ԵՐԵՄԻԱ48
  • 1Մովաբի մասին այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ Նաբաւին, որ աւերակ է դառել. Կարիաթեմն ամաչեց՝ առնուեցաւ, ամաչեց Մասգաբը եւ զարհուրեց։
  • 2Այլ եւս Մովաբի պարծենալը չ’կայ Եսեբոնում. Նորա վերայ չարիք են խորհում, ասելով՝ Գնանք նորան փչացնենք ազգութիւնից. Դու էլ, ով Մադմէն, պիտի պապանձես. Ետեւիցդ գալիս է սուրը։
  • 3Աղաղակի ձայն է գալիս Որոնայիմիցը, աւերո՜ւմ եւ մեծ կոտորա՜ծ։
  • 4Մովաբը փշրուեցաւ. Նորա պզտիկները աղաղակ բարձրացրին։
  • 5Որովհետեւ Ղուիթի զառիվերովը լացով են վեր ելնում՝ լացով. Որովհետեւ Որոնայիմի զառիվայրի վերայ լսում են թշնամիքը կոտորածի աղաղակ։
  • 6Փախէք, ազատեցէք ձեր անձը. Եւ մոշենիի պէս եղէք անապատումը։
  • 7Որովհետեւ քո գործերին եւ քո գանձերին վստահելուդ համար դու էլ պիտի առնուիս. Եւ Քամովսը պիտի գերի գնայ՝ նորա քահանաները եւ նորա իշխանները միասին իր հետ։
  • 8Եւ պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չ’պրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։
  • 9Մովաբին թեւեր տուէք, որ թռչէ փախչէ. Եւ նորա քաղաքները աւերակ պիտի դառնան, բնակիչ պիտի չ’լինի նորանցում։
  • 10Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, եւ անիծեալ լինի իր սուրը արիւնից խնայողը։
  • 11Հանգիստ էր Մովաբն իր մանկութիւնից ի վեր, եւ հանդարտ մնացել էր իր մրուրի վերայ, նա չ’թափուեցաւ ամանից աման, եւ գերութեան չ’գնաց. Դորա համար նորա համը մնաց իրանում եւ հոտը չ’փոխուեցաւ։
  • 12Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կ’ուղարկեմ, եւ նորանք կ’փոխադրեն նորան, եւ նորա ամանները կ’դարտակեն եւ նորա տիկերը կ’պատառոտեն։
  • 13Եւ Մովաբը կ’ամաչէ Քամովսից, ինչպէս որ Իսրայէլի տունը ամաչեց իր ապաւինած Բեթէլից։
  • 14Ի՞նչպէս էք ասում, Մենք տղամարդիկ ենք, եւ զօրաւոր մարդիկ՝ պատերազմի համար։
  • 15Մովաբը քանդուեցաւ եւ նորա քաղաքները վեր ելան, եւ նորա ընտիր երիտասարդները իջան մորթուելու, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։
  • 16Մօտ է Մովաբի կորուստը որ գայ, եւ նորա ձախորդութիւնը շտապում է։
  • 17Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։
  • 18Իջիր փառքիցը եւ նստիր ծարաւութիւնում, ով Դեբոնում բնակող աղջիկ. Որովհետեւ Մովաբը կործանողը քեզ վերայ է յարձակուելու, եւ քարուքանդ է անելու քո բերդերը։
  • 19Ճանապարհին կանգնիր եւ դիտիր, ով Արոերի բնակիչ, հարցրու փախչողին եւ պրծնողին, ասիր՝ Ի՞նչ դառաւ։
  • 20Ամաչեց Մովաբը, որովհետեւ կոտրուեցաւ. ոռնա եւ գոռա. Պատմեցէք Առնոնումը, թէ աւերակ եղաւ Մովաբը։
  • 21Եւ դատաստան եկաւ դաշտի երկրի վերայ Քօզոնի, Յասսայի եւ Մեփայաթի վերայ.
  • 22Եւ Դեբոնի վերայ, Նաբաւի վերայ, եւ Բեթդէբլաթեմի վերայ,
  • 23Եւ Կարիաթեմի վերայ, եւ Բեթգամովղի վերայ եւ Բեթմաւոնի վերայ.
