34Մեզ կերաւ, մեզ բնաջինջ արաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, մեզ դրաւ իբրեւ պարապ աման, մեզ կուլ տուաւ վիշապի պէս, իր փորը լցրեց իմ փափկութիւններիցը, մեզ դուրս արաւ։
  • 35Ինձ եղած զրկանքը եւ իմ մարմինը Բաբիլոնի վերայ լինի, պիտի ասէ Սիօնի բնակչուհին. Եւ՝ Իմ արիւնը՝ Քաղդէացիների բնակիչների վերայ, պիտի ասէ Երուսաղէմը։
  • 36Սորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես եմ վարում քո դատը, եւ ես եմ առնում քո վրէժը, եւ նորա ծովը ցամաքեցնում եմ, եւ չորացնում՝ նորա աղբիւրը։
  • 37Եւ Բաբիլոնը պիտի փլատակներ դառնայ, չագալների բնակարան, ամայութիւն եւ ծաղր առանց բնակչի։
  • 38Միասին պիտի գոռան առոյգ առիւծների պէս, պիտի մռնչեն մատակ առիւծների կորիւնների պէս։
  • 39Նորանք տաքնալիս կոչունք պիտի անեմ նորանց, եւ նորանց պիտի արբեցնեմ որ զուարճանան, եւ քնանան յաւիտենական քնով, եւ չ’զարթնեն, ասում է Տէրը։
  • 40Ես նորանց պիտի իջեցնեմ սպանդանոցը գառների պէս, ինչպէս խոյերը նոխազների հետ։
  • 41Ի՜նչպէս առնուեցաւ Սիսակ, եւ բռնուեցաւ բոլոր երկրի պարծանքը, ի՜նչպէս ամայի եղաւ Բաբիլոնն ազգերի մէջ։
  • 42Ծովը վեր ելաւ Բաբիլոնի վերայ, նորա ալիքների շատութիւնից ծածկուեցաւ։
  • 43Նորա քաղաքները աւերակ պիտի դառնան՝ անջուր երկիր եւ անապատ, մի երկիր՝ ուր ոչ մի մարդ չէ բնակվում, եւ նորանով մի մարդի որդի չէ անցնում։
  • 44Եւ պիտի այցելեմ Բելին Բաբիլոնումը, եւ պիտի հանեմ նորա կուլ տուածը նորա բերանից, եւ ազգերը այլ եւս նորա մօտ չեն գնալ. Բաբիլոնի պարիսպն էլ վայր կ’ընկնէ։
  • 45Դուրս եկէք նորա միջիցը, ով իմ ժողովուրդ, եւ իւրաքանչիւրը թող ազատէ իր անձը, Տիրոջ բորբոքած բարկութիւնիցը։
  • 47Սորա համար ահա օրեր են գալիս, որ պիտի այցելեմ Բաբիլոնի կուռքերին, եւ նորա բոլոր երկիրը ամօթով պիտի լինի, եւ նորա բոլոր սպանուածները պիտի նորանում ընկնեն։
  • 48Եւ պիտի ցնծան Բաբիլոնի վերայ երկինքն ու երկիրը, եւ ամեն ինչ որ կայ նորանցում, որովհետեւ աւերողները հիւսիսից գալիս են նորա համար, ասում է Տէրը։
  • 49Ինչպէս Բաբիլոնն է վայր գցել Իսրայէլի սպանուածներին, նոյնպէս էլ Բաբիլոնի բոլոր երկրի սպանուածները պիտի վայր ընկնեն։
  • 50Ով սուրից ազատուածներ, գնացէք, մի կանգնէք. Հեռուից յիշեցէք Տիրոջը, եւ Երուսաղէմը թող ձեր միտքը գայ։
  • 51Մենք ամաչում ենք, որովհետեւ նախատինք լսեցինք, ամօթը ծածկեց մեր երեսը, որովհետեւ օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։
  • 52Նորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ նորա կուռքերին, եւ նորա բոլոր երկրումը պիտի հեծեն վիրաւորները։
  • 53Թէեւ Բաբիլոնը բարձրանայ մինչեւ երկինքը եւ բարձրումը պնդացնէ իր զօրութիւնը, իմ կողմանէ աւերողներ պիտի գան նորա համար, ասում է Տէրը։
  • 54Աղաղակի ձայն կայ Բաբիլոնից, եւ մեծ կոտորած՝ Քաղդէացիների երկրիցը։
  • 55Որովհետեւ Տէրը պիտի աւերէ Բաբիլոնը, եւ կորցնէ նորանից մեծ ձայնը. Որովհետեւ գոչում են նորանց ալիքները շատ ջրերի նման. Նորանց ձայնը աղմուկի նման է դուրս գալիս։
  • 56Որովհետեւ նորա՝ այսինքն Բաբիլոնի վերայ աւերող եկաւ, եւ նորա զօրաւորները առնուեցան, նորանց աղեղները կոտրուեցան. Որովհետեւ Տէրը հատուցանող Աստուած է, նա անպատճառ կ’հատուցանէ։
  • 57Եւ ես պիտի արբեցնեմ նորա իշխաններին, եւ նորա իմաստուններին՝ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չ’զարթնեն, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։
  • 58Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ պիտի լինեն, եւ նորա բարձր դռները կրակով պիտի այրուին, եւ ժողովուրդները դարտակ տեղը պիտի յոգնեն, եւ ազգերը կրակի համար պիտի աշխատեն։
  • 59Այն խօսքը որ Երեմիա մարգարէն պատուիրեց Մաասիայի որդիի Ներիայի որդի Սարայիային, երբոր նա Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ Բաբիլոն գնաց նորա թագաւորութեան չորրորդ տարին, եւ Սարայիան գլխաւոր սենեկապան էր։
  • 60Եւ Երեմիան գրեց այն ամեն չարիքը, որ գալու էին Բաբիլոնի վերայ, մի գրքում, այսինքն այս բոլոր խօսքերը որ գրուած են Բաբիլոնի դէմ։
  • 61Եւ Երեմիան ասեց Սարայիային. Երբոր Բաբիլոն մտար, այն ժամանակ նայիր որ կարդաս այս բոլոր խօսքերը,
  • 62Եւ ասես. Ով Տէր, դու խօսեցիր այս տեղի մասին, որ աւերես նորան, որ նորանում բնակող չ’լինի մարդից մինչեւ անասունը, որ սա պէտք է յաւիտենական աւերակներ դառնայ։
  • 63Եւ երբոր վերջացրիր այս գիրքը կարդալը, նորանից մի քար կապիր եւ գցիր նորան Եփրատի մէջ,
  • 64Եւ ասիր. Այսպէս պէտք է ընկղմուի Բաբիլոնը եւ չ’կանգնէ այն չարեաց պատճառով, որ ես պիտի բերեմ նորա վերայ, եւ նորանք պէտք է վաստակեն։ Մինչեւ այստեղ է Երեմիայի խօսքերը։
← Ցանկ