ԵՐԵՄԻԱ17
  • 1Յուդայի մեղքը գրուած է երկաթի գրիչով՝ ադամանդեայ ծայրով, փորագրուած է նորանց սրտի տախտակի վերայ, եւ ձեր սեղանների եղջիւրների վերայ։
  • 2Նորանք յիշում են իրանց որդկանց յիշելուն պէս իրանց սեղաններին, եւ իրանց աստարովթներին կանաչ ծառերի մօտ բարձր բլուրների վերան։
  • 3Ով իմ դաշտի միջի սար, քո հարստութիւնը՝ քո բոլոր գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ, քո բարձրաւանդակները՝ մեղքի համար քո բոլոր սահմաններում։
  • 4Եւ պիտի զրկուիս հէնց քեզանով քո ժառանգութիւնիցը որ քեզ տուի, եւ քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին՝ մի այնպիսի երկրում որ դու չ’գիտէիր, որովհետեւ կրակ էք տուել իմ բարկութեանը, մինչեւ յաւիտեան պիտի վառուի։
  • 5Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։
  • 6Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ’տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։
  • 7Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։
  • 8Նա նման կ’լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կ’ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կ’լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։
  • 9Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. Նորան ո՞վ կարող է հասկանալ։
  • 10Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։
  • 11Անիրաւութեամբ հարստութիւն շինողը իր չ’ածածովը թխսող կաքաւի պէս է. Նա իր օրերի կէսին պիտի թողէ նորան, եւ իր վերջումը յիմար կ’լինի։
  • 13Իսրայէլի յոյսը, ով Տէր, բոլոր քեզ թողողները պիտի ամաչեն. Ինձանից հեռացողները տափումն են գրուելու. Որովհետեւ թողեցին կենաց ջրի աղբիւրը՝ Տիրոջը։
  • 14Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կ’բժշկուիմ. Փրկիր ինձ, եւ ես կ’փրկուիմ. Որովհետեւ իմ պարծանքը դու ես։
  • 15Ահա նորանք ինձ ասում են, Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող մէկ գայ։
  • 16Բայց ես ետ չ’քաշուեցայ քո ետեւից հովիւ լինելուց, եւ ձախորդ օրուայ չեմ բաղձացել, դու գիտես. Իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջին էր։
  • 17Ինձ համար արհաւիրք մի լինիր. իմ ապաւէնը դու ես չար օրը։
  • 18Թող ամաչեն ինձ հալածողները, իսկ ես պիտի չ’ամաչեմ. Թող նորանք զարհուրեն, իսկ ես պիտի չ’զարհուրեմ. Նորանց վերայ չար օր բեր, եւ երկպատիկ կոտորածով կոտորիր նորանց։
  • 19Տէրն այսպէս է ասում ինձ. Գնա եւ կանգնիր ժողովրդի որդկանց դռանը, որով Յուդայի թագաւորները մտնում են եւ դուրս են գալիս. Եւ Երուսաղէմի բոլոր դռներումը։
  • 20Եւ ասիր նորանց. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ եւ ով բոլոր Յուդա եւ ով Երուսաղէմի բոլոր բնակիչներ, որ գալիս էք այս դռները։
  • 21Այսպէս է ասում Տէրը. Զգուշացէք ձեր անձերի համար, եւ բեռ մի վեր առնէք շաբաթ օրը ու մի բերէք Երուսաղէմի դռներիցը ներս։
  • 22Եւ ձեր տներիցը բեռ մի դուրս բերէք շաբաթ օրը, եւ ոչ մի գործ մի անէք. Իսկ սրբեցէք շաբաթ օրը, ինչպէս որ պատուիրել եմ ձեր հայրերին։
  • 23Բայց նորանք չ’լսեցին եւ իրանց ականջը չ’ծռեցին. Այլ խստացրին իրանց պարանոցը, որ չ’լսեն եւ որ խրատ չ’առնեն։
  • 24Եւ եթէ ուշադրութեամբ ականջ դնէք ինձ, ասում է Տէրը, որ այս քաղաքի դռներիցը ներս բեռ չ’բերէք շաբաթ օրը, եւ որ շաբաթ օրը սրբէք, որ նորանում ոչ մի գործ չ’անէք.
  • 25Այն ժամանակ այս քաղաքի դռներովը կ’մտնեն թագաւորներ եւ իշխաններ, որ կ’նստեն Դաւիթի աթոռի վերայ՝ հեծած կառքերի եւ ձիերի, թէ իրանք եւ թէ իրանց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները. Եւ այս քաղաքը կ’բնակուի յաւիտեան։
  • 26Եւ կ’գան Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի շրջակայքից եւ Բենիամինի երկրիցը, եւ դաշտիցն ու սարիցը, եւ հարաւիցը, եւ կ’բերեն ողջակէզ եւ զոհ եւ հացի ընծայ եւ կնդրուկ, եւ գոհութեան ընծաներ կ’բերեն Տիրոջ տունը։
  • 27Բայց եթէ ինձ չ’լսէք, որ շաբաթ օրը պահէք, որ բեռ վեր չ’առնէք ու բերէք Երուսաղէմի դռներիցը ներս շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ կրակ կ’վառեմ նորա դռներումը, եւ նա կ’ուտէ Երուսաղէմի պալատները եւ չի հանգչուիլ։
← Ցանկ