  • 24Եւ Կարիօթի վերայ, եւ Բօսրայի վերայ, եւ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վերայ, հեռաւորների եւ մօտաւորների վերայ։
  • 25Կոտրուեցաւ Մովաբի եղջիւրը, եւ նորա բազուկը փշրուեցաւ, ասում է Տէրը։
  • 26Նորան արբեցրէք, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ, որ թաւալուի Մովաբն իր փսխածումը եւ ինքն էլ ծաղր լինի։
  • 27Կամ մի՞թէ Իսրայէլը ծաղր չ’եղաւ քեզ համար, կամ նա գողերի միջում գտնուեցա՞ւ. Որ քանիցս որ նորա վերայ խօսէիր, գլուխդ էիր շարժում։
  • 28Ձգեցէք քաղաքները եւ վէմերում բնակուեցէք, ով Մովաբի բնակիչներ. Եւ աղաւնիի նման եղէք, որ բոյն է դնում անդունդի բերանի անցքումը։
  • 29Մենք լսել ենք Մովաբի ամբարտաւանութիւնը. Նա շատ ամբարտաւան է. Նորա հպարտութիւնը, եւ նորա ամբարտաւանութիւնը, նորա գոռոզութիւնը եւ նորա բարձրամտութիւնը։
  • 30Ես գիտեմ, ասում է Տէրը, նորա սրտմտութիւնը, բայց պարապ է. Նորա սնապարծ խօսքերը ոչինչ չեն գործել։
  • 31Սորա համար պիտի ողբամ Մովաբի վերայ, եւ աղաղակեմ բոլոր Մովաբի վերայ, Կիրհարեսի մարդկանց համար հառաչում են։
  • 32Յազերի լացովը լաց եմ լինելու քեզ վերայ, ով Սեբամայի որթը, քո շառաւիղները անցան ծովիցը, մինչեւ Յազերի ծովն են հասել. Քո ամառային պտուղի եւ քո այգեկութի վերայ աւարառու յարձակուեցաւ։
  • 33Եւ վեր է առնուելու ուրախութիւնն ու ցնծութիւնը պտղաբեր արտերիցն ու Մովաբի երկրիցը, եւ գինին դադարեցնելու եմ հնձաններիցը, ուրախութիւնով խաղող պիտի չ’կոխուի, եւ խաղող կոխելու ուրախութիւնը ուրախութիւն չէ լինելու։
  • 34Եսեբոնի աղաղակից մինչեւ Եղէաղէ մինչեւ Յասսա տուին իրանց ձայնը. Սեգովրից մինչեւ Որոնայիմ եռամեայ երինջի նման. Որովհետեւ Նեմերիմի ջուրերը անապատ են դառել։
  • 36Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։
  • 37Որովհետեւ ամեն գլուխ պիտի կնտանայ, եւ ամեն մօրուք կտրուի, բոլոր ձեռքերի վերայ կտրածներ պիտի լինեն, եւ մէջքի վերայ՝ քուրձ։
  • 38Մովաբի բոլոր կտուրների վերայ եւ նորա փողոցներումը բոլորովին ողբ պիտի լինի, որ ես կոտրեցի Մովաբին մի այնպիսի ամանի պէս, որից չեն ախորժիլ, ասում է Տէրը։
  • 39Ի՜նչպէս կոտրուեցաւ. Ոռնում են. Ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. Եւ Մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։
  • 40Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա արծիւի պէս թռչում է, եւ տարածում իր թեւերը Մովաբի վերայ։
  • 41Քաղաքները առնվում են, եւ բերդերը՝ նուաճվում. Եւ այն օրը Մովաբի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնոջ սրտին պէս կ’լինի։
  • 42Եւ Մովաբը պիտի ոչնչանայ ժողովուրդ լինելուց, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ։
  • 43Վախ ու վիհ ու վարմ քեզ վերա՜յ, ով Մովաբի բնակիչ, ասում է Տէրը։
  • 44Վախիցը փախչողը վիհը պիտի ընկնէ, եւ վիհիցը դուրս ելնողը վարմումը պիտի բռնուի. Որովհետեւ ես նորա վերայ այսինքն Մովաբի վերայ պիտի բերեմ նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։
  • 45Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. Բայց կրակ դուրս եկաւ Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։
  • 46Վա՜յ քեզ, Մովաբ, կորաւ Քամովսի ժողովուրդը, որովհետեւ քո տղերքը գերի առնուեցան, եւ աղջկերքդ՝ գերութեան։
  • 47Բայց ետքի օրերը ետ պիտի դարձնեմ Մովաբի գերութիւնը, ասում է Տէրը։ Մինչեւ այստեղ է Մովաբի դատաստանը։
← Ցանկ