ԵՍԱՅԻԱ17
- 1Դամասկոսի պատգամը։ Ահա Դամասկոսը դադարում է քաղաք լինելուց, եւ պիտի դառնայ փլատակների շեղջ։
- 2Թողուած ձգուած են Արոերի քաղաքները. Նորանք հօտերինն են դառնալու, որ նորանք մակաղ տան եւ վախեցնող չ’լինի։
- 3Եւ նա վեր է առնում Եփրեմից պարիսպը, եւ թագաւորութիւնը՝ Դամասկոսից եւ Ասորիների մնացորդիցը. Իսրայէլի որդկանց փառքի պէս պիտի լինեն, ասում է Զօրաց Տէրը։
- 4Եւ այն օրը կ’լինի, որ պիտի պակասէ Յակոբի փառքը, եւ նորա մարմնի պարարտութիւնը պիտի նիհարանայ։
- 5Եւ կ’լինի ինչպէս որ հնձողը ցորենը հնձում է, եւ նորա բազուկը հնձում է հասկերը. Եւ հասկեր ժողովելու պէս է լինելու Ռափայնոց հովիտումը։
- 6Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը։
- 7Այն օրը մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին։
- 8Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։
- 9Այն օրը նորա ամուր քաղաքներն անտառների եւ լեռնագագաթների աւերակներ պիտի լինեն, որ թողեցին Իսրայէլի որդկանց առաջին եւ անապատ է դառնալու։
- 10Որովհետեւ դու մոռացել ես քո փրկութեան Աստուծուն. Եւ քո զօրութեան Վէմին չես յիշել. Նորա համար հաճելի տունկեր էին տնկում, եւ օտար որթի ճիւղեր էին տնկում։
- 11Տնկած օրդ նորան ցանկապատեցիր, եւ առաւօտանց բուսցրիր քո ցանածը. դա մի հունձքի դէզ է վէրքի օրումը, եւ սաստիկ ցաւ՝՝։
- 12Վա՜յ շատ ժողովուրդների բազմութեանը, որ գոռում են ծովերի գոռումի պէս, եւ ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պէս։
- 13Ազգերը շատ ջրերի աղմուկի պէս աղմուկ են հանում, բայց նա նորան յանդիմանելու է, որ նա էլ հեռու փախչէ, եւ հալածուի սարերի մղեղին պէս քամիի առաջից, եւ ինչպէս փոշին՝ մրրկի առաջից։
- 14Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել։ Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը։