ԵՍԱՅԻԱ65
  • 1Ես որոնուեցի նորանցից, որ չէին հարցնում. Ես գտնուեցայ նորանցից, որ ինձ չէին խնդրում. Եւ ասեցի. Ահա ես, ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչել։
  • 2Ես տարածեցի իմ ձեռքերը ամեն օր դէպի մի ապստամբ ժողովուրդ, որոնք գնում են մի այնպիսի ճանապարհով որ լաւ չէ, իրանց խորհուրդների ետեւից.
  • 3Մի այնպիսի ժողովուրդ, որ ինձ բարկացնում են միշտ իմ առաջին, որոնք զոհում են այգիներում, եւ խունկ են ծխում աղիւսների վերայ.
  • 4Որոնք բնակվում են գերեզմաններում, եւ գաղտուկ տեղերում օթեւանում, որոնք խոզի միս են ուտում, եւ որոնց ամանների մէջ պղծութիւններ կան փրթուած.
  • 5Որոնք ասում են՝ Մէկ կողմ քաշուիր, ինձ մի դիպչիր, որ ես քեզանից սուրբ եմ։ Սորանք ծուխ են իմ ռնգաց մէջ, բորբոքած կրակ են ամեն օր։
  • 6Ահա գրուած է իմ առաջին, չ’պիտի լռեմ, այլ պիտի հատուցանեմ, եւ հատուցանեմ նորանց ծոցը.
  • 7Ձեր անօրէնութիւնները եւ ձեր հայրերի անօրէնութիւնները մէկտեղ, ասում է Տէրը, որոնք խունկ ծխեցին սարերի վերայ, եւ բլուրների վերայ անարգեցին ինձ, եւ ես ետ պիտի չափեմ իրանց առաջի գործն իրանց առաջին։
  • 8Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս քաղցու է գտնվում ողկոյզի մէջ, եւ ասում են. Դորան մի փչացնիր, որովհետեւ օրհնութիւն կայ միջումը, նոյնպէս եմ անելու ես էլ իմ ծառաների համար, որպէս զի ամենքին չ’փչացնեմ։
  • 9Եւ Յակոբիցը սերունդ՝ եւ Յուդայից իմ սարերի մի ժառանգ պիտի հանեմ, եւ իմ ընտրեալները պիտի ժառանգեն այն, եւ իմ ծառաները՝ այնտեղ պիտի բնակուեն։
  • 10Եւ Սարօնը պիտի հօտերի փարախ լինի եւ Աքովրի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որ ինձ խնդրելու է։
  • 11Բայց դուք Տիրոջը թողողներ էք, իմ սուրբ սարը՝ մոռացողներ, Գադ կուռքին սեղան պատրաստողներ, եւ Մենի կուռքին նուէր լցնողներ էք։
  • 13Նորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք։
  • 14Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ սրտաբեկութիւնից պիտի ոռնաք։
  • 15Եւ ձեր անունը պիտի թողէք իբրեւ անէծք իմ ընտրեալների համար, եւ Տէր Եհովան քեզ պիտի մեռցնէ, բայց իր ծառաներին պիտի մի ուրիշ անուն կանչէ։
  • 16Որ երկրի վերայ օրհնուողը պիտի օրհնուի ճշմարիտ Աստուծով, եւ երկրի վերայ երդում անողը՝ երդում անէ ճշմարիտ Աստուծով, որովհետեւ այն առաջի նեղութիւնները մոռացուեցան, եւ նորանք ծածկուած են իմ աչքի առաջից։
  • 17Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։
  • 18Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահ ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն։
  • 19Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. Եւ այլ եւս պիտի չ’լսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն։
  • 20Եւ այլ եւս պիտի չ’լինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չ’լինի. Որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի, եւ հարիւր տարուան մեղաւորը պիտի անիծուի։
  • 21Եւ տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։
  • 22նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. Որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։
  • 23Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար. Որովհետեւ նորանք Տիրոջ օրհնեալների սերունդը կ’լինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ։
  • 24Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չ’կանչած՝ ես կ’պատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կ’լսեմ։
  • 25Գայլը եւ գառը միասին կ’արածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կ’ուտէ. Եւ օձի կերակուրը հող է լինելու։ նորանք պիտի չ’վնասեն եւ չ’ապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը։
← Ցանկ