ԵՐԵՄԻԱ46
  • 1Տիրոջ խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին ազգերի մասին,
  • 2Եգիպտոսի նկատմամբ Եգիպտոսի Նեքաւով Փարաւօնի զօրքի մասին, որ Եփրատ գետի մօտ Քարքամիսումն էր, որին զարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին։
  • 3Ասպար ու վահան պատրաստեցէք, եւ մօտեցէք պատերազմի.
  • 4Լծեցէք ձիանքը, եւ ձիաւորուեցէք, ով հեծեալներ. Շարուեցէք սաղաւարտներով, փայլեցրէք նիզակները, հագէք զրահները։
  • 5Ի՞նչու եմ նորանց տեսնում զարհուրած ետ դառնալիս, եւ նորանց քաջազունները ջարդվում են. Վազելով փախչում են եւ ետ չեն նայում, երկիւղ շուրջանակի, ասում է Տէրը։
  • 6Թող արագաշարժը չ’փախչէ, եւ չ’պրծնէ զօրաւորը. Հիւսիսում՝ Եփրատ գետի եզերքում պիտի սահեն եւ կործանուին։
  • 7Ո՞վ է սա որ վեր է գալիս գետի պէս, գետերի նման ծփում են նորա ջուրերը։
  • 8Եգիպտոսը վեր է գալիս գետի պէս, եւ գետերի պէս ծփում են ջուրերը. Եւ ասում է. Ես վեր կ’գնամ, երկիրը կ’ծածկեմ, բնաջինջ կ’անեմ քաղաքը եւ նորանում բնակողներին։
  • 9Վեր ելէք, ով ձիանք, եւ կատաղեցէք, ով կառքեր, եւ զօրաւորները դուրս գան, Եթէովպացի եւ Փութացի վահան բռնողները, եւ Ղուդացի աղեղ բռնող լարողները։
  • 10Որովհետեւ այս օրն է Զօրաց Եհովայ Տիրոջ վրէժխնդրութեան օրը, որ վրէժ առնէ իր թշնամիներից, եւ սուրը պիտի ուտէ եւ կշտանայ եւ նորանց արիւնովը լիանայ, որ Զօրաց Եհովայ Տէրը զոհ ունի, հիւսիսային երկրումը՝ Եփրատ գետի մօտ։
  • 11Վեր ելիր Գաղաադ, եւ բալասան առ, ով Եգիպտոսի կոյս աղջիկ. Զուր ես շատացնում դեղերը. սպեղանիք չ’կայ քեզ համար։
  • 12Ազգերը լսում են քո անարգանքը, եւ քո աղաղակովը լցուել է երկիրը. Որովհետեւ զօրաւորը զօրաւորովը սահում է, նորանք միասին երկուսն էլ կործանուեցան։
  • 13Այն խօսքը որ Տէրը խօսեց Երեմիա մարգարէին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի գալու եւ Եգիպտոսի երկիրը զարկելու նկատմամբ։
  • 14Պատմեցէք Եգիպտոսումը եւ լուր տուէք Մագդողումը, եւ լուր տուէք Մեմփիսումը եւ Տափնասումը, ասեցէք, Կանգնիր եւ պատրաստ եղիր. Որ սուրը պիտի ուտէ քո շրջակայքը։
  • 15Ի՞նչու կործանուեցան քո զօրաւորքը. Նորանք չ’կանգնեցին, որովհետեւ Տէրը նորանց վայր գցեց։
  • 16Շատացրեց գլորուածներին. իրար վերայ էլ ընկան, եւ ասեցին. Վեր կաց, որ դառնանք վեր դէպի մեր ժողովուրդը եւ դէպի մեր հայրենի երկիրը բռնաւորի սուրի պատճառովը։
  • 17Այնտեղ կանչում էին՝ Եգիպտոսի Փարաւօն թագաւորը ճայթում է, անց է կացրել որոշուած ժամանակը։
  • 18Կենդանի եմ ես, ասում է Թագաւորը՝ անունը Զօրաց Տէր. Որ ինչպէս Թաբօրն է սարերի մէջ, եւ Կարմեղոսը մինչեւ ծովը, նա պէտք է գայ։
  • 19Գերութեան կարասիներ պատրաստիր քեզ համար, ով Եգիպտոսում բնակող աղջիկ, որ Մեմփիսը աւերակ պիտի դառնայ, եւ պիտի վառուի առանց բնակողի մնայ։
  • 21Նորա վարձուածներն էլ նորա մէջ պարարտ երինջների նման են. Որովհետեւ նորանք էլ ետ դառան, փախան միասին՝ չ’կանգնեցին, որ նորանց կորստեան օրը եկաւ նորանց վերայ, նորանց այցելութեան ժամանակը։
  • 22Նորա ձայնը դուրս է գալիս ինչպէս օձինը, որովհետեւ զօրքով են դուրս գալիս, եւ կացիններով են գալիս նորա վերայ փայտահարների նման։
  • 23Նորանք պիտի կտրեն նորա անտառը, ասում է Տէրը, թէպէտ եւ նա անհամար էլ լինի. Որովհետեւ նորանք մարախից շատ են եւ թիւ չ’կայ նորանց։
  • 24Ամօթով պիտի մնայ Եգիպտոսի աղջիկը, նա պիտի հիւսիսի ժողովրդի ձեռքը տրուի։
  • 25Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասում է. Ահա ես այցելում եմ Նովացի Ամոնին, նաեւ Փարաւօնին եւ Եգիպտոսին, եւ նորա աստուածներին ու նորա թագաւորներին, եւ Փարաւօնին եւ նորան ապաւինողներին։
  • 26Եւ նորանց պիտի մատնեմ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ նորա ծառաների ձեռքը. Եւ այնուհետեւ կ’բնակուէ առաջի օրերին պէս ասում է Տէրը։
  • 27Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ ազատելու եմ հեռուից, եւ քո սերունդը՝ իրանց գերութեան երկրիցը. Եւ Յակոբը պիտի ետ դառնայ, եւ հանգիստ ու հանդարտ լինի. Եւ վախեցնող չէ լինելու։
  • 28Դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Նորա համար որ ես քեզ հետ եմ. Որովհետեւ ես պիտի վերջացնեմ բոլոր այն ազգերին, ուր որ քեզ աքսորեցի. Բայց քեզ պիտի չ’վերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ չափաւորութեամբ, եւ քեզ անպատճառ անմեղ չեմ համարելու։
← Ցանկ