ԵՐԵՄԻԱ36
  • 1Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ այս խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.
  • 2Քեզ համար մի տոմս առ եւ գրիր նորա վերայ այն բոլոր խօսքերը, որ ասել եմ քեզ Իսրայէլի մասին եւ Յուդայի մասին եւ բոլոր ազգերի մասին այն օրիցն սկսած որ խօսեցի քեզ հետ Յովսիայի օրերիցը մինչեւ այս օրը։
  • 3Կարելի է կ’լսէ Յուդայի տունը այն բոլոր չարիքը, որ ես խորհել եմ նորանց անելու, որպէս զի ամեն մարդ իր չար ճանապարհիցը ետ դառնայ, եւ ես ներեմ նորանց անօրէնութիւնը եւ նորանց մեղքը։
  • 5Եւ Երեմիան պատուիրեց Բարուքին ասելով. Ես բանտարկուած եմ՝ չեմ կարող գնալ Տիրոջ տունը.
  • 6Բայց դու գնա եւ կարդա այդ տոմսիցը, որ դու գրեցիր իմ բերանիցը, Տիրոջ խօսքերը՝ ժողովրդի ականջին Տիրոջ տանը ծոմապահութեան օրը, նաեւ բոլոր Յուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրանց քաղաքներիցը, կարդաս նորան։
  • 7Կարելի է նորանց աղօթքը ընկնէ Տիրոջ առաջը եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը, որովհետեւ մեծ է այն բարկութիւնն ու սրտմտութիւնը, որ Տէրը ասել է այս ժողովրդի դէմ։
  • 8Եւ Ներիայի որդի Բարուքը արաւ այն ամենի համեմատ, որ նորան պատուիրել էր Երեմիա մարգարէն, որ կարդայ Տիրոջ խօսքերի գրքիցը Տիրոջ տանը։
  • 9Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարին իններորդ ամսին ծոմապահութիւն քարոզեցին Տիրոջ առաջին Երուսաղէմի բոլոր ժողովուրդը, եւ այն բոլոր ժողովուրդը, որ եկել էր Յուդայի քաղաքներից Երուսաղէմ։
  • 10Եւ Բարուքը կարդաց գրքիցը Երեմիայի խօսքերը Տիրոջ տանը Սափան դպրի որդի Գամարիայի սենեակումը վերի գաւիթումը, Տիրոջ տան նոր դռան մուտքումը ժողովրդի ականջի առաջին։
  • 11Եւ Սափանի որդիի Գամարիայի որդի Միքիան լսեց Տիրոջ բոլոր խօսքերը այն գրքի միջից.
  • 12Եւ իջաւ թագաւորի տունը դպրի սենեակը, եւ ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը եւ Սեմայիայի որդի Դաղայիան եւ Աքբորի որդի Եղնաթանը եւ Սափանի որդի Գամարիան եւ Անանիայի որդի Սեդեկիան եւ բոլոր իշխանները։
  • 13Եւ Միքիան նորանց պատմեց այն ամեն խօսքերը, որ լսել էր, երբոր Բարուքը կարդում էր գրքիցը ժողովրդի ականջին։
  • 14Եւ բոլոր իշխանները ուղարկեցին Բարուքի մօտ Քուսիի որդի Սեղեմիայի որդիի Նաթանիայի որդի Յուդիին ասելով. Այն տոմսը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, վեր առ եւ եկ. Եւ Ներիայի որդի Բարուքն առաւ այն տոմսը իր ձեռքը եւ գնաց նորանց մօտ։
  • 15Եւ նորանք ասեցին նորան. Խնդրում ենք՝ նստիր, եւ կարդա դորան մեր ականջին. Բարուքն էլ կարդաց նորանց ականջին։
  • 16Եւ երբոր նորանք լսեցին այն բոլոր խօսքերը, դողալով իրար էին նայում, եւ ասեցին Բարուքին. Անպատճառ պատմելու ենք թագաւորին այդ բոլոր խօսքերը։
  • 17Եւ Բարուքին հարցրին եւ ասեցին. Խնդրում ենք՝ մեզ ասիր՝ ի՞նչպէս գրեցիր այս բոլոր խօսքերը նորա բերանիցը։
