ԵՐԵՄԻԱ39
  • 1Յուդայի թագաւոր Սեդեկիայի իններորդ տարուայ տասներորդ ամսումը եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքը Երուսաղէմ եւ պաշարեցին նորան։
  • 2Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ չորրորդ ամսումը՝ ամսի իննին քաղաքը նուաճուեցաւ։
  • 3Եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր իշխանները եկան նստեցին միջին դռանը այսինքն Ներգեղսարասարը, Սամեգարնաբաւը, Սարսեքիմ ներքինապետը, Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր մնացած իշխանները։
  • 4Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. Եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։
  • 5Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։
  • 6Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։
  • 8Եւ Քաղդէացիք այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։
  • 9Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը Նաբուզարդան դահճապետը գերի տարաւ Բաբիլոն։
  • 10Եւ աղքատ ժողովրդիցը, որ ոչինչ չ’ունէին, թողեց Նաբուզարդան դահճապետը Յուդայի երկրումը, եւ նորանց տուաւ այգիներ եւ արտեր նոյն ժամանակին։
  • 11Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով.
  • 12Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չ’անես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա։
  • 13Եւ Նաբուզարդան դահճապետը եւ Նաբուսազաբան ներքինապետը եւ Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր նախարարները ուղարկեցին,
  • 14Այսինքն սորանք մարդ ուղարկեցին եւ առան Երեմիային բանտի գաւիթից, եւ տուին նորան Սափանի որդիի Աքիկամի որդիի Գոդողիային, որ նորան դուրս բերէ տանէ տունը. Եւ նա բնակուեց ժողովրդի մէջ։
  • 15Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր նա բանտի գաւիթումը արգելուած էր, ասելով.
  • 16Գնա ասիր Եթէովպացի Աբդիմելէքին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես պիտի բերեմ իմ խօսքերը այս քաղաքի վերայ ’ի չարն, եւ ոչ թէ ’ի բարին, եւ կ’կատարուին քո առաջին այն օրը։
  • 17Եւ կ’ազատեմ քեզ այն օրը, ասում է Տէրը, եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։
  • 18Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ, եւ դու սրով չես ընկնիլ, եւ քո հոգին քեզ համար աւարի պէս կ’լինի, որովհետեւ դու ինձ յուսացիր, ասում է Տէրը։
← Ցանկ