ԵՐԵՄԻԱ51
- 1Այսպէս է ասում Տէրը, Ահա ես պիտի գրգռեմ Բաբիլոնի վերայ եւ իմ թշնամիների մէջ բնակողների վերայ մի ապականիչ հողմ։
- 2Եւ Բաբիլոնի վերայ հոսողներ պիտի ուղարկեմ, եւ նորանք պիտի հոսեն նորան եւ դատարկեն նորա երկիրը. Որ նորա վերայ պիտի գան շուրջանակի ձախորդութեան օրումը։
- 3Աղեղնաւորի դէմ աղեղ պիտի լարէ աղեղը լարողը, եւ իր զրահովը հպարտացողի դէմ. Եւ մի խնայէք նորա երիտասարդներին, նզովածի պէս բնաջինջ արէք նորա բոլոր զօրքերը։
- 4Եւ սպանուածներ պիտի ընկնեն Քաղդէացիների երկրումը, եւ խոցոտուածներ՝ նորա փողոցներումը։
- 5Որովհետեւ որբեւայրի չէ թողուած Իսրայէլն ու Յուդան իր Աստուածանից, Զօրաց Տէրից. Այլ նորանց երկիրը լիքն է յանցանքով Իսրայէլի Սուրբի դէմ։
- 6Փախէք Բաբիլոնի միջիցը եւ ամեն մարդ ազատէ իր անձը, որ չ’փչանաք նորա անօրէնութիւնովը. Որովհետեւ վրէժխնդրութեան ժամանակ է Տիրոջ համար, նորա արարքը պիտի հատուցանէ նորան։
- 7Ոսկի բաժակ էր Բաբիլոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը։ Նորա գինիիցը խմեցին ազգերը, սորա համար յիմարացան ազգերը։
- 8Յանկարծ վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ, ողբացէք նորա վերայ, բալասան առէք նորա վէրքի համար, գուցէ բժշկուի։
- 9Բաբիլոնին դարմանեցինք, բայց չ’բժշկուեցաւ, թողէք նորան, եւ իւրաքանչիւրս իր երկիրը գնանք. որովհետեւ նորա դատաստանը երկնքին հասաւ, եւ բարձրացաւ մինչեւ ամպերը։
- 10Տէրը դուրս բերաւ մեր արդարութիւնը. Եկէք ու Սիօնումը պատմենք մեր Տէր Աստուծոյ գործերը։
- 11Փայլեցրէք նետերը, վահանները լցրէք, Տէրը զարթնեցրեց Մարաց թագաւորների հոգին. որ նորա մտածմունքը Բաբիլոնի վերայ է նորան փչացնելու համար. Որովհետեւ Տիրոջ վրէժխնդրութիւնն է սա՝ իր տաճարի վրէժը։
- 12Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք. Որովհետեւ Տէրը որոշեց, եւ արաւ էլ իր ասածը Բաբիլոնի բնակիչների վերայ։
- 13Ով շատ ջրերի վերայ բնակող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը՝ քո ագահութեան չափը։
- 14Զօրաց Տէրը երդում է արել իր անձովը, թէ Քեզ անպատճառ պիտի լցնեմ մարդկանցով մարախի պէս, եւ նորանք պիտի աղաղակով գոռան քեզ վերայ։
- 15Երկիրն իր զօրութիւնովը շինողը, աշխարհքն իր իմաստութիւնովը հաստատողը, նա որ իր հանճարովը տարածել է երկինքը,
- 16Նա որոտալով երկնքումը ջուրերը կուտակելիս, ամպեր է բարձրացնում երկրի ծայրերիցը, փայլատակմունք է շինում անձրեւի համար, եւ հանում է քամին իր շտեմարաններիցը։
- 17Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չ’կայ նորանում։
- 18Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։
- 19Սորանց նման չէ Յակոբի բաժինը, որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է, Զօրաց Տէր է նորա անունը։
- 20Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կ’ջարդեմ, եւ թագաւորութիւններ կ’փչացնեմ քեզանով։
- 21Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կ’ջարդեմ, եւ քեզանով կ’ջարդեմ կառքն ու կառավարը։
- 22Եւ քեզանով մարդն ու կնիկը կ’ջարդեմ, եւ կ’ջարդեմ քեզանով ծերն ու երիտասարդը, եւ քեզանով տղամարդն ու կոյսը կ’ջարդեմ։
- 23Եւ քեզանով կ’ջարդեմ հովիւն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կ’ջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կ’ջարդեմ քեզանով.
- 24Եւ կ’հատուցանեմ Բաբիլոնին եւ բոլոր Քաղդէացիների բնակիչներին նորանց բոլոր չարութիւնները, որ իրանք արին Սիօնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։
- 25Ահա ես քեզ դէմ եմ, ով ապականիչ սար, ասում է Տէրը. Որ ապականեցիր բոլոր երկիրը, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը քեզ վերայ, եւ քեզ պիտի գլորեմ վէմերիցը, եւ քեզ այրած սար պիտի շինեմ։
- 26Եւ քեզանից չեն առնել ոչ անկեան քար, ոչ հիման քար, որովհետեւ յաւիտենական աւերակ պիտի դառնաս, ասում է Տէրը։
- 27Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք. Ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ.
- 28Նորա դէմ պատրաստեցէք ազգերը՝ Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին եւ նորա բոլոր նախարարներին եւ նորա տէրութեան բոլոր երկիրը։
- 29Եւ երկիրը պիտի դողայ եւ նեղութիւն քաշէ, որ Բաբիլոնի վերայ պիտի կատարուի Տիրոջ մտածմունքները, Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար։
- 30Դադարեցին Բաբիլոնի տղամարդիկը պատերազմելուց, բերդերում բնակուեցին, նորանց ոյժը կտրուեցաւ, կանայք դառան. Նորա բնակարանները այրեցին, կոտրուեցան նորա նիգերը։
- 31Սուրհանդակ սուրհանդակի դէմ է վազում, եւ լրաբեր լրաբերի դէմ, Բաբիլոնի թագաւորին իմացնելու համար, թէ նորա քաղաքը առնուեցաւ մէկ կողմից։
- 32Անցքերը բռնուեցան, եւ եղէգները այրեցին կրակով, եւ պատերազմի մարդիկը խռովեցան։
- 33Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Բաբիլոնի աղջիկը կալի նման է. նորան կասելու ժամանակն է, մի քիչ ժամանակ էլ՝ եւ կ’գայ նորա հնձելու ժամանակը։
- 34Մեզ կերաւ, մեզ բնաջինջ արաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, մեզ դրաւ իբրեւ պարապ աման, մեզ կուլ տուաւ վիշապի պէս, իր փորը լցրեց իմ փափկութիւններիցը, մեզ դուրս արաւ։
- 35Ինձ եղած զրկանքը եւ իմ մարմինը Բաբիլոնի վերայ լինի, պիտի ասէ Սիօնի բնակչուհին. Եւ՝ Իմ արիւնը՝ Քաղդէացիների բնակիչների վերայ, պիտի ասէ Երուսաղէմը։
- 36Սորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես եմ վարում քո դատը, եւ ես եմ առնում քո վրէժը, եւ նորա ծովը ցամաքեցնում եմ, եւ չորացնում՝ նորա աղբիւրը։
- 37Եւ Բաբիլոնը պիտի փլատակներ դառնայ, չագալների բնակարան, ամայութիւն եւ ծաղր առանց բնակչի։
- 38Միասին պիտի գոռան առոյգ առիւծների պէս, պիտի մռնչեն մատակ առիւծների կորիւնների պէս։
- 39Նորանք տաքնալիս կոչունք պիտի անեմ նորանց, եւ նորանց պիտի արբեցնեմ որ զուարճանան, եւ քնանան յաւիտենական քնով, եւ չ’զարթնեն, ասում է Տէրը։
- 40Ես նորանց պիտի իջեցնեմ սպանդանոցը գառների պէս, ինչպէս խոյերը նոխազների հետ։
- 41Ի՜նչպէս առնուեցաւ Սիսակ, եւ բռնուեցաւ բոլոր երկրի պարծանքը, ի՜նչպէս ամայի եղաւ Բաբիլոնն ազգերի մէջ։
- 42Ծովը վեր ելաւ Բաբիլոնի վերայ, նորա ալիքների շատութիւնից ծածկուեցաւ։
- 43Նորա քաղաքները աւերակ պիտի դառնան՝ անջուր երկիր եւ անապատ, մի երկիր՝ ուր ոչ մի մարդ չէ բնակվում, եւ նորանով մի մարդի որդի չէ անցնում։
- 44Եւ պիտի այցելեմ Բելին Բաբիլոնումը, եւ պիտի հանեմ նորա կուլ տուածը նորա բերանից, եւ ազգերը այլ եւս նորա մօտ չեն գնալ. Բաբիլոնի պարիսպն էլ վայր կ’ընկնէ։
- 45Դուրս եկէք նորա միջիցը, ով իմ ժողովուրդ, եւ իւրաքանչիւրը թող ազատէ իր անձը, Տիրոջ բորբոքած բարկութիւնիցը։
- 46Եւ մի գուցէ ձեր սիրտը նուաղի եւ վախենաք՝ երկրումը լուրը լսելիս. Եւ գայ տարուայ մէջ այն լուրը, եւ նորա հետեւեալ տարում միւս լուրը, եւ բռնութիւն լինի երկրումը՝ այսինքն իշխան իշխանի դէմ։
- 47Սորա համար ահա օրեր են գալիս, որ պիտի այցելեմ Բաբիլոնի կուռքերին, եւ նորա բոլոր երկիրը ամօթով պիտի լինի, եւ նորա բոլոր սպանուածները պիտի նորանում ընկնեն։
- 48Եւ պիտի ցնծան Բաբիլոնի վերայ երկինքն ու երկիրը, եւ ամեն ինչ որ կայ նորանցում, որովհետեւ աւերողները հիւսիսից գալիս են նորա համար, ասում է Տէրը։
- 49Ինչպէս Բաբիլոնն է վայր գցել Իսրայէլի սպանուածներին, նոյնպէս էլ Բաբիլոնի բոլոր երկրի սպանուածները պիտի վայր ընկնեն։
- 50Ով սուրից ազատուածներ, գնացէք, մի կանգնէք. Հեռուից յիշեցէք Տիրոջը, եւ Երուսաղէմը թող ձեր միտքը գայ։
- 51Մենք ամաչում ենք, որովհետեւ նախատինք լսեցինք, ամօթը ծածկեց մեր երեսը, որովհետեւ օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։
- 52Նորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ նորա կուռքերին, եւ նորա բոլոր երկրումը պիտի հեծեն վիրաւորները։
- 53Թէեւ Բաբիլոնը բարձրանայ մինչեւ երկինքը եւ բարձրումը պնդացնէ իր զօրութիւնը, իմ կողմանէ աւերողներ պիտի գան նորա համար, ասում է Տէրը։
- 54Աղաղակի ձայն կայ Բաբիլոնից, եւ մեծ կոտորած՝ Քաղդէացիների երկրիցը։
- 55Որովհետեւ Տէրը պիտի աւերէ Բաբիլոնը, եւ կորցնէ նորանից մեծ ձայնը. Որովհետեւ գոչում են նորանց ալիքները շատ ջրերի նման. Նորանց ձայնը աղմուկի նման է դուրս գալիս։
- 56Որովհետեւ նորա՝ այսինքն Բաբիլոնի վերայ աւերող եկաւ, եւ նորա զօրաւորները առնուեցան, նորանց աղեղները կոտրուեցան. Որովհետեւ Տէրը հատուցանող Աստուած է, նա անպատճառ կ’հատուցանէ։
- 57Եւ ես պիտի արբեցնեմ նորա իշխաններին, եւ նորա իմաստուններին՝ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չ’զարթնեն, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։
- 58Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ պիտի լինեն, եւ նորա բարձր դռները կրակով պիտի այրուին, եւ ժողովուրդները դարտակ տեղը պիտի յոգնեն, եւ ազգերը կրակի համար պիտի աշխատեն։
- 59Այն խօսքը որ Երեմիա մարգարէն պատուիրեց Մաասիայի որդիի Ներիայի որդի Սարայիային, երբոր նա Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ Բաբիլոն գնաց նորա թագաւորութեան չորրորդ տարին, եւ Սարայիան գլխաւոր սենեկապան էր։
- 60Եւ Երեմիան գրեց այն ամեն չարիքը, որ գալու էին Բաբիլոնի վերայ, մի գրքում, այսինքն այս բոլոր խօսքերը որ գրուած են Բաբիլոնի դէմ։
- 61Եւ Երեմիան ասեց Սարայիային. Երբոր Բաբիլոն մտար, այն ժամանակ նայիր որ կարդաս այս բոլոր խօսքերը,
- 62Եւ ասես. Ով Տէր, դու խօսեցիր այս տեղի մասին, որ աւերես նորան, որ նորանում բնակող չ’լինի մարդից մինչեւ անասունը, որ սա պէտք է յաւիտենական աւերակներ դառնայ։
- 63Եւ երբոր վերջացրիր այս գիրքը կարդալը, նորանից մի քար կապիր եւ գցիր նորան Եփրատի մէջ,
- 64Եւ ասիր. Այսպէս պէտք է ընկղմուի Բաբիլոնը եւ չ’կանգնէ այն չարեաց պատճառով, որ ես պիտի բերեմ նորա վերայ, եւ նորանք պէտք է վաստակեն։ Մինչեւ այստեղ է Երեմիայի խօսքերը։