ԵՐԵՄԻԱ13
  • 1Այսպէս ասեց ինձ Տէրը. Գնա եւ քեզ համար մի քթանի գօտի գնիր եւ նորան մէջքդ կապիր, եւ նորան ջուրը չ’կոխես։
  • 2Եւ ես գնեցի գօտին Տիրոջ խօսքի համեմատ եւ մէջքիս կապեցի։
  • 3Եւ Տիրոջ խօսքն երկրորդ անգամ եղաւ ինձ ասելով.
  • 4Առ քո գնած գօտին որ մէջքիդ է, եւ վեր կաց գնա Եփրատը, եւ թագցրու այնտեղ վէմի ծակումը։
  • 5Եւ ես գնացի ու թագցրի նորան Եփրատի մօտ, ինչպէս որ Տէրն ինձ պատուիրել էր։
  • 6Եւ եղաւ որ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տէրն ինձ ասեց. Վեր կաց գնա Եփրատը եւ վեր առ այնտեղից այն գօտին, որ ես քեզ հրամայեցի թագցնել այնտեղ։
  • 7Եւ ես գնացի Եփրատը եւ քանդեցի եւ վեր առայ գօտին այն տեղից, ուր որ ես նորան թագցրել էի. Բայց ահա գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։
  • 8Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
  • 9Տէրն այսպէս է ասում. Այսպէս պիտի փչացնեմ Յուդայի հպարտութիւնը եւ Երուսաղէմի մեծ հպարտութիւնը։
  • 11Որովհետեւ ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին, այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը, ասում է Տէրը, որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն եւ փառք ու պարծանք. Բայց նորանք չ’լսեցին։
  • 12Եւ ասիր նորանց այս խօսքը. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ամեն տիկ պիտի լցուի գինիով. Բայց նորանք քեզ ասելու են. Մի՞թէ մենք բնաւ չ’գիտէինք, որ ամեն տիկ գինիով կ’լցուի։
  • 13Բայց դու ասիր նորանց. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես պիտի արբածութիւնով լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին եւ այն թագաւորներին, որ նստում են Դաւիթի աթոռի վերայ, եւ քահանաներին ու մարգարէներին, եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին։
  • 14Եւ պիտի կոտրատեմ մէկզմէկով, եւ հայրերին ու որդիներին միասին, ասում է Տէրը. Ոչ պիտի գթամ եւ ոչ խնայեմ, եւ ես չեմ ողորմելու՝ այլ նորանց բնաջինջ եմ անելու։
  • 15Լսեցէք եւ ականջ դրէք, մի հպարտանաք. Որովհետեւ Տէրն է խօսում։
  • 16Փառք տուէք ձեր Տէր Աստուծուն, դեռ չխաւարած, եւ դեռ ձեր ոտքերը մթութեան սարերի վերայ չ’գլորած, եւ դուք կ’սպասէք լոյսի, բայց նա նորան մահուան ստուեր կ’շինէ, եւ թանձր մէգ կ’դարձնէ։
  • 17Բայց եթէ չ’լսէք սորան, իմ հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտութեան համար, եւ պիտի արտասուքով արտասուէ եւ աչքս արտասուք պիտի թափէ. Որովհետեւ Տիրոջ հօտը գերի առնուեցաւ։
  • 18Ասիր թագաւորին եւ թագուհիին. Խոնարհուեցէք, ցած նստեցէք, որովհետեւ իջել է ձեր գլխից ձեր փառքի թագը։
  • 19Հարաւային քաղաքները կղպուեցան եւ բացող չ’կայ, բոլոր Յուդան գերութեան գնաց, ամբողջապէս գերի գնաց։
  • 20Բարձրացրէք ձեր աչքերը եւ տեսէք հիւսիսից եկողներին, ո՞ւր է քեզ տրուած հօտը՝ քո փառքի խաշինքները։
  • 21Ի՞նչ պիտի ասես երբոր քեզ այցելութիւն անէ. Եւ դու ես նորանց սովորեցրել քեզ վերայ գլխաւոր իշխաններ լինելու. Մի՞թէ քեզ ցաւեր չեն բռնելու ծննդական կնկայ նման։
  • 22Եւ եթէ ասես քո սրտումը. Այս բաներն ի՞նչու համար են ինձ հանդիպել. Քո անօրէնութեան շատութիւնիցը բացուեցան քո քղանցքը, բաց եղան քո գարշապարները։
  • 23Մի՞թէ Եթէովպացին կ’փոխէ իր մորթը, կամ ինձը՝ իր խայտուցները, որ դուք էլ կարողանայիք բարութիւն անել, որ սովորած էք չարութիւն անելու։
  • 24Եւ ես նորանց պիտի ցրիւ տամ ինչպէս մղեղ, որ տարվում է անապատի քամիիցը։
  • 25Սա քո վիճակն է՝ քո մասն ու բաժինը իմ կողմից, ասում է Տէրը, որ դու ինձ մոռացար եւ ստութեան ապաւինեցիր։
  • 26Ուրեմն ես էլ վեր հանեցի քո քղանցքը քո երեսի վերայ, եւ երեւեցաւ քո անարգանքը։
  • 27Եւ ես շնութիւնները եւ վրնջիւնները, քո գարշելի պոռնկութիւնը՝ դաշտի բլուրների վերայ տեսել եմ, այսինքն քո պղծութիւնները. Վա՜յ քեզ, Երուսաղէմ. Դու քեզ չես մաքրում. Էլ մինչեւ ե՞րբ։
← Ցանկ