ԵՍԱՅԻԱ5
- 1Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը իր այգիի մասին։ Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին։
- 2Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ։
- 3Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ։
- 4Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. Ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. Եւ նա ազոխ բերաւ։
- 5Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նորա ցանգը, որ լինի արօտատեղ. Ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ։
- 6Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չ’յօտուի եւ չ’բրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. Եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չ’տեղան։
- 7Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, եւ Յուդայի տունը՝ նորա ախորժելի տունկը. Եւ նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան՝ եւ ահա աղաղակ։
- 8Վա՜յ նորանց որ տունը տան են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ։
- 9Իմ ականջներին ասեց Զօրաց Տէրը, Անշուշտ շատ տներ աւերակ են դառնալու, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։
- 10Որովհետեւ տասը լծավար այգին մէկ մար պիտի տայ, եւ մէկ քոռ սերմը մէկ արդու պիտի տայ։
- 11Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. Ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։
- 12Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. Բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում։
- 13Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. Եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։
- 14Նորա համար դժոխքը կ’լայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կ’բանայ, եւ նորա մէջ կ’իջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը։
- 15Եւ ռամիկ մարդը կ’խոնարհուի, եւ տղամարդը վայր կ’ընկնի, եւ ամբարտաւանների աչքերը կ’ցածանան։
- 16Եւ Զօրաց Տէրը կ’բարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կ’սրբուի արդարութիւնով։
- 17Եւ ոչխարները կ’արածեն իրանց արօտումը, եւ հարուստներից մնացած աւերակները օտարները կ’ուտեն։
- 18Վա՜յ նորանց որ քաշում են անօրէնութիւնը ունայնութեան չուաններով, եւ մեղքը՝ իբր թէ սայլի թոկերով.
- 19Որոնք ասում են. Թող շտապէ, շուտով անէ իր գործը, որ տեսնենք, եւ թող մօտենայ ու գայ Իսրայէլի Սուրբի խորհուրդը, որ գիտենանք։
- 20Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։
- 21Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։
- 22Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում.
- 23Որ արդարացնում են ամբարշտին կաշառքի համար, բայց արդարների արդարութիւնը հեռանում է նորանցից։
- 24Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. Որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։
- 25Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ սարերը դողում են. Եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
- 26Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ սուլելու է նորանց երկրի ծայրիցը, եւ ահա նորանք շուտով հեշտութեամբ գալիս են։
- 27Յոգնածը չ’կայ, եւ սահողը չ’կայ նորանցում. Մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում։
- 28Որի նետերը սրուած են, եւ բոլոր աղեղները՝ լարուած, ձիանցը սմբակները համարեա թէ գայլախազ են, եւ անիւները՝ մրրկի նման։
- 29նորա մռնչիւնը առիւծի նման է. Գոռում է կորիւնների պէս. Եւ բղավում ու յափշտակում է կողոպուտը, եւ փախցնում, եւ ազատող չ’կայ։
- 30Եւ այն օրը պիտի գոռան նորա վերայ ծովի գոռալուն պէս. Եւ նա դէպի երկիրը մտիկ կ’տայ, եւ ահա խաւար է եւ տագնապ. Բայց լոյսը խաւարել է նորա երկնքի վերայ։