ԵՍԱՅԻԱ7
  • 2Եւ Դաւիթի տանը լուր տրուեցաւ ասելով թէ Ասորին բանակ է կազմել Եփրեմի հետ. Այն ժամանակ դողաց նորա սիրտը եւ նորա ժողովրդի սիրտը ինչպէս որ անտառի ծառերը դողում են քամիիցը։
  • 3Եւ Տէրն ասեց Եսայիային. Գնա մէկ Աքազին դիմաւորելու՝ դու եւ քո որդին Սէար-յասուբը՝ վերի աւազանի ջրմուղի ծայրը, թափիչի ագարակի ճանապարհի վերայ.
  • 4Եւ ասիր նորան. Զգոյշ եղիր որ հանդարտ լինիս, մի վախենար եւ սիրտդ չ’թուլանայ այս երկու ծուխ անող կիսայրեաց խանձողներից, բարկութիւնը բորբոքուած Ռասինից եւ Ասորեցիներից եւ Ռովմելայի որդիիցը։
  • 5Որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել, նաեւ Եփրեմն ու Ռովմելայի որդին, ասելով.
  • 6Վեր գնանք Յուդայի վերայ եւ ահաբեկ անենք նորան եւ նուաճենք նորան մեզ համար, եւ նորա մէջ թագաւոր դնենք Տաբէելի որդիին։
  • 7Այսպէս է ասում Եհովայ Տէրը. Պիտի չ’հաստատուի եւ չ’կատարուի այդ։
  • 8Որովհետեւ Ասորիների գլուխը Դամասկոսն է, եւ Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. Եւ դեռ մինչեւ վաթսունեւհինգ տարին Եփրեմը կ’ջնջուի ազգ լինելուց։
  • 9Եւ Եփրեմի գլուխն է Սամարիան, եւ Սամարիայի գլուխը՝ Ռովմելայի որդին. եթէ չ’հաւատաք, յիրաւի չէք մնալ։
  • 10Եւ Տէրը դարձեալ խօսեց Աքազի հետ ասելով.
  • 11Մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովայ Աստուածանից, կամ խոր անդունդումը, կամ վեր բարձունքումը։
  • 12Բայց Աքազն ասեց. Չեմ խնդրիլ, եւ Տիրոջը չեմ փորձիլ։
  • 13Նա էլ ասեց. Հիմա լսեցէք, ով Դաւիթի տունը, սա քի՞չ բան է ձեզ համար որ մարդկանց աշխատութիւն էք տալիս, որ Աստուծուն էլ էք աշխատութիւն տալիս.
  • 14Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ. ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ։
  • 15Նա կոգի եւ մեղր կ’ուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել։
  • 16Որովհետեւ մանուկը չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կ’թողուի այն երկիրը որոնց երկու թագաւորների առաջը դու վախենում ես։
  • 17Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. Այսինքն Ասորեստանի թագաւորին։
  • 18Եւ կ’լինի այն օրը, որ Տէրը կ’սուլէ այն ճանճերին, որ Եգիպտոսի գետի եզերքումն են. Եւ այն մեղուներին որ Ասորեստանի երկրումն են.
  • 19Եւ ամենքը կ’գան եւ կ’հանգչեն ամայի ձորերումը եւ վէմերի խոռոչներումը, եւ ամեն թուփերում եւ ամեն արօտներում։
  • 20Այն օրը Տէրը վարձած ածելիով՝ գետի այն կողմի Ասորեստանի թագաւորով կ’ածիլէ գլուխը եւ ոտքերի մազը, ու նաեւ մօրուքը կ’սափրէ։
  • 21Եւ այն օրը կ’լինի որ մէկ մարդ մէկ երինջ եւ երկու ոչխար կ’պահէ։
  • 22Եւ կ’լինի որ կաթը շատ շինելուց կոգի կ’ուտէ. Որովհետեւ կոգի եւ մեղր կ’ուտեն ամենքը որ մնացած կ’լինին երկրի մէջ։
  • 23Եւ այն օրը կ’լինի, որ ամեն մի տեղ ուր որ կար հազար որթ հազար արծաթի, ցախ եւ փուշ դարձած կ’լինի։
  • 24Նետերով ու աղեղներով կ’գնան այնտեղ, որովհետեւ բոլոր երկիրը ցախեր ու փուշեր դարձած կ’լինի։
  • 25Եւ բոլոր սարերը, որ բրիչով փորվում էին, չես կարողանալ գնալ այնտեղ՝ ցախի ու փուշի երկիւղի պատճառով. Եւ արջառների արօտ եւ խաշինքների կոխան կ’դառնայ։
← Ցանկ