ԵՐԵՄԻԱ12
  • 1Արդար ես դու, ով Տէր, երբոր վիճեմ քեզ հետ. Սակայն իրաւացի բաներ եմ խօսում քեզ հետ. ի՞նչու համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. Հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները։
  • 3Եւ դու, ով Տէր, գիտես ինձ, դու ինձ տեսար եւ քննեցիր իմ սիրտը քեզ մօտ. Ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս, եւ որոշիր նորանց սպանման օրուայ համար։
  • 4Մինչեւ ե՞րբ պիտի սուգ անէ երկիրը, եւ բոլոր դաշտի խոտը չորանայ, նորանում բնակողների չարութեան համար. փչանում են անասունն ու թռչունը, որ նորանք ասում են՝ Նա պիտի չ’տեսնէ մեր վախճանը։
  • 5Եթէ դու հետեւակների հետ վազեցիր եւ նորանք քեզ յոգնեցրին, ապա ի՞նչպէս պիտի մրցէիր ձիերի հետ. Եւ խաղաղութեան երկրի վերայ դու որ ապահով ես, ապա ի՞նչպէս պիտի անէիր Յորդանանը բարձրանալիս։
  • 6Որովհետեւ քո եղբայրներն էլ եւ քո հօր տունն էլ՝ հէնց նորանք էլ նենգութիւն արին քեզ դէմ, հէնց նորանք էլ կանչեցին բարձրաձայն քո ետեւից. դու նորանց մի հաւատար, թէեւ քեզ լաւ բաներ էլ ասեն։
  • 7Ես ձգել եմ իմ տունը, բարձի թողի եմ արել իմ ժառանգութիւնը, իմ հոգիի սիրածը տուի իր թշնամիների ձեռքը։
  • 8Իմ ժառանգութիւնն ինձ համար եղաւ անտառի առիւծին պէս, նա իր ձայնը արձակեց ինձ վերայ. Սորա համար ես ատեցի նորան։
  • 9Իմ ժառանգութիւնը մի գոյնզգոյն թռչուն է եղել ինձ համար, թռչունները յարձակուել են նորա վերայ շուրջանակի. Եկէք հաւաքուեցէք, ով դաշտի բոլոր գազաններ, բերէք որ ուտեն նորան։
  • 10Շատ հովիւներ աւերել են իմ այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. Իմ ցանկալի վիճակը ամայի անապատ դարձրին։
  • 11Նորան անապատ դարձրին, նա սուգ արաւ իմ առաջին իբրեւ անապատ, աւերակ է դարձել բոլոր երկիրը, որովհետեւ մարդ չ’կայ, որ ուշ դարձնէ։
  • 12Անապատումը բոլոր բլուրների վերայ ասպատակներ եկան, որովհետեւ Տիրոջ սուրը ուտում է երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, խաղաղութիւն չ’կայ ոչ մի մարմնի համար։
  • 13Նորանք ցորեն են ցանել, բայց փուշ հնձեցին. Աշխատանք են քաշել, օգուտ չ’տեսան. Եւ դուք պիտի ամաչէք ձեր արդիւնքներիցը Տիրոջ բարկութեան բորբոքման համար։
  • 14Այսպէս է ասում Տէրը իմ չար դրացիների համար, որոնք դպչում են այն ժառանգութեան, որ տուել եմ իմ Իսրայէլ ժողովրդին. Ահա ես նորանց պիտի խլեմ իրանց երկրի երեսիցը, եւ Յուդայի տունը պիտի խլեմ նորանց միջիցը։
  • 15Եւ երբոր ես նորանց խլած կ’լինեմ, յետոյ ետ կ’դառնամ եւ կ’ողորմեմ նորանց, եւ ետ կ’դարձնեմ ամեն մէկին իր ժառանգութեանը, եւ ամեն մարդին՝ իր երկիրը։
  • 16Եւ եթէ նորանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, որ իմ անունովը երդում անեն՝ թէ Կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին Բահաղով երդում անելը, այն ժամանակ պիտի հաստատուին իմ ժողովրդի մէջ։
  • 17Բայց եթէ չ’լսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։
← Ցանկ