  • 18Եւ Բարուքն ասեց նորանց. Իր բերանովը նա ինձ ասում էր այս բոլոր խօսքերը եւ ես գրում էի այս գրքում թանաքով։
  • 19Եւ իշխաններն ասեցին Բարուքին. Գնա եւ թաք կացէք դու եւ Երեմիան, եւ մարդ չ’իմանայ թէ դուք որտեղ էք։
  • 20Եւ նորանք եկան սրահը թագաւորի մօտ, բայց տոմսը պահ տուին դպիր Եղիսամայի սենեակումը, եւ բոլոր խօսքերը պատմեցին թագաւորի ականջին։
  • 21Եւ թագաւորը ուղարկեց Յուդիին, որ առնէ տոմսը. Եւ նա առաւ նորան դպիր Եղիսամայի սենեակից, եւ Յուդին կարդաց նորան թագաւորի ականջին եւ բոլոր իշխանների ականջին, որ կանգնել էին թագաւորի կշտին։
  • 22Եւ թագաւորը կենում էր ձմերատանը իններորդ ամսումը, եւ կրակարանը վառուած էր նորա առաջին։
  • 23Եւ եղաւ երբոր Յուդին կարդաց երեք եւ չորս էջ, նա կտրեց նորան դպրի դանակովը եւ գցեց կրակը, որ կրակարանումն էր մինչեւ որ բոլոր տոմսը վերջացաւ կրակարանումն եղող կրակի վերայ։
  • 24Եւ չ’զարհուրեցան եւ չ’պատառեցին իրանց հանդերձները ոչ թագաւորը եւ ոչ նորա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խօսքերը.
  • 25Թէպէտ եւ Եղնաթանը, Դաղայիան եւ Գամարիան թագաւորին պաղատեցին, որ տոմսը չ’այրէ. Բայց նա նորանց չ’լսեց։
  • 26Եւ թագաւորը հրամայեց Յերամելին՝ թագաւորի որդիին՝ եւ Եզրիէլի որդի Սարայիային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն դպիր Բարուքին եւ Երեմիա մարգարէին, բայց Տէրը նորանց ծածկեց։
  • 27Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր թագաւորը այրել էր այն տոմսը եւ այն խօսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, ասելով՝
  • 28Դարձեալ քեզ համար մի ուրիշ տոմս առ եւ գրիր նորա վերայ այն առաջի խօսքերը, որոնք կային առաջի տոմսի վերայ, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրեց,
  • 29Եւ Յուդայի Յովակիմ թագաւորին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Դու այրեցիր այս տոմսը ասելով թէ Ի՞նչու ես գրել նորա վերայ թէ անպատճառ պիտի գայ Բաբիլոնի թագաւորը եւ աւերէ երկիրը եւ դադարեցնէ նորանից մարդն ու անասունը։
  • 30Դորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորի մասին. Նորա համար նստող չ’պիտի լինի Դաւիթի աթոռի վերայ եւ նորա դիակը պիտի դէն գցուի եւ մնայ ցերեկը տաքումը եւ գիշերը ցրտումը։
  • 31Եւ ես պիտի այցելեմ նորան եւ նորա սերունդին եւ նորա ծառաներին իրանց անօրէնութիւնների համար, եւ պիտի բերեմ նորանց վերայ եւ Երուսաղէմի բնակիչների վերայ եւ Յուդայի մարդկանց վերայ այն բոլոր չարիքը որ ես ասեցի նորանց, բայց նորանք չ’լսեցին։
  • 32Եւ Երեմիան մի ուրիշ տոմս առաւ եւ տուաւ Ներիայի որդի դպիր Բարուքին, եւ նա գրեց նորա վերայ Երեմիայի բերանից այն գրքի բոլոր խօսքերը, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրել էր կրակով, եւ դեռ նորանց վերայ նորանց պէս շատ բաներ էլ աւելացուեցան։
← Ցանկ