ԵՍԱՅԻԱ3
  • 1Որովհետեւ ահա Զօրաց Եհովայ Տէրը հեռացնելու է Երուսաղէմից եւ Յուդայից գաւազանն ու ցուպը, հացի բոլոր նեցուկը, եւ ջրի բոլոր նեցուկը,
  • 2Քաջին եւ պատերազմական մարդին, դատաւորին ու մարգարէին, եւ գուշակողին ու ծերին,
  • 3Յիսնապետին ու պատուաւորին, եւ խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին։
  • 4Եւ ես նորանց վերայ երիտասարդներ պիտի իշխան դնեմ, եւ մանուկները պիտի իշխեն նորանց վերայ։
  • 5Եւ պիտի հարստահարուի ժողովուրդն իրարից, եւ ամեն մէկն իր ընկերիցը. Եւ երեխաները պիտի գոռոզանան ծերերի դէմ, եւ անարգները՝ պատուաւորների դէմ։
  • 6Այն ժամանակ մարդ կ’բռնէ իր եղբօրը իր հօր տանը մէջ ասելով. Դու հանդերձ ունիս, մեզ վերայ իշխան եղիր, եւ այս աւերակը քո ձեռքի տակին լինի։
  • 7Իսկ նա բարձրաձայն կ’ասէ այն օրը. Ես բժշկող չեմ լինիլ, եւ տանս հաց չ’կայ եւ հանդերձ չ’կայ. Ինձ իշխան մի դնէք ժողովրդի վերայ։
  • 8Որովհետեւ Երուսաղէմը սասանուել է եւ Յուդան՝ ընկել. Որովհետեւ նորանց լեզուներն ու գործերը Տիրոջ դէմ է, որ հակառակեն նորա փառաց աչքերին։
  • 9նորանց երեսի տեսքը վկայում է իրանց դէմ. Եւ իրանց մեղքերը հրատարակում են Սոդոմի պէս, չեն ծածկում. Վա՜յ նորանց անձին, որ իրանց չարիք են հատուցանում։
  • 10Ասեցէք արդարին, որ նորա բանը լաւ է. Որովհետեւ իրանց գործերի պտուղն են ուտելու։
  • 11Վա՜յ անզգամին, նորա բանը չար է, որովհետեւ իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրան։
  • 12Իմ ժողովրդի վերայ բռնացողները երեխաներ են, եւ կնիկներ են իշխում նորա վերայ. Ով իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցուցիչներ են, եւ նորանք քո շաւիղների ճանապարհը խանգարել են։
  • 14Տէրը դատի է մտնում իր ժողովրդի ծերերի եւ նորա իշխանների հետ. Որ դուք այրել էք այգին. Աղքատից կողոպտուածը ձեր տներումն է։
  • 15Ի՞նչ է եղել ձեզ, որ փշրում էք իմ ժողովրդին, եւ տնանկների երեսը ջարդում, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
  • 16Եւ Տէրն ասեց. Որովհետեւ հպարտացել են Սիօնի աղջիկները, եւ վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են. Գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում.
  • 17Եւ Տէրն էլ կ’կնտացնէ Սիօնի աղջկերանց գագաթը, եւ Տէրը կ’մերկացնէ նորանց ամօթոյքը։
  • 18Այն օրը Տէրը կ’հեռացնէ ոտնապարանջանների փառքը, ցանցակերպ ճակատանոցները եւ մահիկները,
  • 19Գինդերը, ապարանջանները եւ շղաշատեռները,
  • 20Ապարօշները, ոտքի շղթայիկները եւ գօտիները, բուրալից տուփերը, հմայեակները,
  • 21Մատանիները եւ քթի օղակները,
  • 22Պատմուճանները եւ կշտապանակները, վերարկուները եւ քսակները.
  • 23Հայելիները եւ բեհեզները, խոյրերը եւ քօղերը։
  • 24Եւ խնկեղէնների փոխարէն կ’լինի փտութիւն, եւ գօտիի տեղ՝ չուան, եւ հիւսուած խոպոպիկի տեղ՝ կնտութիւն. Եւ լանջագեղ կամարի տեղ՝ քրձեայ գօտի, գեղեցկութեան տեղ՝ խարան։
  • 25Քո մարդիկը սրով պիտի ընկնեն, եւ քո քաջերը՝ պատերազմով.
  • 26Եւ նորա դռները պիտի ողբան ու սուգ բռնեն, եւ նա ամայացած պիտի նստէ տափին։
← Ցանկ