ԵՐԵՄԻԱ42
  • 2Եւ ասեցին Երեմիա մարգարէին. Թող մեր աղաչանքը քո առաջին ընդունելի լինի, եւ մեզ համար աղօթք արա քո Տէր Աստուծուդ այս բոլոր մնացորդի համար, որովհետեւ շատիցը քիչ ենք մնացել, ինչպէս որ աչքդ մեզ տեսնում է։
  • 3Եւ քո Տէր Աստուածը մեզ իմացնէ մեր գնալու ճանապարհը եւ մեր անելու բանը։
  • 4Եւ Երեմիա մարգարէն ասեց նորանց. Լսեցի, ահա ես աղօթք կ’անեմ ձեր Տէր Աստուծուն ձեր խօսքերի համեմատ, եւ ինչ պատասխան որ Տէրը ձեզ համար տալու լինի, ես ձեզ կ’իմացնեմ, ձեզանից մի բան ետ չեմ պահել։
  • 5Եւ նորանք ասեցին Երեմիային. Տէրը մեր մէջը ճշմարիտ եւ հաւատարիմ վկայ լինի, որ անպատճառ կ’անենք այն ամեն խօսքերի համեմատ, որոնք քո Տէր Աստուածը կ’ուղարկէ քեզ մօտ մեր մասին, այնպէս կ’անենք.
  • 6Թէ բարի թէ չար, մենք պիտի լսենք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որի մօտ մենք քեզ ուղարկում ենք, որպէս զի մեզ համար լաւ լինի մեր Տէր Աստուծոյ ձայնին լսելով։
  • 7Եւ տասը օրից յետոյ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային.
  • 8Եւ նա կանչեց Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին եւ բոլոր ժողովրդին փոքրից մինչեւ մեծը,
  • 9Եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որի մօտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղօթքը մատուցանեմ նորան.
  • 10Եթէ այս երկրումը բնակուելու լինէք, ես էլ պիտի շէն անեմ ձեզ եւ պիտի չ’քանդեմ, եւ ես պիտի տնկեմ ձեզ եւ պիտի չ’խլեմ, որովհետեւ զղջացի այն չարիքի համար, որ արի ձեզ։
  • 11Մի վախենաք Բաբիլոնի թագաւորի երեսից, որի երեսիցը դուք վախենում էք. Նորանից մի վախենաք, ասում է Տէրը, որովհետեւ ես ձեզ հետ եմ ձեզ ազատելու եւ ձեզ փրկելու նորա ձեռքիցը.
  • 12Եւ ձեզ ողորմութիւններ պիտի գտնել տամ, եւ նա ձեզ պիտի ողորմէ, եւ նա ձեզ ետ պիտի դարձնէ ձեր երկիրը։
  • 13Եւ եթէ ասէք. Մենք չենք կենալ այս երկրումը՝ ձեր Տէր Աստուծոյ ձայնին չ’լսելով.
  • 14Ասելով թէ Ոչ, այլ պէտք է գնանք Եգիպտոսի երկիրը, որ այնտեղ պատերազմ չենք տեսնիլ եւ փողի ձայնը չենք լսիլ, եւ հացի համար չենք սովիլ, եւ այնտեղ կ’բնակուենք.
  • 15Ուրեմն հիմա Տիրոջ խօսքը լսեցէք, ով Յուդայի մնացորդ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ դուք ձեր երեսները ուղղէք Եգիպտոս գնալու եւ գնաք այնտեղ պանդխտանալու,
  • 16Այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ, եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից Եգիպտոսումը, եւ այնտեղ պիտի մեռնէք։
  • 17Եւ այն ամեն մարդիկը, որոնք իրանց երեսները ուղղել են Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան, պիտի մեռնեն սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանցից ազատուող պրծնող պիտի չ’լինի այն չարեաց երեսիցը, որոնք ես պիտի բերեմ ձեզ վերայ։
  • 18Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ինչպէս որ թափուեցաւ իմ բարկութիւնն ու իմ սրտմտութիւնը Երուսաղէմի բնակիչների վերայ, նոյնպէս պիտի թափուի ձեզ վերայ իմ սրտմտութիւնը, երբոր դուք Եգիպտոս գնաք, եւ դուք պիտի լինիք անէծք եւ զարմանք եւ նզովք ու նախատինք. Եւ այլ եւս չէք տեսնիլ այստեղը։
  • 19Տէրը ասում է ձեզ համար, ով Յուդայի մնացորդը, Եգիպտոս մի գնաք. Հաստատ իմացած լինէք, որ այսօր վկայեցի ձեզ համար։
  • 20Որովհետեւ դուք նենգութիւն արիք ձեր հոգիների դէմ, որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստուծուն մօտ ասելով. Մեզ համար աղօթք արա դէպի մեր Տէր Աստուածը, եւ այն ամենի համեմատ ինչ որ ասէ մեր Տէր Աստուածը, այնպէս մեզ իմացրու եւ մենք կ’անենք։
  • 21Եւ ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չէք լսում ձեր Տէր Աստուծոյ ձայնին, եւ այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մօտ է ուղարկել։
  • 22Եւ հիմա հաստատ իմացած լինէք, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի մեռնէք այնտեղը, ուր որ ուզում էք գնալ այնտեղ պանդխտանալու համար։
← Ցանկ