ԵՐԵՄԻԱ2
  • 1Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
  • 2Գնա եւ կանչիր Երուսաղէմի ականջներին եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը՝ Յիշեցի քեզ համար քո երիտասարդութեան քաղցրութիւնը, քո հարսնութեան սէրը, քո իմ ետեւից գալը անապատի մէջ՝ այն չ’սերմուած երկրումը։
  • 3Սուրբ էր Իսրայէլը Տիրոջ համար, նորա արդիւնքի առաջինեկը. բոլոր նորան ուտողները յանցաւոր էին լինում, չարիք էր գալիս նորանց վերայ, ասում է Տէրը։
  • 4Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր ազգատոհմեր,
  • 5Այսպէս է ասում Տէրը, Ձեր հայրերը ի՞նչ անիրաւութիւն գտան ինձ վերայ, որ հեռացան ինձանից, եւ ունայնութեան ետեւից գնացին, եւ ունայնացան։
  • 6Եւ չ’ասեցին թէ Ո՞ւր է Տէրը, որ մեզ վեր հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ ման ածեց անապատումը, ամայութեան եւ փոսերի երկրումը՝ չորութեան եւ մահուան ստուերի երկրումը, այնպիսի մի երկրում, որով մարդ չէ անցնում, եւ ուր մարդ չէ բնակվում։
  • 7Եւ ես ձեզ բերի մի պտղաբեր երկիր, որ ուտէք նորա պտուղը եւ նորա բարիքը. Եւ դուք մտաք եւ անմաքուր արիք իմ երկիրը, եւ իմ ժառանգութիւնը պղծութիւն շինեցիք։
  • 8Քահանաները չ’ասեցին թէ Ուր է Տէրը, եւ օրէնքը ձեռքին բռնողները ինձ չ’ճանաչեցին, եւ հովիւները ապստամբուեցին ինձ դէմ, եւ մարգարէքը Բահաղով մարգարէացան, եւ անպիտան բաների ետեւիցը գնացին։
  • 9Սորա համար ես դեռ վիճելու եմ ձեզ հետ, ասում է Տէրը, եւ ձեր որդկանց որդիների հետ եմ վիճելու։
  • 10Որովհետեւ անցկացէք Կիտացիների կղզիները եւ տեսէք, եւ մարդ ուղարկեցէք Կեդար եւ մէկ լաւ հասկացէք, եւ տեսէք, թէ արդեօք մի այդպիսի բան եղած կա՞յ։
  • 11Թէ արդեօք մի ազգ փոխե՞լ է իր աստուածները թէպէտեւ նորանք աստուածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխել է իր Փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չ’ունի։
  • 13Որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց, ինձ՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել։
  • 14Ծառա՞յ է Իսրայէլը, կամ թէ ընդոծի՞ն է նա. Ապա ի՞նչու համար յափշտակութեան մատնուեցաւ։
  • 15Նորա դէմ մռնչեցին առիւծի կորիւնները՝ հանեցին իրանց ձայնը, եւ նորա երկիրը աւերակ արին, նորա քաղաքները այրեցին, որ բնակիչ չ’մնաց։
  • 16Մեմփացիների ու Տափնացիների տղերքն էլ արածեցին քո գագաթի վերայ։
  • 17Չէ՞ որ սա արաւ քեզ քո Տէր Աստուծուն ձգելդ՝ այն ժամանակ երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհումը։
  • 18Եւ հիմա ի՞նչ ունիս դու Եգիպտոսի ճանապարհումը, որ Սիովրի ջուրը խմես, եւ ի՞նչ ունիս դու Ասորեստանի ճանապարհումը, որ Գետի ջուրը խմես։
  • 19Քեզ քո չարութիւնն է խրատում, եւ քո անհաւատարմութիւններն են քեզ յանդիմանում։ Արդ իմացիր եւ տես, որ չար եւ դառն բան է քո Տէր Աստուծուն թողելդ, եւ իմ երկիւղը քեզ վերայ չ’լինելը, ասում է Զօրաց Տէր Եհովան։
