ԵՍԱՅԻԱ61
  • 1Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում.
  • 2Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար.
  • 3Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
  • 4Եւ նորանք պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները, դարէ ցդար ամայի մնացած տեղերը։
  • 5Եւ օտարականները պիտի կանգնեն եւ ձեր հօտերը հովուեն. Եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն։
  • 6Եւ դուք պիտի Տիրոջ քահանաները կոչուիք, «Մեր Աստուծոյ պաշտօնեաներ» են ասելու ձեզ. ազգերի հարստութիւնը պիտի ուտէք, եւ նորանց փառքովը պանծաք։
  • 7Ձեր ամօթի փոխարէն կրկնապատիկ ուրախութիւն, եւ անարգանքի փոխարէն պիտի ցնծան իրանց բաժնի վերայ, սորա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրանց երկրումը, յաւիտենական ուրախութիւն են ունենալու նորանք։
  • 8Որովհետեւ ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը, եւ պիտի տամ նորանց գործերի վարձքը հաւատարմութիւնով, եւ նորանց հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ։
  • 9Եւ պիտի ճանաչուին ազգերի մէջ նորանց սերունդը, եւ նորանց զաւակունքը ժողովուրդների մէջ. Բոլոր նորանց տեսնողները պիտի գիտենան թէ նորանք Տիրոջ օրհնած սերունդն են։
  • 10Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։
  • 11Որովհետեւ ինչպէս որ երկիրը բուսցնում է իր տունկը, եւ ինչպէս որ պարտէզը ծլիլ է տալիս իր մէջ սերմուածը, այսպէս էլ Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին։
← Ցանկ