ԵՐԵՄԻԱ10
  • 1Լսեցէք այն խօսքը, որ Տէրն ասում է ձեզ, ով Իսրայէլի տուն.
  • 2Այսպէս է ասում Տէրը, Ազգերի ճանապարհները մի սովորէք, եւ երկնքի նշաններիցը մի վախենաք, որովհետեւ նորանցից հեթանոսները կ’վախենան։
  • 3Որովհետեւ ժողովուրդների սովորութիւնները ունայն են. որովհետեւ անտառի փայտ է այն, որ նա կտրել է, արուեստագէտի ձեռքի գործն է՝ կացինով շինուած.
  • 4Արծաթով եւ ոսկիով նորան զարդարում են, բեւեռներով եւ ուռերով պնդացնում են նորան, եւ նա չէ շարժվում։
  • 5Նորանք կոկուած արմաւենիի պէս են եւ չեն խօսիլ. նորանք պէտք է տարուին, որովհետեւ չեն գնալ. Նորանցից մի վախենաք, որովհետեւ չարութիւն չեն անիլ. Բարիք անել էլ չ’կայ նորանց մօտ։
  • 6Բնաւ չ’կայ քեզ նմանը, ով Տէր, դու մեծ ես, եւ մեծ է քո անունը զօրութիւնով։
  • 7Ո՞վ չի վախենալ քեզանից, ով ազգերի Թագաւոր, որովհետեւ քեզ է վայելում. Որովհետեւ ազգերի բոլոր իմաստունների մէջ են նորանց բոլոր թագաւորութիւնների մէջ բնաւ չ’կայ քեզ նմանը։
  • 8Բայց միանգամայն անբան եւ անմիտ են, ունայնութիւնների խրատը փայտ է։
  • 9Թիթեղացրուած արծաթը Թարսիսից է բերվում, եւ ոսկին՝ Ոփազից. Արուեստաւորի եւ ոսկերչի ձեռքի գործքն են. Կապուտակ եւ ծիրանի է նորանց զգեստը, ամենքը վարպետների գործք են։
  • 10Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. Նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։
  • 11Այսպէս ասեցէք նորանց. Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նորանք երկրից եւ երկնքի տակից։
  • 12Նա է ստեղծել երկիրը իր զօրութիւնովը, հաստատել աշխարհքը՝ իր իմաստութիւնովը, եւ իր հանճարովը տարածել՝ երկինքը։
  • 13Նա ձայն տալիս՝ ջրերի բազմութիւն է լինում երկնքումը. Եւ նա վեր է հանում գոլորշիները երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրեւի համար, եւ հողմը հանում է իր շտեմարաններից։
  • 14Անասնացել է ամեն մարդ առանց գիտութեան, պէտք է ամաչի ամեն ոսկերիչ կուռքիցը, որ սուտ է նորա ձուլածը, եւ հոգի չ’կայ նորանցում։
  • 15Ունայնութիւն են նորանք, մոլորութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակ պիտի կորչեն։
  • 16Սորանց պէս չէ Յակոբի Բաժինը. Որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, եւ Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է. Նորա անունը Զօրաց Տէր է։
  • 17Ժողովիր երկրից քո ապրանքները, ով բերդի մէջ բնակող կին։
  • 18Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս անգամ դէն եմ գցելու երկրի բնակիչներին եւ նորանց նեղութեան մէջ եմ դնելու, որ գտնեն։
  • 19Վա՜յ ինձ իմ հարուածի համար, անդարմանելի է իմ վէրքը. Եւ ես ասեցի՝ Արդարեւ սա իմ ցաւն է, եւ ես պէտք է տանեմ նորան։
  • 20Իմ վրանը կործանուեցաւ եւ ամեն չուաններս կտրտուեցան, իմ որդիքն ինձանից յառաջ եկան եւ չ’կան. Այլ եւս իմ վրանը կանգնեցնող չ’կայ եւ ոչ էլ՝ իմ վարագոյրներն դնող։
  • 21Որովհետեւ անասնացել են հովիւները եւ Տիրոջը չեն խնդրում. Դորա համար նորանք անխոհեմացան, եւ նորանց բոլոր հօտը ցրուեցաւ։
  • 22Լուրի ձայն կայ, ահա գալիս է, եւ մեծ դղրդոց հիւսիսի երկրիցը. Որ Յուդայի քաղաքներն աւերակ շինէ՝ այսինքն չագալների բնակարան։
  • 23Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։
  • 24Ով Տէր, ինձ խրատիր, բայց իրաւունքով. Ոչ թէ քո բարկութեամբը, որ մի գուցէ ինձ սպառեցնես։
  • 25Թափիր քո ցասումն այն ազգերի վերայ, որ քեզ չեն ճանաչում, եւ այն ցեղերի վերայ, որոնք քո անունը չեն կանչում, որովհետեւ կերան Յակոբին, եւ կերան ու վերջացրին նորան, եւ նորա բնակութիւնը աւերակ դարձրին։
← Ցանկ