  • 20Որովհետեւ դու ի վաղուց ես կոտրել քո լուծը եւ քո կապերը կտորել, եւ ասել ես թէ Չեմ ծառայում. Որովհետեւ ամեն բարձր բլուրի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր դու՝ պոռնկացար։
  • 21Եւ ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, բոլորովին հաւատարիմ սերմ. Բայց դու ինչպէ՜ս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար։
  • 22Որովհետեւ եթէ բորակով լուացուիս, եւ շատ օճառ գործածես, քո անօրէնութիւնը պիտի մնայ իմ առաջին իբրեւ արատ, ասում է Տէր Եհովան։
  • 23Ի՞նչպէս կարող ես ասել. Չեմ պղծուել, Բահաղների ետեւից չեմ գնացել. մտիկ արա հովտի մէջ քո ճանապարհին, հասկացիր թէ ինչ ես արել, ով թեթեւաշարժ մոլորաշաւիղ մատակ ուղտ։
  • 24Մի վայրի էշ, որ սովորած է անապատին, եւ իր հոգիի ցանկութիւնը օդ է ծծում, ո՞վ է կարող նորա տռփանքը ետ դարձնել. Նորա բոլոր որոնողները չեն վաստակում. Նորան իր ամսումն են գտնում։
  • 25Ետ պահիր ոտքդ մերկութիւնից, եւ կոկորդդ՝ ծարաւութիւնից, բայց դու ասեցիր. Անկարելի է՝ ոչ, որովհետեւ ես սիրել եմ օտարներին, եւ գնալու եմ նորանց ետեւից։
  • 26Ինչպէս որ ամաչում է գողը, երբոր բռնվում է, նոյնպէս էլ ամաչելու են Իսրայէլի տունը, նորանք՝ իրանց թագաւորները, իրանց իշխանները, եւ նորանց քահանաներն ու մարգարէները.
  • 27Որոնք ասում են փայտին՝ Իմ հայրն ես, եւ քարին՝ Դու ծնեցիր ինձ. Որովհետեւ նորանք իրանց մէջքը դարձրին դէպի ինձ եւ ոչ թէ երեսը. Բայց իրանց ձախորդութեան ժամանակին՝ Վեր կաց եւ ազատիր մեզ։
  • 28Արդ ո՞ւր են քո աստուածները, որ շինեցիր քեզ համար. Թող նորանք վեր կենան գուցէ քեզ օգնեն քո ձախորդութեան ժամանակին։ Որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա։
  • 29Ինչո՞ւ համար վիճում էք ինձ հետ, դուք ամենքդ ապստամբուել էք ինձ դէմ, ասում է Տէրը։
  • 30Ես զուր եմ ծեծել ձեր որդկանցը. Նորանք խրատ չեն առել. ձեր սուրը կերել է ձեր մարգարէներին ինչպէս մի ապականիչ առիւծ։
  • 31Ով ազգ՝ դուք, մտիկ արէք Տիրոջ խօսքին. Մի՞թէ ես Իսրայէլի համար անապատ եղայ, կամ մի մառախլապատ երկի՞ր. Ի՞նչու համար է ասում իմ ժողովուրդը՝ Ազատ ենք, այլ եւս չենք գալիս քեզ մօտ։
  • 32Մի՞թէ կոյսը կ’մոռանայ իր զարդը, կամ հարսն՝ իր գօտին. Բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր որ թիւ չ’ունի։
  • 33Ի՜նչ լաւ սարքում ես քո ճանապարհը որ սէր որոնես. Հէնց դորա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկների։
  • 34Քո քղանցքումը անմեղ աղքատների հոգիների արիւններն էլ է գտնվում. Ես նորանց չ’գտայ թագուն որոնմամբ, այլ այս ամենի վերայ։
  • 35Բայց դու ասում ես թէ Ես անմեղ եմ. Հէնց նորա բարկութիւնը ետ էլ է դառել ինձանից։ Ահա ես քեզ հետ պիտի դատ վարեմ քո ասելու համար, թէ Չեմ մեղանչել։
  • 36Ի՞նչ ես շատ թափառում՝ ճանապարհներդ փոփոխելով, Եգիպտոսիցն էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանիցն ես ամաչել։
  • 37Սորանից էլ դուրս կ’գաս, ձեռքերդ էլ գլխիդ, որովհետեւ Տէրը մերժել է քո յոյսերը, եւ դու չես յաջողուելու նորանցում։
← Ցանկ