ԵՐԵՄԻԱ34
  • 1Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքերը եւ երկրի բոլոր թագաւորութիւնները որ իր իշխանութեան ձեռքումն էին, եւ բոլոր ժողովուրդներովը պատերազմում էին Երուսաղէմի դէմ եւ նորա բոլոր քաղաքների դէմ, ասելով.
  • 2Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ խօսիր Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս քաղաքը պիտի տամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի այրէ նորան կրակով։
  • 3Եւ դու պիտի չ’պրծնես նորա ձեռքիցը, այլ անպատճառ պիտի բռնուիս եւ նորա ձեռքը մատնուիս, եւ քո աչքերը պիտի տեսնեն Բաբիլոնի թագաւորի աչքերը, եւ նորա բերանը պիտի խօսէ քո բերանի հետ, եւ պիտի գնաս Բաբիլոն։
  • 4Սակայն լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի Սեդեկիա թագաւոր, այսպէս է ասում Տէրը քո մասին. Դու սրով պիտի չ’մեռնես։
  • 5Դու խաղաղութիւնով պիտի մեռնես. Եւ ինչպէս որ քեզանից առաջ եղող քո հայրերի առաջին թագաւորների համար խունկեր ծխեցին, նոյնպէս եւ պիտի ծխեն քեզ համար, եւ Վա՜յ տէր, ասելով, պիտի սուգ անեն քեզ վերայ, որովհետեւ այս խօսքը ես խօսեցի, ասում է Տէրը։
  • 6Եւ Երեմիա մարգարէն խօսեց Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ այս բոլոր խօսքերը Երուսաղէմում։
  • 7Եւ Բաբիլոնի թագաւորի զօրքը պատերազմում էր Երուսաղէմի դէմ եւ Յուդայի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի քաղաքների մէջ սորանք էին մնացել պարսպաւոր քաղաքներ։
  • 8Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբոր Սեդեկիա թագաւորը Երուսաղէմումն եղող ժողովրդի բոլորի հետ ուխտ էր դրել, որ նորանք ազատութիւն քարոզեն.
  • 9Որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին՝ Եբրայեցիին եւ Եբրայեցուհիին ազատ արձակէ, որ ոչ մէկը չ’ծառայեցնէ իր Հրէայ եղբօրը։
  • 10Եւ լսեցին բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը, որոնք ուխտ արին, որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին ազատ արձակէ, որ այլ եւս նորան չ’ծառայեցնէ եւ նորանք լսեցին ու արձակեցին։
  • 11Բայց յետոյ ետ դառան եւ իրանց ազատ արձակած ծառաներին եւ աղախիններին ետ դարձրին եւ նորանց բռնի ծառաներ եւ աղախիններ արին։
  • 12Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ՝ ասելով.
  • 13Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես ուխտ արի ձեր հայրերի հետ այն օրը որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը ասելով թէ
  • 14Եօթը տարիից յետոյ ձեզանից ամեն մարդ արձակէ իր Եբրայեցի եղբօրը, որ ծախուած է քեզ վերայ եւ ծառայել է քեզ վեց տարի, դու նորան ազատ արձակիր քո կշտիցը, բայց ձեր հայրերը ինձ չ’հնազանդեցին եւ ականջ չ’դրին։
  • 15Եւ դուք այսօր ետ էիք դառել եւ արել այն՝ ինչ որ ուղիղ է իմ աչքի առաջին ամեն մարդ իր ընկերին ազատութիւն քարոզելով, եւ ուխտ էիք կապել իմ առաջին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը.
  • 16Բայց էլի դառաք ու պղծեցիք իմ անունը, եւ ետ դարձրիք ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին, որոնց ազատ արձակել էիք իրանց համար, եւ նորանց բռնադատեցիք, որ ձեզ համար ծառաներ եւ աղախիններ լինեն։
  • 17Վասնորոյ այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ չ’լսեցիք, որ ազատութիւն քարոզէիք ամեն մարդ իր եղբօրը եւ ամեն մարդ իր ընկերին, ահա ես ձեզ համար ազատութիւն կ’քարոզեմ, ասում է Տէրը, սուրին եւ ժանտախտին եւ սովին, եւ ձեզ պիտի մատնեմ տանջանքի երկրի բոլոր թագաւորութիւններին։
  • 18Եւ պիտի մատնեմ այն մարդիկը, որոնք զանց են արել իմ ուխտը, որոնք չեն կատարել այն ուխտի խօսքերը, որ արին իմ երեսի առաջին, որ զուարակը բաժանեցին երկու կտորի եւ կտորների միջովը անցան,
  • 19Այսինքն Յուդայի իշխանները եւ Երուսաղէմի իշխանները, պալատականները եւ քահանաները եւ երկրի բոլոր ժողովուրդը, որ անց կացաւ զուարակի կտորների միջովը։
  • 20Եւ նորանց պիտի մատնեմ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը, եւ նորանց դիակները պիտի կերակուր դառնան երկնքի թռչունների համար եւ երկրի գազանների համար։
  • 21Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորին եւ նորա իշխաններին պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը որ ձեզանից ետ են գնացել։
  • 22Ահա ես հրամայում եմ, ասում է Տէրը, եւ նորանց ետ եմ դարձնելու այս քաղաքի վերայ, եւ նորանք պիտի պատերազմեն նորա դէմ եւ նորան առնեն եւ նորան այրեն կրակով, եւ Յուդայի քաղաքները պիտի ամայի անեմ՝ առանց բնակչի։
← Ցանկ