ԵՐԵՄԻԱ20
  • 1Եւ Եմմերի որդի Փասուր քահանան, որ իշխանաւոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային որ մարգարէանում էր այս խօսքերը։
  • 2Եւ Փասուրը զարկեց Երեմիա մարգարէին եւ դրաւ նորան կոճղում որ Բենիամինի վերի դռանն էր Տիրոջ տանը։
  • 3Եւ հետեւեալ օրն եղաւ որ Փասուրը Երեմիային կոճղից հանեց. Եւ Երեմիան ասեց նորան. Տէրը քո անունը ոչ թէ Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։
  • 4Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ արհաւիրք պիտի շինեմ քեզ համար եւ քո բոլոր բարեկամների համար. Եւ նորանք պիտի ընկնեն իրանց թշնամիների սրովը, եւ քո աչքերը պիտի տեսնեն, եւ բոլոր Յուդան պիտի մատնեմ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորանց գերի պիտի տանէ Բաբիլոն, եւ նորանց պիտի զարկէ սրով։
  • 5Եւ այս քաղաքի ամեն մթերքը եւ նորա բոլոր վաստակը եւ նորա բոլոր պատուական բաները, եւ Յուդայի թագաւորների բոլոր գանձերը պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի կողոպտեն նորանց, եւ նորանց առնեն ու տանեն Բաբիլոն։
  • 6Իսկ դու, ով Փասուր, եւ քո տան բոլոր բնակիչները, գերի պիտի գնաք. Եւ Բաբիլոն պիտի գնաս եւ այնտեղ մեռնես եւ այնտեղ թաղուիս դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց դու սուտ մարգարէութիւն էիր անում։
  • 7Դու ինձ համոզեցիր, ով Տէր, եւ ես համոզուեցայ, դու ինձանից զօրաւոր եղար եւ յաղթեցիր. ես ծաղր եմ դառել ամեն օր, ամենքը ծիծաղում են իմ վերայ։
  • 8Որովհետեւ քանի անգամ որ խօսեմ՝ պիտի աղաղակեմ, պիտի բողոքեմ բռնութի՜ւն եւ զրկա՜նք. Որովհետեւ Տիրոջ խօսքն ինձ համար ամեն օր նախատինք ու անարգանք է դառել։
  • 9Եւ ես ասեցի. Նորան չ’յիշեմ, եւ չ’խօսեմ այլ եւս նորա անունովը. Այն ժամանակ սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չ’կարողացայ։
  • 10Որովհետեւ ես շատերի պարսաւանքը լսեցի. Վախ է շուրջանակի։ Ամբաստանեցէք եւ մենք էլ ենք ամբաստանելու նորա մասին, ասում են նորանք. իմ բոլոր բարեկամները նայում են իմ սահելուն. Գուցէ կ’խաբուի, այն ժամանակ մենք նորան կ’յաղթենք, եւ մեր վրէժը կ’առնենք նորանից։
  • 11Բայց Տէրը ինձ հետ է զօրաւոր ախոյեանի պէս, դորա համար իմ հալածողները պիտի գլորուին եւ պիտի չ’յաղթեն, նորանք որովհետեւ խելք չ’ունին, պէտք է շատ ամաչեն, մի յաւիտենական անարգանքով, որ պիտի չ’մոռացուի։
  • 12Բայց ով Զօրաց Տէր, որ դու քննում ես արդարին, որ տեսնում ես երիկամունքը եւ սիրտը, թող տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նորանցից, որովհետեւ իմ դատը քեզ յայտնել եմ։
  • 13Երգեցէք Տիրոջը, օրհնեցէք Տիրոջը, որ նա փրկեց աղքատի հոգին չարագործների ձեռքիցը։
  • 14Անիծեալ լինի իմ ծնուած օրը, այն օրը, որ իմ մայրը ծնեց ինձ, օրհնեալ չ’լինի։
  • 15Անիծեալ լինի այն մարդը, որ աւետիք տուաւ իմ հօրն ասելով. Քեզ մի արու զաւակ է ծնուել, որ նորան ուրախութիւնով ուրախացրեց։
  • 16Եւ այն մարդը այն քաղաքների նման լինի, որոնց կործանեց Տէրը եւ չ’խնայեց, եւ նա աղաղակ լսէ առաւօտը, եւ գոռում՝ կէս օրուայ ժամանակին։
  • 17Որ ինձ չ’մեռցրեց արգանդիցը, որ ինձ համար իմ գերեզմանը իմ մայրը լինէր, եւ նորա արգանդը յղի մնար յաւիտեան։
  • 18Ի՞նչու համար ես դուրս եկայ արգանդից, որ աշխատութիւն եւ ցաւ տեսնեմ, եւ իմ օրերը վերջանան ամօթով։
← Ցանկ