ԵՐԵՄԻԱ16
  • 1Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
  • 2Քեզ համար կին մի առնիր, եւ քեզ համար տղերք եւ աղջկերք չ’լինեն այստեղ։
  • 3Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այստեղ ծնուած տղերանց եւ աղջկերանց մասին, նաեւ նորանց այս երկրում ծնող մայրերի եւ նորանց ծնող հայրերի մասին.
  • 4Ցաւալի մահերով պիտի մեռնեն նորանք. Նորանց վերայ սուգ չէ լինելու, եւ նորանք չեն թաղուելու, եւ նորանք աղբ պիտի դառնան երկրի երեսին. Եւ սրով ու սովով պիտի սպառուին. Եւ նորանց դիակները կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին։
  • 5Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Սուգի տուն մի մտնիր եւ մի գնար ողբալու, եւ նորանց մի ցաւակցիր. Որովհետեւ ես իմ խաղաղութիւնը, ողորմութիւնը եւ գթութիւնը ետ եմ առել այս ժողովրդիցն ասում է Տէրը։
  • 6Եւ մեծերն ու պզտիկները մեռնելու են այս երկրում եւ չեն թաղուելու. Եւ նորանց համար սուգ չեն անելու, եւ իրանց մարմինները չեն կտրտելու, եւ իրանց մազերը չեն խուզելու։
  • 7Եւ հաց չեն կտորելու սուգի համար մեռելի մասին մխիթարելու պատճառով, եւ նորանց չեն խմեցնելու մխիթարութեան բաժակը, նորա հօր եւ նորա մօր համար։
  • 8Եւ խնջոյքի տուն մի մտնիր, նորանց հետ բնակուելու, ուտելու եւ խմելու համար։
  • 9Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ’դադարեցնեմ այստեղից ձեր աչքի առաջին եւ ձեր օրերումը՝ ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը։
  • 10Եւ երբոր դու ասած կ’լինես այս բոլոր խօսքերը այս ժողովրդին, եւ նորանք քեզ կ’ասեն, Ի՞նչու համար է Տէրն ասում մեր մասին այս բոլոր մեծ չարիքը, եւ ի՞նչ է մեր անօրէնութիւնը, եւ ի՞նչ է մեր մեղքը, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստուծոյ դէմ.
  • 11Եւ դու ասիր նորանց. Նորա համար որ ձեր հայրերն ինձ թողեցին, ասում է Տէրը, եւ գնացին ուրիշ աստուածների ետեւից, եւ ծառայեցին նորանց ու երկրպագեցին նորանց, բայց ինձ թողեցին եւ իմ օրէնքը չ’պահեցին։
  • 12Սակայն դուք աւելի չարութիւն գործեցիք քան թէ ձեր հայրերը, եւ ահա ձեզանից ամեն մէկը գնում է իր չար սրտի կամակորութեան ետեւից, որ ինձ չէ լսում։
  • 13Ես էլ դէն եմ գցում ձեզ այս երկրի երեսիցը մի այնպիսի երկիր, որ դուք չ’գիտէիք եւ ոչ ձեր հայրերը, եւ այնտեղ պիտի ծառայէք ցերեկ եւ գիշեր ուրիշ աստուածների, որովհետեւ ձեզ ողորմութիւն չեմ անելու։
  • 14Սորա համար ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ այլ եւս չի ասուիլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ Իսրայէլի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը,
  • 15Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ հանեց Իսրայէլի որդկանցը հիւսիսի երկրիցը, եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ նորանց աքսորել էր. Եւ ես պիտի ետ դարձնեմ նորանց դէպի իրանց երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին։
  • 16Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու, ասում է Տէրը, եւ նորանք պիտի որսան նորանց. Եւ նորանից յետոյ շատ որսորդներ եմ ուղարկելու, եւ նորանք պիտի բռնեն նորանց ամեն սարի վերայից, եւ ամեն բլրի վերայից եւ վէմերի ծակերից։
  • 18Եւ ես առաջ պիտի նորանց կրկնապատիկ հատուցանեմ նորանց անօրէնութեան եւ նորանց մեղքի փոխարէն. Որովհետեւ նորանք պղծեցին իմ երկիրը, իրանց գարշութիւնների եւ պղծութիւնների դիերովը լցրին իմ ժառանգութիւնը։
  • 19Ով Տէր, իմ զօրութիւնն ու իմ բերդը, եւ իմ ապաստանարանը նեղ օրումը. Ազգերը երկրի ծայրերից քեզ մօտ են գալու եւ ասեն. Միմիայն ստութիւն ժառանգեցին մեր հայրերը՝ ունայնութիւն, եւ այնպէս բաներ որոնց մէջ օգուտ չ’կայ։
  • 20Մի՞թէ մարդս իրան համար աստուածներ շինէ, քանի որ նորանք աստուածներ չեն։
  • 21Սորա համար ահա ես նորանց պիտի իմացնեմ այս անգամ, պիտի իմացնեմ նորանց իմ ձեռքը եւ իմ ոյժը. Եւ պիտի գիտենան, որ իմ անունը Եհովայ է։
← Ցանկ