ԵՍԱՅԻԱ63
  • 1Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմիցը, հանդերձները կարմրացած՝ Բօսրայից. Սա՝ որ փառաւորուած է իր հագուստովը, եւ ծածանվում է իր շատ զօրութեան մէջ։ Ես, որ խօսում եմ արդարութիւնով եւ կարող եմ փրկելու։
  • 2Ի՞նչու համար կարմիր է քո հագուստը, եւ քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պէս։
  • 3Հնձանը ես մինակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չ’կար ինձ հետ. Եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը, եւ ոտնահարեցի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իմ հանդերձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի։
  • 4Որովհետեւ վրէժխնդրութեան օր կար իմ սրտումը, եւ իմ փրկուածների տարին եկել էր։
  • 5Եւ ես նայեցի, բայց օգնող չ’կար, եւ ակնկառոյց մտիկ տուի, բայց ձեռք բռնող չ’կար եւ ինձ օգնեց իմ բազուկը, եւ իմ բարկութիւնն էր ինձ ձեռք բռնողը։
  • 6Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։
  • 7Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը։
  • 8Եւ նա ասեց. Նորանք հէնց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիք, որոնք չեն ստել. Եւ նա նորանց փրկիչը եղաւ։
  • 9Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. Եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։
  • 10Բայց նորանք ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին, նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ։
  • 11Եւ նա հին օրերը, Մովսէսին եւ իր ժողովրդին յիշեց. Ո՞ւր է նա, որ վեր հանեց նորանց ծովիցն իր հօտի հովիւովը. ո՞ւր է նա, որ նորանց միջումը դրաւ իր սուրբ հոգին.
  • 12Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ.
  • 13Որ նորանց անցկացրեց անդունդներով, որոնք չ’սահեցին՝ ինչպէս որ ձին անապատումը։
  • 14Ինչպէս որ անասունը իջնում է հովիտումը. Տիրոջ հոգին նորան հանգստացրեց. Նոյնպէս էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որ քեզ համար փառաւոր անուն շինես։
  • 15Նայիր երկնքիցը՝ եւ տես քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. Ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում։
  • 16Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չ’գիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. Դու ես մեր Հայրը, ով Տէր, վաղուց ’ի վեր քո անունը մեր Փրկիչ է։
  • 17Ի՞նչու համար դու մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. խստացնում մեր սրտերը, որ քեզանից չ’վախենանք. Ետ դարձիր քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար։
  • 18Քիչ ժամանակ ժառանգեց քո սրբութեան ժողովուրդը. մեր թշնամիները ոտնակոխ արին քո սրբարանը։
  • 19Մենք եղել ենք այնպէս որ իբր թէ դու յաւիտեան չես տիրել մեզ վերայ, որոնց վերայ կոչուած չէ եղել քո անունը։
← Ցանկ